Բրիտանական «Գարդիան» (The Guardian) օրաթերթի պաշտոնական կայքն իր հոդվածներից մեկում անդրադարձել է Երևանին, քաղաքի բնակչությանն ու նրանց սովորույթներին: Հոդվածում գրված է. 

«Գրեթե յուրաքանչյուր նրբանցքի բակերում կարող եք գտնել պապիկների մի խումբ, որոնք շարունակ նարդի են խաղում տաղավարներում և «բամբասում են» քաղաքականությունից: Զառերի համահունչ ձայնը, լվացքի պարանները, մրգերի և բանջարեղենի անուշ բույրը նկարագրված են անգամ Վասիլի Գրոսմանի՝ Երևանի վերաբերյալ 1962 թվականին ստեղծած նկարչական գրքում: Վերջինս Երևանը ներկայացնում է որպես ապրող օրգանիզմ:

Ինչքա՞ն կանաչ է քաղաքը

Տասնամյակների ընթացքում Երևանի կանաչապատ այգիները գնալով վերածվել են սրճարանների, առևտրի կենտրոնների: 2012 թ. քաղաքի բնակիչները դուրս եկան իշխանությունների դեմ՝ պաշտպանելու համար հանրային զբոսայգիներից մեկի ոչնչացումը և վիճահարույց կերպով, բայց հաղթանակ տարան: Չնայած որ լուրեր են պտտվում վերամշակման գործարաններ բացելու և անտառավտանգման դեմ նախաձեռնության մասին, որը կկոչվի Armenia Tree Project, միևնույն է, կանաչապատումը դեռ այն աստիճանի հասած չէ, ինչպիսին պատկերացնում էին դրա համար պայքարող քաղաքացիները:

Չնայած քաղաքի՝ հեծանվային ուղիների բացակայությանը՝ հեծանիվներ օգտագործողների թիվը գնալով մեծանում է: Սակայն միևնույն ժամանակ տաքսիներն այնքան շատ են, որ մարդիկ հիմնականում դրանից և սովետական ժամանակաշրջանի մետրոյից են օգտվում:

 

Լավագույն կառույցը

Հիմնված լինելով 1983 թ.՝ Երևանի ճարտարապետական զարդը համարվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Այն սովետական ժամանակաշրջանում կառուցված հսկայական աստղանավի տեսք ունի: Նախագծված լինելով մի խումբ հայ ճարտարապետների կողմից՝ համալիրը 1000 նստատեղից բաղկացած բեմահարթակ ունի, որը կապում է երկու դահլիճներն իրար:

Այս նախագծի համար ճարտարապետները 1987 թ. արժանացել են ԽՍՀՄ մրցանակի, որն իր տեսակում լավագույնն էր: Անվանված լինելով Սովետական Հայաստանի նախկին առաջին քարտուղարի անունով՝ դահլիճում ելույթ են ունենում և՛ հայ, և՛ օտարազգի արտիստներ, ներառյալ Deep Purple խումբը, որը հանդես եկավ համերգային ծրագրով 2010թ., և ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրը:

 

Ամենաանհաջող կառույցը

Հանրապետության հրապարակին կից գտնվող այգում գտնվում է Երևան Էլիտ Պլազան, որը բացվել է 2013 թ. և համարվում է ողջ Կովկասի խոշորագույն բիզնես կենտրոնը: Դրա առանձնահատուկ ոճը, ըստ քաղաքացիների, ստիպում է քաղաքին կորցնել իր պատմական տեսքը:

Այս քաղաքը 29 տարով ավելի մեծ է Հռոմից և դարեր շարունակ օրինակ է ծառայել մնացած քաղաքների համար, սակայն վերջին տարիներին կատարվող շինարարական բումի պատճառով հաստատ այդպես չեք ասի:

 

Ի՞նչով է Երևանն առավել մնացած քաղաքներից

Երևանն այն վայրն է, որտեղ չափազանց հեշտ է կապեր հաստատել և նոր մարդկանց հետ շփվել: Այն փոքրիկ է, իսկ հայերը բնատուր հյուրասեր մարդիկ են, այդ իսկ պատճառով բարում ընդամենը մի քանի րոպե է հարկավոր անծանոթներից ընկերներ դառնալու և միասին «խմելու» համար:

 

Լավագույն վայրը

ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը ամենահետաքրքիր վայրն է դարձել քաղաքում հիմնադրման հենց օրից՝ 2011 թ: Նորաձև կահավորված տարածքը՝ 450 համակարգչային աշխատասեղաններով, տեխնոլոգիաներով հագեցած լաբորատորիաներով, յուրաքանչյուր տարի հազարավոր երիտասարդների հնարավորություն է տալիս հմտություններ զարգացնելու դիզայնի, ռոբոտիկայի, անիմացիայի, կինոստեղծման, վեբ ծրագրավորման ոլորտներում:

Կենտրոնը, որտեղ անդամավճար չի գործում, մասնաճյուղեր է բացել երկրի այլ քաղաքներում ևս, և վերջերս սկսել է համագործակցել Սմիթսոնյանի հետ՝ Հայաստանում մշակութային տուրիզմը զարգացնելու համար:

 

«Տեղական» տաղանդ

Նարեկ Մարգարյան և Սերգեյ Սարգսյան դուետը «Արմքոմեդի» հաղորդաշարի հեղինակներն են: Այն քաղաքական սատիրայի վրա է հիմնված, ցուցադրվում է և՛ հեռուստաեթերով, և՛ յութուբյան ալիք ունի:

Միահյուսելով քաղաքական ոլորտի նորությունները հաղորդավարների խայթող, սոցիալական մեկնաբանություններին՝ «Արմքոմեդին» դարձել է Հայաստանի  քաղաքական սատիրա ներկայացնող թիվ մեկ հաղորդումը: Այն անգամ գնահատվել է ամերիկացի հայտնի հաղորդավար Քոնան Օ Բրայանի կողմից:

 

Նորաձևությունը

Սովետական Միության փլուզումից հետո երևանաբնակների ոճը ֆորմալ, սևից դանդաղորեն փոխվեց դեպի ավելի գունավոր, ինքնարտահայտող ոճի: Փողոցում քայլելիս տեսնում ես, որ կանանց գրեթե կեսը բարձրակրունկ կոշիկներ է կրում, իսկ մյուս կեսը՝ սպորտային, հարմարավետ սնիքերներ:

Ամենաանտեսված վայրը

Գտնվելով Մաշտոցի պողոտայում՝ քաղաքի կենտրոնական գծի վրա, Կապույտ մզկիթը այնպիսի մի կառույց է, որը և՛ քաղաքացիները, և՛ այցելուները հաճախ չեն էլ նկատում: 18-րդ դարի շիաների մզկիթը սովետական տարիներին դադարեցրեց իր գործունեությունը, սակայն Հայաստանի անկախացումից անմիջապես հետո այն բարենորոգվեց՝ Իրանի կառավարության հատկացրած գումարով: Կառույցում գտնվում են կենտրոնական աղոթատեղին, գրադարանը և լուսանկարների սրահը: Այստեղ անգամ առաջարկվում են պարսկերենի դասընթացների կուրսեր: Աղմկոտ Երևանի ամենահանդարտ վայրն է: Քանի որ այն գոյատևած միակ մզկիթն է Հայաստանում, այն այժմ հանգույց է հանդիսանում, որը միավորում է բազմաթիվ պարսիկ քաղաքացիների և զբոսաշրջիկների:

 

Ինստագրամի ամենահայտնի էջը

Vscoarmenia էջը լի է Երևանի ճարտարապետական հնագույն կառույցների, եկեղեցիների, ժամանակակից արվեստի գործերի լուսանկարներով:

 

Ամենավիճահարույց իրողությունը

Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի (հայաբնակ տարածք, որն անկախ է հայտարարվել Սովետական Միության փլուզումից հետո) սահմանային վեճը երևանցիների մտածմունքի առարկան է: Ստեփանակերտը (Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքը) Երևանից շուրջ 300 կմ հեռավորության վրա է գտնվում, սակայն Հայաստանը դրա գլխավոր ֆինանսական և ռազմական օգնականն է:

Քառօրյա պատերազմը 1994 թ. հրադադարից հետո սահմանին տեղի ունեցած ամենաուժգին պայքարն էր: Երկու կողմն էլ մարդկային կորուստներ տվեցին: Ճիշտ է, հրադադար հայտարարվեց, սակայն դրանից հետո մի քանի հայ զինվորներ են վախճանվել, որի համար Հայաստանի կառավարությունը մեղադրում է Ադրբեջանին՝ որպես պայմաններ խախտող կողմի:

 

Պատմության պահը

1965 թ., երբ Հայաստանը դեռ Խորհրդային Միության կազմի մեջ էր մտնում, շուրջ 100000 ցուցարարներ դուրս եկան փողոց՝ կոչելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ կատարված օսմանյան թուրքերի կողմից: Ցեղասպանության ժամանակ մեկ միլիոնից ավելի մարդիկ են զոհվել, իսկ շատ-շատերն էլ սփռվել են ողջ աշխարհում:

Ցուցարարները Սովետական Միությունից պահանջում էին ճանաչել ցեղասպանությունը և Երևանում զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կառուցել: Վերջիվերջո թույլտվություն տրվեց կառուցելու Եղեռնի հուշահամալիրը, որը գտնվում է այնպիսի բլրի գագաթին, որտեղից տեսանելի է ողջ քաղաքը: Հուշահամալիրը կոչվեց Ծիծեռնակաբերդ և այստեղ ամեն տարվա ապրիլի 24-ին հավաքվում են հազարավոր այցելուներ՝ հարգելու անմեղ զոհերի հիշատակը:

 

Տեղի լավագույն արտիստը

Սթրիթ արթը Երևանում նոր զարգացող արվեստ է, սակայն 21-ամյա երիտասարդ Ռոբերտ Նիկողոսյանն արդեն հասցրել է շատ կառույցներ և պատեր զարդարել հայտնի հայերի աննման դիմապատկերներով, այդ թվում՝ մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի, Կոմիտասի և այլոց: Չնայած որ երիտասարդ արտիստն արդեն շատ հետևորդներ ունի, կան նաև այնպիսի մարդիկ, որոնց դուր չեն գալիս այդ գործերը: Բանը հասել է նրան, որ երևանցի մի այլ, տարիքով ավելի մեծ արտիստ անգամ ասել է, որ Ռոբերտի գործերը պետք է արգելվեն:

 

Ամենաարտասովոր և հետաքրքիր օրը

Եթե հարմարեցնեք Երևանում լինել հուլիս ամսին, չզարմանաք, եթե մի օր փողոցով քայլելիս դույլերով ջուր լցնեն ձեզ վրա: Զատիկից 14 շաբաթ հետո հայերը նշում են Վարդավառը՝ հին հեթանոսական տոն, որի ժամանակ երեխաները և դեռահասները ջրում են միմյանց: Գնացեք կենտրոնում գտնվող Կարապի լիճ, որտեղ այդ օրը մեծ միջոցառումներ են անցկացվում և որի մեջ անցյալ տարի ցատկեց Քանյե Ուեսթը»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել