Հայաստանի մայրաքաղաքի, մեր քաղաքի ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ընտրությունները:
Ինձ համար կոնկրետ շատ կարևոր են այս ընտրությունները, հավասարապես կարևոր, ինչպես նախագահական և խորհրդարանական ընտրությունները: Չեմ թաքցնի՝ որոշ դեպքերում նաև ավելի կարևոր:

Սա այն պահն է, երբ դու ընտրում ես մի կառույց, մի մարմին, մի ղեկավար, որի դրական կամ բացասական գործունեությունը զգալու ես ամեն օր, ամեն ժամ և ամեն պահ:

Այդ ընտրության արդյունքով է ձևավորվելու քո տրամադրությունը, քո հարմարավետությունը, քո հպարտությունը, քո առօրյան և շատ ու շատ այլ բաներ:

Իհարկե, սա քաղաքական ընտրություն է, բայց պետք է լինի ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ընտրություն:

Սա մի իրադարձություն է, երբ մենք (երևանցիներս) պետք է կտրվենք համապետական քաղաքական գործընթացներից և սթափ գնահատենք մեր քաղաքի խնդիրները, մեր քաղաքի հոգսերը, առաջարկվող ծրագրերում փնտրենք մեր պահանջները և ԿԱՏԱՐԵՆՔ ՃԻՇՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ:

Ինձ համար ընտրությունը մեծամասամբ պայմանավորված է համեմատական վերլուծության արդյունքներով:

Ի՞նչ ունեինք, ի՞նչ ունենք և ի՞նչ ենք ունենալու:

Սրանք այն հարցերն են, որոնք պետք է օգնեն ճիշտ ընտրություն կատարելուց:

Մեծագույն հիասթափություն կապրեմ, եթե Երևանի զարգացման քաղաքականության ընտրությունները ստորադասվեն կամ ստվերվեն համապետական քաղաքական գործընթացներով:

Սիրելի երևանցիներ, սիրելի համաքաղաքացիներ, եկեք մտածենք մեր քաղաքի մասին, մեկ ամիս միայն մեր քաղաքի մասին: 

Ի վերջո Երևանի զարգացումը միայն երևանցիների համար չէ: Մեր ընտրությամբ, մեր ճիշտ ընտրությամբ հպարտանալու են բոլոր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել