f

20-րդ դարը մարդկության պատմության կարևորագույն և ամենահետաքրքիր ժամանակահատվածներից է: Այն լի է հարուստ իրադաձություններով և պատմության մեջ մնացած կերպարներով:

20-րդ դարի ընթացքում սոցիալիզմի հիմքի վրա առաջացան մարդկության պատմության ամենահրեշավոր մարդակուլ գաղափարներից երկուսը՝ գերմանական նացիզմը և խորհրդային կոմունիզմը: Այս երկու գաղափարախոսությունները հիմքը դարձան այնպիսի հակամարդակային տոտալիտար միությունների, ինչպիսիք էին Նացիստական Գերմանիան և ԽՍՀՄ-ը: Այս երկու բռնապետությունները միմյանց հետ վերցրած տասնյակ միլիոնավոր մարդկանց կյանքեր խլեցին: Նրանց առաջնորդներ Լենինը, Ստալինը, Հիտլերը և այլք դարձան 20-րդ դարի սարսափների խորհրդանիշները: Այնուամենայնիվ, 20-րդ դարը բազմաթիվ այլ արյունարբու բռնապետերի իշխանության շրջան էր:

Սկսում ենք մի հոդվածաշար, որի միջոցով կներկայացնենք 20-րդ դարի ամենասարսափելի բռնապետերին:

Ուգանդայի բռնապետ Իդի Ամինը եղել է աֆրիկյան մայրցամաքի ամենասարսափելի ռեժիմներից մեկի հիմնադիրը: Տարբեր տվյալների համաձայն՝ նրա իշխանության տարիներին (1971-1979թթ) սպանվել է ավելի քան 300 հազար մարդ: Իդի Ամինը ծնվել է 1928թ. Նեղոս գետի արևմտյան ափին գտնվող բնակավայրում: Դեռևս վաղ տարիքից Ամինը ֆիզիկական հրաշալի տվյալներ է ունեցել: Նրա հասակը 190 սմ է եղել, իսկ քաշը՝ մոտ 100 կգ: Ամինը Կակուա ցեղի ներկայացուցիչներից էր: Իր ֆիզիկական տվյալները գրավել էին բրիտանական զորքերի սպայական անձնակազմին, ուստի՝ Ամինը զինվորական ծառայության է անցել: Բրիտանացի սպաները նշում էին, որ Ամինը հրաշալի մարտիկ էր: Հարկ է նշել, որ դեռևս դարասկզբից Ուգանդան բրիտանական գաղութ էր: Երկիրը հարուստ էր բնական պաշարներով և այդ իսկ պատճառով բրիտանական վերահսկողության տակ էր գտնվում: Ամինը նաև մարտարվեստով էր զբաղվում:

Ամինն իր ողջ ունակությունները դրսևորեց հարևան Քենիայում՝ Մաու Մաու ցեղերի ապստամբությունը ճնշելու ժամանակ: Դրվագներից մեկում նա իր ջոկատի հետ շրջափակման մեջ գտնվելով, կարողացել է ակնթարթորեն մի քանի հոգու գնդակահարել և դուրս գալ շրջափակման միջից: Այս ամենի հետ մեկտեղ Ամինը կրթված չէր: Նրա սպայական ծառայակից ընկերները նշում են, որ բանկային հաշիվ բացելու ժամանակ նա գրեթե 20 րոպե փորձում էր որակյալ ստորագրություն դնել: Դրա հետ մեկտեղ Ամինն անտարբեր չէր ալկոհոլային խմիչնքների հանդեպ:

Ուգանդան անկախացել է Մեծ Բրիտանիայից 1962 թվականին: Ուգանդայի նախագահ է դարձել Էդուարդ Մուտեսան: Իդի Ամինը դարձել է Ուգանդայի բանակի կապիտան, ապա՝ գնդապետ: Այդ շրջանում Իդի Ամինը մտերիմ հարաբերությունների մեջ էր վարչապետ Միլթոն Օբոտեի հետ, ով 1963 թվականին օգնեց նրան խուսափել բանտից: Այդ ժամանակ Ամինը մեղադրվում էր 40 մարդու սպանության մեջ: Օբոտեն հենց Ամինի անմիջական օգնությամբ 1966թ. հեղաշրջում կազմակերպեց և բռնազավթեց իշխանությունը: Ամինը դարձավ գեներալ-մայոր: Հետագայում Ամինի և Օբոտեի հարաբերությունները լարվեցին: Ամինը սկսեց մեղադրվել կոռուպցիայի մեջ, ապա սկսեց մտածել Օբոտեի իշխանությունը վերցնելու մասին: 1971թ. կրկին ռազմական հեղաշրջման միջոցով բռնազավթեց Օբոտեի իշխանությունը, այն ժամանակ, երբ Օբոտեն գտնվում էր Սինգապուրում: Ամինն իշխանության գալուց հետո հայտարարեց, որ ինքը «զինվոր է, և ոչ թե քաղաքական գործիչ» և հասարակությանը խոսք տվեց երկրում իրավիճակը կարգավորելուց հետո որոշակի ժամանակ հետո անցկացնել նաև ընտրություններ և հանձնել իշխանությունը քաղաքական այրերին: Սակայն, ինչպես հատուկ է ռազմական հեղաշրջմամբ կամ զինված պայքարի միջոցով իշխանության եկածներին, Ամինն ավելի դաժան տոտալիտար ռեժիմ հաստատեց երկրում, քան մինչ այդ Միլթոն Օբոտեի ռեժիմն էր, ով, ինչպես նշվեց, նույնպես ռազմական ճանապարհով էր եկել իշխանության նույն Ամինի օգնությամբ: Իդի Ամինի բռնապետության տարիներին սպանվեց, տարբեր տվյալներով, 300-500 հազար մարդ, որոնցից շուրջ 10 հազարը զինվորականներ էին:

Երկրում սկսել էին գործել, այսպես կոչված, «Մահվան Էսկադրոններ»: Տարբեր տվյալներով՝ ավելի քան 2000 մարդու Ամինն անձամբ է սպանել: Ինչպես նշեցինք, նոր իշխանությունն էլ ավելի բռնատիրական բնույթ ունեցավ: Ամինը սկսեց ճնշել այն ցեղերի ներկայացուցիչներին, ովքեր մտնում էին իր քաղաքական հակառակորդների շրջանակներում: Ականատեսներից մեկը նշում է, որ զինվորները ներխուժել և առևանգել էին այն աղջիկներին, ովքեր Ամինի քաղաքական հակառակորդների ցեղերից էին: Նրանցից շատերին այլևս ոչ ոք չտեսավ: Իդի Ամինը հաշվերհարդար տեսավ նաև իր դեմ ըմբոստացող զինվորականության նկատմամբ: Բրիտանացիները կարծում էին, որ իրենց ռազմական դպրոցի սանը կարող է ղեկավարելի ֆիգուր լինել, սակայն չարաչար սխալվեցին: Իդի Ամինն անսպասելիորեն այցելեց Մեծ Բրիտանիա: Նա ցանկանում էր զենք, զինամթերք գնել ընդդիմադիրներին ճնշելու համար: Այդ ժամանակ Մեծ Բրիտանիայում արդեն իսկ տեղյակ էին Ուգանդայում մոլեգնող տեռորի մասին: Այդ իսկ պատճառով Բրիտանիան հրաժարվեց օգնել Ամինին: Զայրույթի մեջ գտնվող Ամինը որոշեց ամեն կերպ նվաստացնել բրիտանացիներին:

1971 թվականին, երբ Բրիտանիայում տնտեսական ճգնաժամ էր, Ամինն Ուգանդայում «Փրկենք Բրիտանիան» անունն ունեցող բարեգործական ֆոնդ ստեղծեց: Հեռուստատեսությամբ ունեցած իր ելույթի ընթացքում նա ցինիկորեն ասեց, որ բրիտանացիներն իրենց օգնության կարիքն ունեն, և ուգանդացիները մի քանի տոննա բանջարաղեն են պատրաստվում ուղարկել Բրիտանիա, սակայն բրիտանական ինքնաթիռը դեռ չի ժամանել:

Շատերն Ամինին թերագնահատում էին՝ նշելով, որ նա պարզապես ծաղրածու է: Իրականում, աֆրիկյան ամենադաժան բռնապետերից մեկը խելացի և սառը հաշվարկներով առաջնորդվող հանցագործ էր: Նրա կատակները և թեթևամիտ պահվածքը միայն արտաքին շղարշն էին: 1972թ. Ամինը որոշեց ևս մեկ անգամ նվաստացնել բրիտանացիներին: Այդ նպատակին հասնելու համար Ամինը շուրջ 50 հազար բրիտանական անձնագրերով հնդիկների արտաքսեց երկրից: Ամինն իր ելույթում նշեց, որ հնդիկներին Ուգանդա են բերել բրիտանացիները և թող նրանք էլ զբաղվեն հնդիկների ճակատագրով: Ամինը և իր իշխանության ներկայացուցիչները խլեցին աքսորված հնդիկների կարողությունն ու բիզնեսները: Երկրի տնտեսական կյանքում մեծ ազդեցություն ունեցող հնդիկների արտաքսումը լրջագույն հարված եղավ երկրի տնտեսությանը: Հնդիկների ձեռնակատիրություններին տիրացած զինվորականները գլուխ չէին հանում գործից և զբաղված էին թալանով:

Երկրում լուրջ տնտեսական ճգնաժամ սկսեց: Խանութներում բացակայում էին այնպիսի մթերքներ, ինչպիսիք էին շաքարը, յուղը և աղը: Տնտեսական վիճակի վատացմանը զուգընթացը՝ Ամինը երկրում խորացրեց բռնաճնշումները: 1972թ. սկսած երկրում սկսվեցին առաջին ցուցադրական գնդակահարությունները: Մարդկանց գնդակահարում էին հարյուրներով կամ հազարներով: Ավելին, գնդակահարությունները ցուցադրվում էին հեռուստատեսությամբ: Այդ կերպ ռեժիմը հասկացնում էր, թե ինչպիսի ճակատագիր է սպասում բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն բողոքել: Ամինը նաև հանիբալիստ էր: Իր հարցազրույցներից մեկում նա բառացիորեն նշում է «…..Ես համտեսել եմ մարդու միս: Այն բավականին աղի է: Ավելի աղի, քան հովազի միսը»: Տնտեսական ճգնաժամի շրջանում Ամինը որոշեց վերահսկողություն սահմանել սուրճի արտադրության վրա: Կառավարությունը հայտարարեց, որ երկրում սուրճ արտադրողները կարող են զգալի եկամուտ ունենալ: Սակայն, իրականում, կառավարությունը չէր վճարում մարդկանց գումարները: Դրան զուգահեռ Վիկտորիա լճի մյուս ափին՝ Քենիայում, որակյալ շուկա կար, որտեղ արտադրողները կարողանում էին զգալի եկամուտներ ստանալ: Այդ ամենը հազարավոր մարդկանց ստիպում էր նավակներով սուրճը արտահանել Քենիա: Իշխանություններն ուղղաթիռներով և տանկերով կրակում էին առևտրականների վրա: Սպանվում էին հազարավոր մարդիկ:

Մինչ Ուգանդայի ժողովուրդը զրկված էր անգամ ամենատարրական պարագաներից՝ Ամինը շքեղ կյանք էր վայելում: Նա յուրաքանչյուր շաբաթ ինքնաթիռով զանազան շքեղ իրեր էր ստանում՝ ներառյալ խմիչք: Ամինը բավականին հաճախ երեկույթներ էր կազմակերպում, որոնց ժամանակ մարդիկ խմում և ուրախանում էին: Այդ ընթացքում նա հյուրերին ցույց էր տալիս իր սառնարանում գտնվող ռեժիմի զոհերի գլուխները: Ամինի սառնարանում էր գտնվում նաև Ուգանդայի բանակի հրամանատար Սուլեյման Հուսեինի գլուխը, որին Ամինը ժամանակ առ ժամանակ դուրս էր հանում և խոսում հետը: Ամինը 4 կին և 18 երեխա ուներ: Նրա սիրելի կինը Սառա անունով պարուհին էր, ով ելույթ էր ունենում «Հեղափոխական ինքնասպանություն» կոչվող խմբակում: Բռնաճնշումներից, սակայն, անգամ վերջինիս կանայք չխուսափեցին: 1975թ. երկրի հիվանդանոցներից մեկում հայտնվեց նրա կանանցից մեկի դին:

Տեռորի քաղաքականության շարունակման համար Ամինին հարկավոր էր արտաքին աշխարհի աջակցությունը: Նրա իշխանության սկզբնական շրջանում բանակը մարզում էին հրեա սպաները: Հետագայում հրեաներն Ամինի դաժանությունները տեսնելով հրաժարվեցին օգնել նրան: Ամինը դիմեց արաբական աշխարհի օգնությանը: Այնուամենայնիվ, նա չկարողացավ մոռանալ հրեաների քայլերը: 1972 թվականին, երբ պաղեստինցիները Մյունխենում գնդակահարեցին հրեա մարզիկներին, Ամինը նամակ գրեց ՄԱԿ-ի գլավոր քարտուղար Քուրթ Վալդհայմին՝ նշելով, որ Հիտլերը և գերմանացիները գիտեին, որ հրեաները որևէ օգուտ չեն տալիս աշխարհին, այդ իսկ պատճառով ոչնչացրեցին 6 միլիոն հրեայի: Նրա խոսքով՝ պաղեստինցի տեռորիստները շարունակում են Հիտլերի կիսատ թողած գործը: Հետագայում Ամինի հարաբերությունները Իսրայելի հետ էլ ավելի սրվեցին: 1976 թվականին, երբ պաղեստինցի տեռորիստները գրոհեցին Իսրայելից Ֆրանսիա թռչող ինքնաթիռը, Ամինը հայտարարեց, որ տեռորիստները կարող են վայրէջք կատարել Էնտեբե օդանավակայանում: Իսրայելական 200 հոգանոց հատուկ ջոկատն ավելի քան 3000 կմ տարածություն կտրելով մեկ ժամվա ընթացքում կարողացավ ազատել պատանդներին: Այդ ընթացքում Ամինի կողմից տեռորը երկրում էլ ավելի ահագնացավ: Ստեղծվել էին հատուկ ծառայություններ, որոնց միակ առաքելությունը բռնաճնշումների իրականացումն էր: Ամինի ցեղի հազարավոր տղամարդիկ անցնում էին հատուկ ծառայությունների մարտիկների շարքերը: Նրանց թույլատրված էր ազատորեն սպանել մարդկանց: Այդ ժամանակ երկրում բռնաճնշումների շրջանակներում գործող ամենահայտնի կառույցը Նակասիրո քաղաքական բանտն էր, որտեղ հազարավոր քաղբանտարկյալներ գտնում էին իրենց վախճանը:

Մենք գիտենք, որ յուրաքանչյուր բռնապետություն իր իշխանությունը պահելու համար հասարակության շրջանում ստեղծում է արտաքին թշնամու կերպար: Իդի Ամինը որպես դասական բռնապետ նույնպես զերծ չմնաց այդ քարոզչական հնարքից: 1978թ. Ամինը ներխուժեց Տանզանիա: Տանզանիայի զորքն Ամինի բանակին ստիպեց խուճապահար փախչել: Ամինը ստիպված հայտարեց, որ դադարեցնում է ռազմական գործողությունները: Միջազգային ասպարեզում այլևս որևէ մեկը չէր հավատում Ամինի խոսքին: Նրա ճակատագիրը վճռված էր: Տանզանիայի զորքերն անցան հարձակման և օկուպացրեցին Ուգանդան: 1979թ. նրանք գրավեցին Կամպալան: Նակասիրո բանտի ազատագրման ժամանակ զինվորները հայտնաբերեցին, որ հազարավոր կալանավորներից շատ քչերն են փրկվել: Իդի Ամինին հաջողվեց փախչել Սաուդյան Արաբիա: 2003թ. օգոստոսի 16-ին 20-րդ դարի աֆրիկյան ամենադաժան բռնապետերից մեկը մահացավ՝ այդպես էլ պատասխան չտալով մարդկության հանդեպ իր կատարած հանցանքների համար:

Դավիթ Ֆիդանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել