Armenpress.am-ը գրում է.

Հայաստանից ժամանակավոր ապաստան խնդրելու Ադրբեջանի քաղաքացի Շահին Միրզոևի քայլը ևս մեկ վկայություն է այն հանգամանքի, որ հարևան երկրում ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրական վերաբերմունքը շարունակում է մնալ պետական քաղաքականություն: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Մենք, ստանալով նման խնդրանք Ադրբեջանի քաղաքացու կողմից անմիջապես քննարկել ենք այն և եկել ենք եզրահանգման, որ այդ խնդրանքը մերժելու հիմքեր չունենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նախարարը:
Նա հավելեց, որ Հայաստանի Հանրապետությունը, փոխգործակցելով միջազգային կառույցների հետ, ամեն ինչ անելու է Ադրբեջանի քաղաքացու իրավունքները պաշտպանելու և նրա համար մշտական ապաստան գտնելու համար:

Հայաստանի իշխանություններին է դիմել Շահին Միրզոևը՝ խնդրելով իրեն տրամադրել ժամանակավոր ապաստան, քանի որ հանդիսանալով Թալիշական մշակույթի խորհրդի անդամ, Թալիշական ազատագրական շարժման մասնակից, «Թոլիշի Սադո» թերթի թղթակից ստիպված է եղել փախչել Ադրբեջանից՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների հանդեպ բռնաճնշումների ու նրանց իրավունքների կոպտագույն ոտնահարումների պատճառով, և ընտանիքով ժամանել Հայաստան։ 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել