Tert.am-ը գրում է.

Թուրքիայում Պոլսո Հայոց պատրիարքի սպասվելիք ընտրությունների գործընթացը մտել է փակուղի. նախօրեին համայնքը ցնցեց եկեղեցական խորհրդի նախագահ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանի՝ հրաժարականի ու Ստամբուլը լքելու մասին պաշտոնական հայտարարությունը: Եպիսկոպոս Մաշալյանը, որը նաև նոր պատրիարքի պաշտոնի համար առաջադրված չորս թեկնածուներից մեկն էր՝ Գերմանիայի հայ համայնքի հոգևոր առաջնորդ, արքեպիսկոպոս Գարեգին Բեկչյանի, Գուգարքի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Սեպուհ Չուլջյանի և փոխպատրիարք Արամ Աթեշյանի հետ միասին, հայտարարել է իր թեկնածությունը հանելու մասին:

Ինչպես գրում է «Ակօսը»՝ Մաշալյանն իր որոշման համար մեղադրել է փոխպատրիարք Աթեշյանին և հայտարարել, որ վերջինս ամեն կերպ խոչընդոտում է նախընտրական գործընթացն ու խախտում եկեղեցական կարգը:

Հիշեցնենք, որ Պոլսո Հայոց պատրիարքարանը հայտարարել է ներկայիս պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին պաշտոնանկ անելու որոշման մասին:

Մաշալյանը, մասնավորապես, նշել է, որ պատրիարք Մութաֆյանին պաշտոնանկ անելու և պատրիարքի աթոռի պաշտոնապես թափուր մնալու մասին հայտարարությունից հետո օրենքով պետք է բարձրացվեր «տեղապահի» հարցը, իսկ Արամ Աթեշյանի՝ որպես փոխանորդ գործելու փաստն այդ որոշումից հետո այլևս անօրինական է: 

Մինչդեռ, Մաշալյանի խոսքով, եկեղեցական խորհուրդն աչք է փակել Աթեշյանի՝ փոխանորդի պաշտոնում մնալու փաստի վրա՝ կուլ գնալով վերջինիս սպառնալիքներին և կամակորություններին:

Հրաժարական տված եպիսկոպոս Մաշալյանը նշում է, որ հենց Աթեշյանի մեղքով է, որ նախընտրական գործընթացը ձգվում է ամիսներ շարունակ և հայտնվել է փակուղում՝ մի գործընթաց, որը կանոնակարգի համաձայն գործելու դեպքում առավելագույնը մի քանի շաբաթում պետք է ավարտին հասցվեր:



Նշենք, որ հոկտեմբեր ամսից ի վեր Պոլսո Հայոց պատրիարքարանն այդպես էլ չի ստացել Ստամբուլի նահանգապետարանի կողմից ընդունելության ամսաթվի վերաբերյալ պաշտոնական պատասխան: Ակնկալվող հանդիպմանը Պոլսո Հայոց նոր պատրիարքի ընտրությունների հետ կապված պատրիարքարանին կից հանձնաժողովը պետք է նահանգապետարանին ներկայացներ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ եկեղեցական խորհրդի որոշումն ու հստակեցներ ընտրությունների անցկացման ժամկետները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել