Image may contain: outdoor... Էստեղ անցել է իմ ու տղերքի մանկությունը, Էստեղ, ուր հիմա կանգնած եմ, ծերուկ Ժորայի սեղանիկն էր ժամանակին: Ժորան մի ոտք ու մի աղջիկ ուներ: Դպրոցից մի քանի մետր այն կողմ սեղանիկ էր դրել, որ աղջկան ուսման տալու փողերը հավաքի, բայց աղջիկը, որին ի պատիվ մեկն ու մեկի Շողիկ էին անվանել, ութերորդն ավարտելուց հետո սեփական կամքով թողեց դպրոցն ու սկսեց էդ նույն սեղանիկին կարկանդակներ վաճառել: Քաղցկեղից մեռած մոր ամբողջ գրադարանն էջ առ էջ պատռում էր, որ հաճախորդների ձեռքերը չձեթոտվեն հանկարծ, ես ու Կանտն էլ տնից շիրվանզադեներ ու Լենինի հանրագիտարաններ էինք գտնում, փոխում Շողիկի գրքերի հետ, որ Ֆոլքներին ու Մարկեսին ձեթոտվելուց փրկենք: Աղջիկը գոհ էր մնում. Շիրվանզադեն Մարկեսից հաստ էր: Տնից սեղանիկ ընկած ճանապարհին առնվազն երեք անգամ ասֆալտին էր թափում կարկանդակները, մենք էլ չնկատելու էինք տալիս ու ոչ ոքի չէինք ասում: Չէինք ասում, որովհետև Մուլտը սիրում էր նրան: Սեկայով կամ բիլիարդով կրած ամբողջ փողը ծախսում էր սրա կարկանդակների վրա, ծախսում էր ու չէր ուտում, ծախսում էր ու հյուրասիրում դասարանի աղջիկներին, ծախսում էր ու փոխարենը ոչինչ չէր ստանում. առևտուր անել չգիտեր Մուլտը: Մի օր էլ դպրոցից դուրս գալիս տեսանք, որ մի քանիսը ծաղրում են Շողիկին: Մուլտը կռիվ սարքեց, ու երևի մեր կյանքի առաջին լուրջ ծեծն էդ օրը կերանք: Հույս ունեինք, որ գոնե դրանից հետո էս չստացված կարմիր գլխարկը Մուլտին բանի տեղ կդնի, բայց ամեն բան նույնը մնաց: Հետո պիտի երկու կամ երեք տարի անցներ, մինչև ծերուկ Ժորան մեռներ, մինչև Շողիկը հորը թաղելուց հետո լույսի արագությամբ ընտանիք կազմեր, մինչև Մուլտը ձևացներ, թե իրեն մեկ է: Քեզ տղամարդ զգալու համար պիտի հոգու առևտրում առնվազն զրո կանգնես: Մուլտի տակ տալուց տասնհինգ տարի է անցել: Սեղանիկի փոխարեն խանութ է, կարկանդակների փոխարեն ավելի մաքուր, ասֆալտին չընկած կարկանդակներ, Շողիկի փոխարեն ավելի մաքուր, ասֆալտին չընկած շողիկներ:
… Գիշերը տնավորվել է դպրոցի բակում, տպավորություն է, թե չի լուսանալու: Դպրոցի պահակը դուրս է գալիս ու բարևում: Ծխախոտ եմ առաջարկում, հրաժարվում է: Մուլտի` Շողիկին սիրելու տարիներին ահագին թանկ արժեցած կաշվե բաճկոնը գցում է վրան ու բողոքում եղանակից, ու բողոքում կյանքից, ու բողոքում երկրից… Անցյալ տարի էս նույն եղանակին Կուկուի հետ էստեղ էի եկել: Նստել էինք աստիճաններին, գարեջուր էինք խմում: Ես նրան տղերքից էի պատմում, դպրոցից էի պատմում: Ձևացնում էր, թե պատմածներս հետաքրքիր են իրեն: Ձևացնում էի, թե իր ձևացնելը չեմ նկատում: Կուկուն էստեղ չի: Չեմ ներում Կուկուին: Պահակը պատմում է, որ իր թոռն արդեն ուսանող է, իսկ ես չեմ ներում Կուկուին իր հեռանալը, պահակը պատմում է, որ էս երկրի կարևոր հարցերը Ռուսաստանում են որոշում, իսկ ես չեմ ներում Կուկուին էս դառնահամ մենակությունը, պահակը պատմում է, որ տնօրենն իրեն հարբած բռնացրել է ու կտրել աշխատավարձը, իսկ ես չեմ ներում Կուկուին, որ պահակից փող են պահել: Կդիմանամ: Ես Մուլտը չեմ: Կսովորեմ առևտրից առաջ ապրանքի գնին նայել: Կանցնի: Ամեն բան կանցնի: Թքած, թե երջանկությունս կոկորդիս կանգնեց, թքած, որ կյանքս շան բաժին դարձավ, ամեն բան մի օր խաղաղվում է: Մի օր գուցե չխեղդվեմ առանց նրա, մի օր… երբ հասկանամ, որ իր մասին գրած բոլոր էջերս հատ-հատ պոկել է գրքից ու դրանցով փաթաթել իր ձեթոտ կարդանդակները…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել