Շոու բիզնեսի աստղերի կյանքի բաղադրիչներից են ֆոտոշարքերը: Սովորաբար նման նախագծերում հայտնիները ներկայացվում են հնարավորինս շահեկան ու անթերի կերպարներով, սակայն երբեմն նման ֆոտոշարքերը բացասական բիծ են թողնում արտիստի կերպարի վրա ու արժանանում քննադատությունների: Այսօր կվերհիշենք հայկական շոու բիզնեսի աստղերի մասնակցությամբ երբևէ արված ամենասկանդալային երեք ֆոտոշարքերը, որոնք հասարակությունը գրեթե միաբերան քննադատեց: 

Սուպեր Սաքոյի՝ գանգստերական տրամադրությունների մեջ արված այս ֆոտոշարքը իսկական իրարանցում առաջացրեց երկու պատճառով. նախ՝ ֆոտոշարքը ներառում էր բռնության ու արյան բաց տեսարաններ, ինչը մեխանիկորեն արդեն իսկ բացասական տրամադրվածություն է ենթադրում,  և երկրորդ՝ ամենակարևորը՝ այդ ֆոտոշարքը արվել էր Հաղպատի վանքի ֆոնին, քրիստոնեության խորհրդանիշ խաչի ներքո: Ֆոտոշարքի գաղափարի հիմքում կնոջ անհավատարմության ու դրա համար նախատեսված դատաստանի գաղափարն է: Սակայն բազում քննադատությունների ֆոնին այս մասին անգամ ոչ ոք չխոսեց էլ: Ավելին՝ ավելորդ համարվեց փորձել հասկանալ մի բան, որտեղ առանց հասկանալու էլ ամեն ինչ անտրամաբանական է: 

Տղամարդկանց ամենասիրելի ամսագրերից մեկի` «MAXIM»-ի համար արված Եվա Ռիվասի ֆոտոշարքը իսկական բում էր մեր պահպանողական հասարակության համար: Ամեն ինչ թեթև կանցներ, եթե Եվայի մերկ մարմինը «MAXIM»-ի էջերը զարդարեր Եվրատեսիլից առաջ, երբ Եվային բոլորը ընկալում էին որպես «Ռուսաստանում մեծացած, երես առած» աղջիկ: Սակայն այն հանգամանքը, որ այս ֆոտոշարքից կարճ ժամանակ առաջ Եվան Եվրատեսիլում ներկայացրել էր Հայաստանը ու կատարել էր Ցեղասպանության թեմայի ենթատեքստով երգ, հայ հասարակությանը հիմք էր տալիս կարծելու, թե Եվան միայն հայկական ավանդական տարազով պիտի նկարվեր «MAXIM»-ի համար: 

Կամո Թովմասյանի և Rippi-ի՝ «El Style»-ի համար ֆոտոշարքը ևս մեծ աղմուկ բարձրացրեց հայ հանրության մեջ: Խնդիրը ոչ թե Ռիփփիի մերկ մարմինն էր, որը տեսնելու առիթներ մինչ այդ էլ բազմաթիվ անգամներ եղել են, և ոչ էլ Կամոյի կերպարը, որին արդեն հարմարվել էր հայ հասարակությունը մինչ այս ֆոտոշարքը: Խնդիրը կոնկրետ մեկ լուսանկարի մեջ էր, որտեղ Կամոն «պահում» է Ռիփփիի մերկ կուրծքը: «Ֆոտոշոփ է», «իրական չէ», «Իրականում Ռիփփին մերկ չի եղել, նկարել են, հետո ֆոտոմոնտաժով հանել հագուստը», «իրականում Կամոյին ու Ռիփփիին առանձին են նկարել, հետո ֆոտոշոփով միացրել են նկարները»... Ահա այսպիսի մի շարք անհեթեթ ու ծիծաղելի փրփուրներ, որոնցից կախվում էր մեր հասարակության այն հատվածը, որն ուղղակի հրաժարվում է ընդունել այն միտքը, որ ֆոտոշարքի շրջանակներում տղամարդը, այո՛, կարող է գրկել այն կնոջ մերկ կուրծքը, ում հետ սիրային ոչ մի կապ չունի: 

   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել