Ինչպես արդեն տեղեկացրել ենք, փետրվարի 13-ին էկրաններ է վերադարձել «Հատուկ բաժին» ֆիլմաշարի երկրորդ եթերաշրջանը:  Այս անգամ ֆիլմի ստեղծագործական կազմի մեջ որոշակի փոփոխություններ են կատարվել, մասնավորապես՝ տեղի են ունեցել համալրումներ, հայտնվել են նոր կերպաներ, որոնցից մեկին էլ մարմնավորել է սիրված հաղորդավարուհի և դերասանուհի Գայանե Ասլամազյանը:

Ինչպե՞ս ստացվեց, որ Գայանեն, իր զբաղվածությամբ հանդերձ, որոշեց նկարահանվել ֆիլմաշարում, և ինչ տվեց նրան երկար դադարից հետո սերիալում խաղալու այս փորձը.

«Համաձայնվեցի, որովհետև նախ՝ և՛ համագործակցությունն էր լավը, և՛ գործընկերներս, երկրորդը, որ կար սկիզբ ու վերջ, այսինքն՝ գրաֆիկը և կերպարը հստակ էին»:

Խոսելով իր մարմնավորած կերպարից՝ Գայանեն նրան այսպես բնութագրեց. «Կերպարս իր գործին նվիրված անձնավորություն է, ով անձնվեր անում է իր աշխատանքը՝ զուսպ ու կազամակերպված: Ինձ հետ համեմատության մեջ կարող եմ ասել, որ ես իրականում ավելի կյանքով լեցուն մարդ եմ»:

Համագործակցության մասին Գայանեն նշում է. «Շատ պրոֆեսիոնալ թիմ էր՝ ռեժիսորից, օգնականներից, հանդերձավորողներից մինչև իմ խաղընկերները, որոնցից շատերի հետ ես երբեք մեկ կադրում, մեկ հարթակի վրա նախկինում չէի եղել ու շատ ուրախ եմ, որ այս առիթը ստեղծվեց և ես ճանաչեցի այդ մարդկանց: Շնորհակալ եմ թիմին նաև այն բանի համար, որ ինձ այդքան ջերմ ու գրկաբաց ընդունեցին, որովհետև նրանք արդեն մեկ եթերաշրջան աշխատել էին միասին ու մեկ ընտանիքի պես էին և նոր անդամ պետք է ընդունեին: Շատ լավ վերաբերմունք էր միմյանց հանդեպ, շատ ճիշտ հարաբերություններ. ես շատ ուրախ եմ այս համագործակցության համար»:

Ֆիլմի մեսիջն էլ Գայանեն այսպես է մեկնաբանում. «Մասնագիտական ուղղվածությամբ ֆիլմ է՝ սպանություններ, բացահայտումներ, սակայն այս ամենի մեջ կարևորվում է մարդկայինը: Ֆիլմը այն պրոֆեսիոնալների մասին է, ովքեր հանուն գործի պատրաստ են անգամ սեփական կյանքը վտանգել, մոռացել են անձնականի մասին ու նվիրումով ծառայում են իրենց կոչմանը»,- զրույցի վերջում ընդգծեց մեր զրուցակիցը:

Զրուցեց՝ Արմինե Հայրապետյանը

լուսանկարները՝ Գայանե Ասլամազյանի անձնական արխիվից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել