Այս տարվա խորհրդանիշը, ըստ Արևելյան հորոսկոպի, համարվում է աքաղաղը (петух): Քրեական ժարգոնից հասկացողներն արդեն սկսել են սրամիտ կատակներ անել այդ առթիվ, քանզի հանցագործ աշխարհում петух են կոչում ամենաստորին շերտի կալանավորներին:

Գողական գաղտնալեզուն միշտ հետաքրքրություն է առաջացրել հասարակության լայն շրջանակների մոտ: Եվ դա հասկանալի է, քանի որ այն բավական յուրահատուկ արտահայտչամիջոց է, խորհրդավոր բարբառ: Այդ լեզվից մի շարք հայտնի փոխառությունների մասին պատմում է բանտային կյանքի հետազոտող, գրող, Ֆիմա Ժիգանեց կեղծանվամբ հայտնի Ալեքսանդր Սիդորովը:

Ազատազրկման վայրերում «козел» և «петух» որակումները սարսափելի վիրավորական են համարվում: «Козел»-ի հետ ամեն բան պարզ է․ դա գարշահոտ կենդանի է, որը նաև եղջյուրներ ունի, և դրա նմանները բանտարկյալների շրջանում միշտ ամոթալի երևույթների հետ են ասոցիացվում: Սկզբում «козел» էին կոչում պասիվ միասեռականներին, իսկ նախորդ դարի 60-70-ականներին՝ գաղութի ադմինիստրացիայի օգնականներին: Իսկ ինչո՞ւ «петух»: Ֆոլկլյորում դա բավական դրական կենդանի է: Օրինակ՝ «գործ տվողներին» անվանում են «հավ»: Դա հասկանալի է: Բայց ո՞ր մեղքի համար է աքլորն արժանացել այդքան վիրավորական արտահայտության բախտին: Պարզվում է, որ պասիվ միասեռականներին ազատազրկման վայրերում այդպես վաղուց են անվանում, չնայած «ԳՈՒԼԱԳ»-ի ժամանակ նրանց նաև «певень» կամ «пивень» էի կոչում, որը «петух»-ի հոմանիշներից է: Ի դեպ՝ այսօր որպես «петух»-ի հոմանիշ բանտերում օգտագործում են նաև «պինչ» տերմինը, որն առաջացել է պինչեր ցեղատեսակի շան անվանումից: 

Ալեքսանդր Սիդորովի խոսքերով՝ բանտային ժարգոնը յուրատեսակ բառերի հավաքածու է, որում կան բոլոր հնարավոր փոխառությունները: Խորհրդային իշխանության գալով՝ ազատազրկման վայրերում հայտնվեցին և՛ ինտելիգենտները, և՛ սպիտակ սպաները, և՛ վաճառականները, և՛ հոգևորականներն ու հասարակ գյուղացիները: Եվ յուրաքանչյուր սոցիալական շերտ իր ներդրումն ունեցավ այդ բառապաշարի զարգացման գործում, որում ներառվեցին և՛ պրոֆեսիոնալ տերմիններ, և՛ անսովոր փոխաբերություններ:

Օրինակ՝ «толкать порожняк» արտահայտությունն առաջացել է հանքափորներից և նշանակում է դատարկ խոսակցություն վարել: Порожняк-ը հենց դատարկ, չբեռնված վագոնն է, որն օգտագործվում է հանքերում: Մյուս օրինակը՝ «волына», որը նշանակում է ատրճանակ: Դա կազակական բառ է, որը նշանակում է զենքի համար նախատեսված գոտի:

«Жиган»-ը դա որոշակի տարածաշրջանին հատուկ բարբառային բառ է: Դրա արմատը «жиг» և «жег»-ն են, որոնք իմաստային առումով նշանակում են այրել, վառել, այրվածքի նմանվող տպավորություն թողնել: Ի սկզբանե «жиган»-ն ասոցիացվում էր կրակի հետ: Այդպես էին կոչում հնոցպաններին, օղի թորողներին, և ընդհանրապես մարդկանց, ովքեր ինչ-որ չափով մրոտված էին: Հետո սկսեցին այդպես կոչել խաբեբաներին, հմուտ խարդախներին: Ցարական Ռուսաստանի քրեական աշխարհում ժիգաններին հարգում էին, նրանք տեղի բարձրագույն կաստայի մասնիկն էին համարվում:

Սիդորովի խոսքերով՝ ժարգոնային բառերը երբեմն վերցվում են օտար լեզուներից: Օրինակ՝ «халява» բառն առաջացել է լեհ կալանավորներից: Լեհական այդպիսի ասացվածք կա․ «Видно пана по халяве»: «Халява»-ն ճտքավոր կոշիկի սրունքը գրկող հատվածն է: Խարդախները հատուկ լայն սրունքով ճտքավոր կոշիկներ էին կարել տալիս իրենց համար, և դրանցով շրջում շուկաներում: Մինչ հանցակիցը շեղում էր վաճառողին, գողը գաղտնի կերպով մթերքը լցնում էր կոշիկի մեջ, այլ կերպ ասած՝ скидывал на халяву: Հնարավոր է՝ հենց այդտեղից էլ առաջացել է ժարգոնային այդ բառի ժամանակակից նշանակությունը՝ անվճար, նվիրած:

«Фраер» (Freier)-ը գերմաներեն է և նշանակում է փեսացու: Ցարական Ռուսաստանում խաբեբաներն այդպես էին կոչում այն հեղինակավոր մարդկանց, չինովնիկներին, ովքեր հաճախակի օգտվում էին մարմնավաճառների ծառայություններից: Ֆրայերները հեշտությամբ կարող էին դառնալ խարդաների սխեմայի զոհը: Դա կարող էր լինել հետևյալ կերպ․ մարմնավաճառուհու հետ նույն սենյակում գտնվելու պահին «գործի» ամենապատասխանատու ժամանակ կարող էր սենյակ մտնել այդ աղջկա․․․ ամուսինը: Ի դեպ՝ օրինական ամուսինը: Նա իր համախոհ-մարմնավաճառուհու հետ միանգամից աղմուկ է բարձրացնում: Ֆրայերը, որպեսզի զերծ մնա խայտառակվելուց և փրկի հեղինակությունը, խաբեբաներին էր տալիս իր մոտ եղած ողջ գումարն ու ծլկում էր այդտեղից՝ չստուգելով անգամ եղածի իսկությունը:

Հետաքրքրական է, որ նման խարդախության մեջ ներգրավված կնոջն անվանում էին «хиписницей» կամ «хипишницей» (հայերեն՝ խիպիշ): Այդպես եբրայերեն կոչվում է այն հովանոցը, որի տակ հրեական հարսանիքի ժամանակ կանգնում են հարսն ու փեսան: 

ժամանակի ընթացքում սկսեցին ֆրայեր կոչել ոչ միայն խիպիշի զոհերին ու հասարակաց տների այցելուներին, այլև տարատեսակ անհաջողակներին: «ԳՈՒԼԱԳ»-ում ֆրայերը սովորական քաղբանտարկյալն է, ինտելիգենտը: Գաղութի բնակիչները նրանց արհամարում էին: Իսկ ահա 1960-80 ականների քաղբանտարկյալներին ու այլախոհներին կալանավորները հարգում էին համոզմունքների և անկոտրուն կամքի համար: Դրան նպաստում էին նաև քրեական տարրերի շրջանակներում հակակոմունիստական տրամադրությունները: Իսկ «фраер» այլևս չէր նշանակում «հարիֆ» կամ «լոխ», ինչպես առաջ էր: Այսօր արդեն ֆրայերները դարձել են գողերի, նրանց ջատագովների, քրեական կյանքը սիրողների մի տեսակ:

Օրենքով գողերը սեփական բառապաշարն ունեն: Նախկինում նրանց կա՛մ թագադրում էին, կա՛մ մկրտում՝ կախված նրանց դավանած կրոնից: Օրինակ՝ Դեդ Հասանը եզդի էր, այդ պատճառով նրան ոչ թե մկրտել էին, այլ թագադրել: Այսօր արդեն այլ կերպ են վարվում: Որոշվել է, որ չպետք է տարանջատել մկրտությունը թագադրումից: Այժմ ընդունված է ասել, որ այդ մարդու վերաբերյալ «հարցերը լուծվել են», այսինքն՝ օրենքով գող են դարձրել: Ահա այսպիսի հետաքրքիր տերմինաբանություն:

Եվս մեկ հետաքրքիր նկատառում․ ավանդույթի համաձայն՝ օրենքով գողը պարտավոր է, որտեղ էլ որ լինի, դրական պատասխան տա այն հարցին, թե ինքը համարվում է օրենքով գող: Դա վերաբերվում է ընդհուպ մինչև ոստիկանական բաժանմունքում գտնվելուն: Այդպիսով հանցագործը փաստացի հաստատում է, որ ղեկավարում է կազմակերպված հանցավոր խումբը:

Ընդհանրապես, օրենքով գողերը պահպանում են ավանդույթները, բայց փորձը ցույց է տալիս, որ վերջին շրջանում դա նրանց միայն վնասում է: Ի՞նչ անել այդպիսի իրավիճակում: Շաքրո Մոլոդոյն, օրինակ, կտրականապես հրաժարվեց տեսախցիկների առաջ շփվել իրավապահ մարմինների հետ: Իսկ որոշ գողեր այլ կերպ են վարվում․ սադրիչ հարցերին նրանք պատասխանում են․ «Ես մերոնց մոտ եմ»: Դա նշանակում է ես իմ մարդկանց մոտ եմ, գողերի մոտ: Ով թեմայի մեջ է, հասկանում է: Իսկ կողմնակի մարդիկ ընդհանրապես կարող են չհասկանալ այդ խոսքը:

Տեսակետ կա, որ ռուսական քրեական ժարգոնը շատ փոխառություններ ունի եբրայերենից: Այն հիմնականում տարածվել է Օդեսայից: Երկու գլխավոր գողական կենտրոնները եղել են Օդեսան և Ռոստովը: Իրականում այդ երկու քաղաքներն էլ ընդգծված հրեական բնակչություն ունեին: Ռոստովում ավելի շատ հրեա կար, քան Մինսկում ու Կիևում: Այստեղից էլ ժարգոնային խոսքի մեջ տարածվել են եբրայական փոխառությունները, չնայած դրանք հարմարեցվել են ռուսերենին: 

Սիդորովը նշում է նաև, որ կապված երբայերենից արված փոխառությունների հետ՝ մեծ են շփոթեցնող բառերը: Օրինակ՝ շատ մասնագետներ կարծում են, որ «параша» բառը, այսինքն՝ խցի արտաքնոց բնութագրող բառը, եկել է հենց եբրայերենից: Բայց ամեն ինչ շատ ավելի պարզ է․ հոկտեմբերի 27-ին նշվում է սլավոնացիների «Параскева Грязниха» կոչվող տոնը: Աշուն, ցեխ, անձրև: Праскева-ն նույն Прасковья անունն է, փաղաքշական՝ Параша: Հենց այդ տոնի ժամանակ առկա ցեխի ու կեղտոտության պատճառով էլ խցի արտաթորանքի համար նախտեսված դույլը կամ տարան կոչում են «параша»: Արդյունքում առաջացել են այնպիսի արտահայտություններ, ինչպիսին են «нести парашу», «да это параша!»: Եբրայերենում «параша» բառը (շեշտը վերջին վանկի վրա), նշանակում է ղեկավարում, ուղղորդում: Դա ամենևին կապ չունի ռուսական ժարգոնում օգտագործվող բառի իմաստի հետ: 

Նույնը վերաբերում է նաև ботать по фене բառակապակցությանը: Այն նշանակում է «խոսել գողական ժարգոնով»: Դրանում հրեական արմատներ են փնտրում, բայց պետք էր այլ ուղղությամբ նայել: Հնում կովերի պարանոցից զանգ էին կախում, որը կոչվում էր ботало: Հենց այդտեղից էլ առաջացել է ботать՝ խոսել (զնգզնգալ) ժարգոնային բառը:

Քրեական տերմինաբանության մեջ շատ բառեր եկել են Արևելքից: Դրանցից մեկն էլ «шмонать» բառն է: Դրա արմատը թյուրքական «աշմալաշ»՝ խուզարկել, թալանել, թափ տալ բառն է: Իսկ «ашманать» բառը հանդիպում է Վսեվոլոդ Կրեստովսկու «Պետերբուրգյան հետնախորշեր» վեպում: Հետո արդեն դրանից առաջացել են այնպիսի հայտնի բառեր, ինչպիսիեք են «шмонать» և «шмон» (շմոն):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել