Ինչպե՞ս կընդունես ամուսնուդ՝ չափազանց մաքրասեր եւ բծախնդիր, կամ էլ հակառակը` թափթփված, անպատասխանատու եւ խաղամոլ լինելը, կդիմանա՞ս, թե՞ կամուսնալուծվես: Երեկ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում Սոս Ջանիբեկյանը և Արման Նշանյանը հանդիսատեսին ցույց տվեցին՝ ինչպես են երկու տարբեր տղամարդիկ տանում ամուսնալուծությունը: 

Մի քանի տարի դադարից հետո Նիլ Սայմոնի «Կենտ զույգը» ներկայացումը կրկին բեմում է, դերասանական կազմում ոչինչ չի փոխվել՝ Սոս Ջանիբեկյան, Արման Նշանյան, Ստեփան Ղամբարյան, Լեռնիկ Հարությունյան, Գագիկ Սուքիասյան, Լուսինե Հայրապետյան, Մարիամ Հայրապետյան: BlogNews.am-ը ներկայացնում է ներկայացման հետաքրքիր կադրերը: 

«Առհասարակ, Նիլ Սայմոնի ստեղծագործությունները շատ մեծ հաջողություններ են ունենում, հեղինակը Պուլիցերիական և Թոնիի մրցանակի է արժանացել: Նրա հանճարեղությունը կոմեդիայի մեջ իրականությունը գտնելն է: Սյուժեն այնքան ճիշտ է գրվում, որ դու ինքդ քեզ վրա սկսում ես ծիծաղել և սովորել քո սխալների վրա»,- նշում է բեմադրիչ, դերասան Արման Նշանյանը:

«Մենք այս դադարը վերցրինք, քանի որ բոլորս էլ զբաղված էինք այլ գործերով. ես գնացել էի ԱՄՆ՝ «Վրիժառու» ֆիլմում նկարահանվելու, իսկ Սոսը «Դոմինոում» էր նկարահանվում: Ուզում եմ՝ մարդիկ հասկանան, որ սա շոու չէ, այլ ունի ուսուցողական կողմեր և տարբերվում է մնացած ժանրերից: Սա երկու կեսերի մասին է՝ սև և սպիտակ, կողմեր, որ մեր բոլորի մեջ կան»,- եզրափակեց Արմանը։

Հանդիսատեսի շարքում նստած էր նաև Արման Նշանյանի կինը, և ինչպես նա է նշում, շատ անգամներ է նայել ներկայացումը. «Ամեն անգամ շատ հետաքրքիր է, շատ տպավորված եմ: Ես ավելի շատ սիրում եմ ներկայացման առաջին հատվածը, որովհետև առաջին մասում բոլոր դերասանները ներգրաված են»: Խոսելով Արմանի և իր կերպարի նմանությունների մասին՝ Վիկան նշեց. «Ինձ թվում է` նրա կերպարը շատ տղամարդկանց հետ ինչ-որ ընդհանրություններ ունի, բոլորի մեջ էլ մի քիչ Ֆելիքս կա: Արմանը կյանքում էլ է բավականին բծախնդիր, ինչպես իր կերպարը»:

«Կարծում եմ՝ այս անգամ ավելի հմտացած ենք ներկայանում, ավելի կոփված: Ժամանակին մի քիչ ուրիշ էր մոտեցումը, հիմա ավելի շատ ենք սովորել մեր սխալների վրա, որի արդյունքում կառուցել ենք նոր ներկայացում»,-նշում է Ստեփան Ղամբարյանը, ով այս ներկայացմանն անհամբեր էր սպասում: 

Այն հարցին՝ արդյոք չկա՞ր մտավախություն, որ գուցե տարիների անց նույն այն հաջողությունը չունենա, Ստեփանը պատասխանեց. «Գիտեք, ոչ, առհասարակ չեմ մտածել այդ մասին։ Հակառակը, ես առաջին գծում եմ եղել, առաջին պահանջողներից եմ եղել, որ ներկայացումը կրկին վերականգնենք»:

Իր և իր կերպարի ընդհանրությունների մասին խոսելով՝ Ստեփանը նշեց. «Ե՛վ կան, և՛ չկան, մոտեցումներն են մի քիչ տարբեր, բայց ես կերպարն այնքան եմ սիրել, այնքան ինձ հարազատ է, որ թվում է՝ այն, ինչ կերպարից է բխում, ինձնից է բխում, մտել եմ այդ ամենի մեջ: Սա իմ համար շատ սիրելի դեր է և ներկայացում, այս ներկայացմանը իսկապես անհամբեր սպասել եմ և շատ ուրախ եմ, որ կրկին խաղում եմ, կրկին բեմում ենք, և ես վստահ եմ, որ ամբողջ տարին մենք մեծ հաղթարշավ կունենանք Հայաստանի ամբողջ տարածքում»: 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել