Եթե Ադրբեջանը կրկին արկածախնդրության փորձ կատարի, հետևանքները նրա համար շատ ավելի ծանր կլինեն. Շավարշ ՔոչարյանArmenpress.am-ը գրում է.

Ադրբեջանի գործողություններն ապացուցում են, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանն այլընտրանք չկա: "Արմենպրես"-ի հաղորդմամբ՝ այս մասին "Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց" թեմայով միջազգային աշխատաժողովի շրջանակում ասաց ՀՀ փոխարտգործնախարարՇավարշ Քոչարյանը:

"Շատ կարեւոր եմ համարում այս աշխատաժողովը, քանի որ շատ բաներ մոռացվում եւ աղավաղվում են մեր հակառակորդի ջանքերով: Ադրբեջանը մարդու իրավունքների հետ անհամատեղելի է, պետական մակարդակով իրականացվող ահաբեկչությունն ակնհայտ է: Ապրիլյան  պատերազմը ցույց տվեց, որ այն, ինչ սկսեց Սումգայիթում, նրա շարունակական քաղաքականությունն է: Այսքան տարի նրանք ձեւացրել են, որ մասնակցում են բանակցային գործընթացին, դա ընդամենը իմիտացիա է, եւ այս փուլում համանախագահներն ունեն մի առաքելություն. դա  այն է, որ թույլ չտան ռազմական գործողությունների վերսկսում: Իսկ այն, ինչին ձգտում է Ադրբեջանը, ուժային լուծումն է եւ ցեղասպանական քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ: Պարզապես ծիծաղելի է, երբ մի կողմ, որը պատրաստ չէ փոխզիջումների, ԼՂՀ-ն նույնիսկ մի կողմ թողած, արտահայտում է իր հավակնությունը Հայաստանի Հանրապետության  հանդեպ",-նշեց նա:

Փոխարտգործնախարարի խոսքով՝ ապրիլյան պատերազմը նաեւ ցույց տվեց, որ պետք է միշտ պատրաստ լինել Ադրբեջանի ցանկացած արկածախնդրության:

"Կարծում եմ՝ եթե Ադրբեջանը կրկին փորձ կատարի, ապա այս անգամ հետեւանքները նրա համար շատ ավելի ծանր կլինեն",-շեշտեց Շավարշ Քոչարյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել