EXCLUSIVE

Օրերս դերասանուհի Նաիրա Մովսիսյանը հարցազրույց էր տվել, որտեղ նշել է, որ իր երեխայի դաստիարակությամբ բացառապես ինքն է զբաղվում ու երեխային մեծացնում է իր մեթոդներով: Պարզելու համար, թե որքանով է Նաիրան ճիշտ դաստիարակում երեխային, BlogNews.am-ը կապ հաստատեց Նաիրայի դստեր հոր՝ Վան Հակոբյանի հետ, ում հետ խոսակցությունից էլ պարզ դարձավ, որ Վանն իր հայրական իրավունքները  հաստատելու համար դատական հայց է ներկայացրել, որի առաջին նիստը կկայանա առաջիկա օրերին. «Նաիրան միայնակ է զբաղվում երեխայի դաստիարակությամբ, որովհետև նա թույլ չի տալիս ինձ շփվել իմ երեխայի հետ, կտրականապես արգելում է մեր հանդիպումները, դուռը փակում է իմ դիմաց, ու անգամ դեպք է եղել, որ ոստիկանություն է կանչել, որպեսզի ինձ հեռացնեն դռան դեմից: Դրանից հետո ես դիմեցի փաստաբանական պալատի փաստաբաններից մեկին, ով էլ հիմա զբաղվում է մեր դատական գործով, որի առաջին նիստը կկայանա մարտի 15-ին: Ես պետք է հաստատեմ իմ հայրական իրավունքները, և ինձ չի հետաքրքրում, թե նա ինչ հարցազրույցներ է տալիս, դա ինձ մի գրամ անգամ չի հետաքրքրում: Սա իմ խնդիրն է, ու ինչ գնով էլ լինի, իմ երեխան պիտի կրի իմ ազգանունը, ու իմ հայրությունը երեխայի հանդեպ պիտի ճանաչված լինի անպայման»:

Фото Вана Акобяна.

Այն հարցին, թե ինչու ժամանակին, երբ դեռ երեխան նոր էր ծնվել, հայրությունը չի ճանաչվել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Որովհետև մենք զագսավորված չենք եղել և միայն եկեղեցով էինք պսակադրվել»: Սակայն այն պարզաբանումից հետո, որ երեխայի հայրությունը ճանաչելը կապ չունի ծնողների՝ օրինական ամուսնության մեջ լինելու կամ չլինելու փաստի հետ, Վանը լրացրեց. «Գիտեմ, ուղղակի մենք արդեն բաժանված էինք, երբ երեխան ծնվեց: Հիմա ես իմ երեխայի հետ բացարձակ ոչ մի շփում չունեմ, ինչքան փորձում եմ որևէ կերպ շտկել իրավիճակը, չի ստացվում: Դրա համար էլ դիմել եմ դատարանին»:

Հարցին՝ արդյոք երեխան ճանաչու՞մ է իր հայրիկին, և տարի ու երկու ամսական փոքրիկը ե՞րբ է վերջին անգամ հանդիպել հոր հետ, Վանը պատասխանեց. «Երեխայի ծնվելուց հետո առաջին երեք ամիսներին շատ լավ, շատ նորմալ էր ամեն ինչ, շփվում էի երեխայի հետ և նրա համար անում էի ամեն ինչ, ինչ որ պետք էր: Հիմա բացարձակ ոչ մի շփում չունեմ երեխայիս հետ ու անհամբեր սպասում եմ դատական նիստին»: Խոսակցության վերջում անդրադարձանք նաև այն թեմային, թե ինչպիսի մայր է Նաիրան, և արդյոք լինելով զբաղված մարդ՝ կարողանու՞մ է նա երեխային բավարար ժամանակ հատկացնել: «Անկախ ամեն ինչից՝ ես գիտեմ, որ իմ երեխան հրաշալի մայր ունի, Նաիրան իրոք լավ մայր է ու անկախ մեր միջև եղած բարդ հարաբերություններից՝ ես Նաիրային իմ սրբությունն եմ համարում, որովհետև նա իմ երեխայի մայրն է: Ես պիտի նշեմ, որ իմ երեխան ի դեմս Նաիրայի մամայի՝ ունի հրաշալի տատիկ: Դրա համար էլ ես մի գրամ կասկած անգամ չունեմ, որ երեխան ապահով է ու իդեալական խնամք ունի»:

 Այն հարցին, թե ամեն դեպքում, ինչո՞ւ Նաիրան կտրականապես որոշեց խզել երեխայի հոր հետ հարաբերությունները և, վերջիվերջո, ինչի՞ց հետո այս ամենը եղավ, Վանը պատասխանեց, որ ինքն էլ չգիտի: Մեր այն դիտարկմանը, որ գուցե պատճառն այն է, որ Վանը ֆինանսապես չի օգնում երեխայի մորը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մինչև երեխայի 3 ամսականը արել եմ ամեն ինչ, ինչի հնարավորությունը ունեի, Նաիրան էլ է դա նշել իր մի քանի հարցազրույցներում: Իսկ հիմա ես ուղղակի ի վիճակի չեմ իրեն գումար տրամադրելու, որովհետև այս ողջ դատական պրոցեսը շատ մեծ ծախս է: Միայն ԴՆԹ անալիզի գումարն արդեն ահռելի թիվ է կազմում: Սա է պատճառը, որ ներկա պահին ես չեմ կարողանում Նաիրային գումար տալ»: Իսկ թե որքանով է նպատակային հայրությունը  հաստատող ԴՆԹ անալիզի պատասխան ունենալ այն դեպքում, երբ Նաիրան երբեք էլ չի հերքել, որ իր երեխայի կենսաբանական հայրը Վանն է, վերջինս այսպես պատասխանեց. «Դա դատական պրոցեսի համար պարտադիր կետ է, դատարանի համար իմ ու երեխայի մոր ասածը դեռևս հիմք չէ, որպեսզի նա ճանաչի ինձ՝ որպես երեխայի հայր»: Զրույցի վերջում մեր զրուցակիցը ցանկացավ նշել, որ, չնայած իր ու Նաիրայի բարդ հարաբերություններին, իր մայրն ու քույրը հրաշալի հարաբերությունների մեջ են Նաիրայի հետ և շատ լավ շփվում են երեխայի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել