Նախկինում զետեղել էի կրճատումներով մի հատված «Հայացք դեպի ներս» ժողովածուից: Նյութի նկատմամբ եղած հետաքրքրությունը հաշվի առնելով՝ զետեղում եմ ամբողջական նյութը: Ուշադիր և հանգամանալի կարդացեք և տեսեք, թե ինչ խորություններ կհայտնաբերեք: 

Սիրի’ր հողը: Դու այն քո ծնողներից չես ժառանգել, այլ պարտքով վերցրել ես քո երեխաներից: 

Ամուսնության առաջին տարվա ընթացքում նորապսակները նայում էին միմյանց և մտածում, թե կարո՞ղ Են արդյոք իրենք երջանիկ լինել: Եթե ոչ` ապա նրանք հրաժեշտ էին տալիս միմյանց և նոր կողակից փնտրում իրենց համար: Եթե նրանք ստիպված լինեին միասին անհաշտ ապրել, մենք նույնպես անմիտ կլինեինք, ինչպես այս սպիտակ մարդը: 

Ձգտիր իմաստության, այլ ոչ թե գիտելիքների: Գիտելիքներն անցյալն են: Իմաստությունն ապագան է:

Մենք եկեղեցիներ չենք ուզում, որովհետև դրանք մեզ կսովորեցնեն վիճել Աստծո մասին;

Մեկ «վերցրու»-ն ավելի լավ է երկու «ես կտամ»-ներից: 

Շատ խոսքեր պետք չեն ճշմարտություն ասելու համար:

Լավ մարդը լավ նշաններ է տեսնում:

Նա, ով լռում է, կրկնակի անգամ ավելին գիտի, քան շատախոսը:

Ուրիշ մարդկանց թերությունների մասին դատելուց առաջ նախ քո մոքասինների հետքերին նայիր:

Նախքան սիրելը սովորիր ձյան վրա քայլել` առանց հետքեր թողնելու:

Նրանք, ովքեր պառկում են շների հետ, կարթնանան ոջիլներով:

Որքա՜ն ճարպիկ պետք է լինի սպիտակ մարդու լեզուն, եթե նրանք կարողանում են ճիշտը ներկայացնել որպես սխալ թվացող, և սխալը` որպես ճիշտ թվացող:

Իմ որդին երբեք չի զբաղվի հողագործությամբ: Նա, ով աշխատում է հողի վրա, երազներ չի տեսնում, իսկ իմաստությունը մեզ երազներում է գալիս:

Ին՞չ է կյանքը: Դա լուսատտիկի լույս է գիշերվա մեջ: Դա բիզոնի շնչառությունն է, երբ գալիս է ձմեռը: Դա խոտի վրա ընկնող ստվեր է, որը հալվում է մայրամուտին:

Երբ կտրվի վերջին ծառը, երբ թունավորվի վերջին գետը, երբ բռնվի վերջին թռչունը, միայն այդ ժամանակ դուք կհասկանաք, որ փողը հնարավոր չէ ուտել:

Մեծ Ոգին անկատար է: Նա ունի լուսավոր կողմ և մութ կողմ: Երբեմն մութ կողմը մեզ ավելի շատ գիտելիքներ է տալիս, քան լուսավոր կողմը:

Գիտելիքը թաքնված է ամեն մի իրի մեջ: Ինչ-որ ժամանակ աշխարհը գրադարան էր: 

Որպեսզի լսես ինքդ քեզ, լռակյաց օրեր են հարկավոր:

Ինքդ քեզ հասկանալու համար շփվիր քարերի հետ լեռներում: 

Երբ նկատում ես, որ սատկած ձիու վրա ես արշավում, իջի’ր վրայից:

Երբ Մեծ Ոգին նոր օր է տալիս, նա այն ուղարկում է ամեն ինչին: 

Նայե’ք ինձ: Ես աղքատ եմ և մերկ: Բայց ես իմ ժողովրդի առաջնորդն եմ: Մեզ հարստություններ պետք չեն: Մենք ընդամենը ցանկանում ենք մեր երեխաներին սովորեցնել արդար լինել: Մենք խաղաղություն և սեր ենք ցանկանում: 

Երբ դուք ձին կապում եք սյունից, մի՞թե սպասում եք, որ նա ուժ ձեռք կբերի: 

Մի անհանգստացրու մարդկանց նրանց կրոնի կապակցությամբ:

Դուք ինչո՞ւ եք ուժով վերցնում այն, ինչը չեք կարողանում սիրով վերցնել:

Ասա’ ինձ, և ես կմոռանամ, ցույց տուր ինձ, և ես չեմ կարողանա հիշել, մասնակցության մեջ ներգրավիր ինձ, և ես կհասկանամ:

Հին ժամանակը հրաշալի էր: Ծերունիներն իրենց տան շեմին նստում էին արևի տակ և խաղում էին երեխաների հետ այնքան ժամանակ, մինչև արևը նրանց նիրհի մեջ էր գցում: Ծերունիներն ամեն օր խաղում էին երեխաների հետ: Իսկ ինչ-որ պահի նրանք պարզապես չէին արթնանում: 

Երբ լեգենդը մեռնում է, և երազանքը կորչում է, աշխարհում վեհություն չի մնում:

Մի’ քայլիր իմ ետևից, հնարավոր է` ես չեմ տանի քեզ: Մի’ քայլիր իմ առջևից, հնարավոր է` ես չեմ հետևի քեզ: Քայլիր իմ կողքո’վ, և մենք մեկ ամբողջություն կլինենք: 

Ճշմարտությունն այն է, ինչին մարդիկ հավատում են:

Նույնիսկ փոքրիկ մուկը կատաղելու իրավունք ունի: 

Ես տառապում եմ, երբ հիշում եմ, թե որքա՜ն շատ են լավ խոսքեր ասվել և որքան շատ խոստումներ են դրժվել: Այս աշխարհում նրանք են չափազանց շատ խոսում, ովքեր ընդհանրապես խոսելու իրավունք չունեն:

Նա, ով պատմություններ է պատմում, տիրում է աշխարհին:

Ջուրը մազեր չունի:

Գորտը չի խմում այն լճակը, որում ապրում է: 

Քամին, որը մեր պապերին տվել է առաջին շնչառությունը, նաև նրանց վերջին շունչն է տանում, քամին նաև մեր երեխաներին պետք է կյանքի ոգի տա:
Ո՜վ Մեծ Ոգի, ում ձայնը ես լսում եմ քամիներում: 
Ես քեզ գալիս եմ որպես քո բազում զավակներից մեկը: 
Ինձ հարկավոր են քո ուժն ու իմաստությունը:
Ինձ ուժեղ դարձրու ո’չ եղբորիցս ավելի վեր լինելու համար, այլ` որպեսզի հաղթեմ իմ մեծագույն թշնամուն` ինքս ինձ: 

Ես եղա աշխարհի ծայրին: Ես եղա ջրերի ծայրին: Ես եղա երկնքի ծայրին: Ես եղա լեռների ծայրին: Ես չգտա ոչ մեկին, որն իմ ընկերը չլինի: 

Եթե դու ասելիք ունես, ապա վե’ր կաց, որպեսզի տեսնեն քեզ:

Ագռավը կռռում է ոչ թե այն պատճառով, որ դժբախտություն է գուժում, այլ` որովհետև թփերում թշնամիներ են: 

Հիշի’ր, որ մարդը նույնպես կենդանի է, միայն թե խելացի:

Մի’ դատեք մարդուն, քանի դեռ երկու լուսին շարունակ նրա մոքասիններով չեք քայլել: 

Մարդն ինքը պետք է պատրաստի իր նետերը:

Սպիտակ մարդը չափազանց շատ պետեր ունի:

Աշխարհում ամեն ինչ իր երգն ունի:

Ինձանից վեր գեղեցկություն է, ինձանից ներքև գեղեցկություն է, և երբ ես լքեմ մարմինս, ես նույնպես կգնամ գեղեցկության արահետներով:

Երեխան հյուր է քո տանը, կերակրի’ր, սովորեցրո’ւ և բա’ց թող:

Հարց տուր քո սրտին և պատասխանը կլսես սրտից:

Երեխաների հետ խոսիր, երբ նրանք ուտում են, և քո ասածը կմնա, նույնիսկ եթե դու գնաս:

Երբ տեսնես, որ բոժոժավոր օձը պատրաստվում է հարվածի, առաջինն ինքդ հարվածիր:

Դու չես կարող արթնացնել մարդուն, որը ձևացնում է, թե քնած է:

Սպիտակ մարդն ագահ է: Նա գրպանում կտավե փալաս է պահում, որի մեջ խնչում է քիթը` ասես վախենում է, որ կարող է խնչելիս ինչ-որ արժեքավոր բան կորցնել:

Մենք աղքատ ենք, որովհետև մենք ազնիվ ենք: 

Երբ շաբաթվա ընթացքում մարդն աղոթում է մեկ օր, իսկ մնացած օրերին մեղքեր է գործում, Մեծ Ոգին զայրանում է, իսկ Չար Ոգին ծիծաղում է:

Լավ ասված խոսքը դիպուկ նետված կացնից լավ է:

Նույնիսկ մեռած ձուկը կարող է լողալ հոսանքով:

Հոգին ծիածան չի ունենա, եթե աչքերում արցունք չի եղել:

Կյանքը հոսում է ներսից դեպի դուրս: Այս մտքին հետևելով՝ դու ինքդ ճշմարտություն կդառնաս: 

Երկրի երեսին ամեն ինչ իր նպատակն ունի, ամեն հիվանդություն` իրեն բուժող դեղը, իսկ ամեն մարդ` իր կոչումը:

Ի՞նչ է մարդն առանց գազանների: Եթե բոլոր գազանները ոչնչացվեն, մարդը կմեռնի ոգու մեծ միայնակությունից: Ամեն բան, ինչ կատարվում է գազանների հետ, կատարվում է նաև մարդու հետ: 

Թող իմ թշնամին ուժեղ ու սարսափելի լինի: Եթե ես նրան հաղթեմ, ես ամոթ չեմ զգա:

Եթե դու խոսես բուերի կամ օձերի հետ, նրանք կխոսեն քեզ հետ, և դուք կճանաչեք մեկմեկու: Եթե դու չխոսես նրանց հետ, դու նրանց չես ճանաչի, իսկ այն, ինչը դու չես ճանաչում, քեզ վախեցնում է: Մարդը կործանում է այն, ինչից վախենում է:
Թշնամին միշտ չէ, որ թշնամի է, իսկ բարեկամը` բարեկամ: 

Երբ դու ծնվեցիր, դու լաց էիր լինում, իսկ աշխարհը ծիծաղում էր: Ապրիր այնպես, որ մեռնելիս դու ծիծաղես, իսկ աշխարհը լաց լինի:

Երբ սպիտակ մարդը եկավ, մեք հողեր ունեինք, իսկ նա` Աստվածաշունչ: Հիմա նա ունի մեր ամբողջ հողը, իսկ մենքէ միայն Աստվածաշունչ: 

Ամերիկացիները տարօրինակ մարդիկ են, նրանք գլխով են մտածում: Իսկ մենք` հնդկացիներս, սրտով ենք մտածում:

Ասույթների հեղինակները` Նստած Ցուլ, Սիթլ, Չի Դեն Ջորջ, Սպիտակ Ամպ և հնդկացի այլ առաջնորդներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել