Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը  շնորհավորական ուղերձ է հղել Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ:

Շնորհավորում եմ մեր քաջ զինվորներին, սպաներին, գեներալներին, ովքեր իրենց ամենօրյա անձնվեր ծառայությամբ պաշտպանում են մեր երկրի ու ժողովրդի անվտանգությունը, բոլոր նրանց, ովքեր օրհասական պահին կանգնում են սահմանը պահող զինվորի կողքին և իրենց անգնահատելի մասնակցությունը բերում հայրենիքի պաշտպանության գործին:

Այսօր տոն է մեր ողջ ժողովրդի համար, քանի որ, ինչպես բազմիցս ենք նշել, մեր երկիրը մենք պաշտպանում ենք բոլորս միասին՝ շինարարն ու բժիշկը, մանկավարժն ու բարերարը, հեռավոր գյուղի բնակիչն ու սփյուռքահայ դպրոցականը: Ապրիլյան քառօրյա պատերազմը կրկին ապացուցեց այդ անհերքելի ճշմարտությունը: Հայրենիքը երախտապարտ է իր նվիրյալներին:

Թանկագի՛ն բարեկամներ,
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք, մեր զինվորներին` ամուր ոգի եւ անփորձանք ծառայություն»: 
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել