բացել լրահոսը
16.02.2017  18:00

Թամար Կապրելյանը պատմել է իր և Լարիսա Հովհաննիսյանի համագործակցության մասին

BlogNews

BlogNews.am-ն արդեն իր ընթերցողին ներկայացրել է Թամար Կապրելյանի և Լարիսա Հովհաննիսյանի նոր՝ «Սարերի հովին մեռնեմ» տեսահոլովակը: Ամերիկաբնակ երգչուհին նաև պատմել է երգի ստեղծման մանրամասները: 

- Ինչպե՞ս է ստեղծվել երգը:

- Ես և Լարիսան ձայնագրել ենք երգը ամռանը, Evanescene խմբի անդամ Բեն Մուդիի և Դեր Հովայի հետ միասին: Սա հրաշալի փորձություն էր բոլորիս համար: Գիշերները հյուրանոցի սենյակն օգտագործում էինք որպես ձայնագրման ստուդիա՝ համակարգիչներով, բարձրախոսներով, մալուխներով: Ես ու Լարիսան հերթով վոկալային փորձեր էինք անում, մշակում դրանք: Համատեղ աշխատանքը կատարել ենք սիրով. այն իսկապես հետաքրքիր էր և զվարճալի: Անչափ ուրախ եմ, որ երկու տաղանդավոր պրոդյուսերներ՝ Դեր Հովան և Բենը, ցանկություն հայտնեցին աշխատելու մեզ հետ: Բենն ամերիկացի է, հայերեն չի խոսում, սակայն իր ուրույն դերն ունեցավ հայկական գեղեցիկ երգի ստեղծման գործում:

- Ե՞րբ եք պատրաստել տեսահոլովակը:

- Օպերա Սուիթ հյուրանոցի տանիքին մի հրաշալի սենյակ կա: Տեսահոլովակն այնտեղ ենք նկարահանել: Եթե այն ուշադիր նայեք, ապա հետնապատկերին Երևանը կտեսնեք: Ռեժիսոր, գրող, ակտիվիստ Կարին Հովհաննիսյանը, ով նաև Լարիսայի ամուսինն է, տեսահոլովակի ռեժիսորն է: Երբ մենք փորձում էինք արտահայտել, թե ինչպիսի զգացմունքներ ենք ուզում երգի և տեսահոլովակի միջոցով փոխանցել, նա մեզ միանգամից հասկանում էր և վարպետորեն անում անհրաժեշտը:

- Ինչո՞ւ եք ընտրել հենց այս երգը:

- Ես ցանկանում էի որևէ դասական ժողովրդական երգ կատարել cover տարբերակով, բայց չէի կարողանում կողմնորոշվել ընտրության հարցում: Այդ իսկ պատճառով դիմեցի Լարիսայի օգնությանը: «Սարերի հովին մեռնեմ»-ն այն երգն էր, որը նա կատարել է իր հարսանեկան միջոցառման ժամանակ: Նա առաջարկեց հենց այդ երգը: Երաժշտությունը գեղեցիկ է, բառերը՝ ազդեցիկ և խորհրդանշական: Մենք կարողացել ենք վերարտադրել երգը՝ պահպանելով դրա բուն մեկնաբանումը:

- Սա քո առաջի՞ն հայերեն երգն է:

- Այո, բայց հուսով եմ՝ ոչ վերջինը: Հաջորդիվ ավելի ռիթմիկ երգ եմ ձայնագրելու:

- Ինչպե՞ս եք դու և Լարիսան հանդիպել:

- Սեմ Սիմոնյանը, ով ԹՈՒՄՈ-ի հիմնադիրն է, Լարիսայի մասին ինձ պատմել է երկու տարի առաջ: Նա ասաց, որ ինձ նայելիս այդ աղջկան է հիշում: Վերջինիս, իհարկե, այդ ժամանակ չէի ճանաչում: Սակայն մի քանի շաբաթ անց Լարիսային և ինձ կապեց այն երգը, որը նա Սերժ Թանկյանի հետ միասին ձայնագրել է Կարինի «1915» ֆիլմի համար: Ես լսեցի երգը, շատ հավանեցի և կապվեցի Լարիսայի հետ: Մենք նմանատիպ այլ նախագծերի վրա աշխատեցինք Հայաստանում: Նա սկսեց «Teach for Armenia» նախագիծը, իսկ ես՝ «Nvak»-ը, որոնք երկուսն էլ ուղղված էին հայ երիտասարդներին օգնելուն: Հենց այդ ժամանակ էր, երբ հասկացանք, որ մեզ բախտ է վիճակված լավ ընկերներ լինելու: Մենք այժմ շատ մտերիմ ենք:

- Ի՞նչ ասելիքներ եք ցանկանում փոխանցել հանրությանը այս կատարմամբ:

- Կարծում եմ, որ կանայք հակված են մրցակցելու իրար հետ: Նրանցից յուրաքանչյուրը փորձում է ցածրացնել դիմացինին՝ ինքն իրեն բարձրացնելու համար: Իսկ այս կատարումը պատրաստելով՝ ես ու Լարիսան ցանկանում ենք ոգևորել կանանց՝ աշխատավայրում թիմային հմտությունը զարգացնելու համար: Ցանկանում ենք ասել, որ երկու խելացի, նպատակասլաց կանայք կարող են միասին աշխատել և գեղեցիկ արվեստ ստեղծել:

Դիտվել է 4944 անգամ
Մեկնաբանել

x

Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Яндекс.Метрика
  Կայքը՝