EXCLUSIVE

BlogNews.am-ը պարբերաբար անդրադառնում է այն երգերին, որոնք ընդմիշտ դրոշմվել են 90-ականների սերնդի հիշողության  մեջ ու  այդ երգերը կատարողների համար ճանապարհ հարթել դեպի հայկական շոու-բիզնես: Այսօր «Բայց դու չես գալիս» երգի պատմության մասին զրուցում ենք երգիչ Արսեն Սաֆարյանի հետ, ում անզուգական ու զգացմունքային կատարումն էլ հենց այս գեղեցիկ երգը դարձրեց մեգահիթ:

«Երգը գրվել է 80-ականների վերջում, երբ դեռ եղբայրս Արցախում էր ապրում: Ընկերներով էստրադային խումբ ունեին ու երգեր էին գրում, կիթառի նվագակցությամբ կատարում: Այնպես որ, երգը մի քանի համահեղինակների ստեղծագործություն է: Ես երգը լսել եմ շատ ուշ՝ 93-94 թվականներին, երբ եղբայրս եկավ Ղարաբաղից: Ու քանի որ կիթառ նվագել էի սովորում, հենց այդ երգն էլ սովորեցի: Որտեղ որ հնարավոր էր՝ դասարանի հավաքույթ, երեկոյան բակում հավաքվեինք, հետագայում ուսանողական հանրակացարանում, միշտ երգում էի, ու բոլորը միանգամից սիրում էին այն: Եկավ մի օր, և ես որոշեցի լուրջ զբաղվել երաժշտությամբ, ու ահա այդ ժամանակ էլ զբաղվեցի երգով, քանի որ գիտեի, որ այն շատ շահեկան է: Գործիքավորումն արեց Արեգ Առուստամյանը և  աշխատանքն ինձ միանգամից դուր եկավ: Երգը ձայանգրվեց «Ասպարեզ» ստուդիայում: Հետաքրքիր էներգետիկա ունի այդ երգը, ով լսում, սիրահարվում էր նրան: Հետո երգը սկսեցին պտտել ռադիոկայանները ու այն ամենուր հնչում էր»:

«Ուսանող էի, նստում էի երթուղային, ու երբ երգը հնչում էր, տեսնում էի՝ ինչպես են մարդիկ ուշադրությամբ լսում, իսկ ես իրենց կողքը նստած էի, բայց ոչ ոք ինձ չէր ճանաչում: Այդ տարիներին հայալեզու նման երգեր շատ քիչ էին ստեղծվում, բոլորը հիմնականում արտասահմանյան երգեր էին կատարում, և հիթային հայկական երգեր մատների վրա կարելի էր հաշվել: Հիշում եմ, որ այդ տարիներին երևի միայն Ֆորշը արդեն իսկ ուներ ծավալուն երգացանկ: Հեղինակային երգերի մասին չեմ խոսում, այդպիսիք շատ կային հատկապես ռոք ոճի մեջ, բայց սիրային, թեթև հիթային երգերը քիչ էին: Այդ տարիներին Երգի պետական թատրոնը շատ ազդեցիկ մի վայր էր և այնտեղ երգելը մեծ պատիվ էր, ուստի ես ևս շատ էի ուզում հայտնվել այդ բեմահարթակի վրա: Կար «Այո» շոու-մրցույթ, որի արդյունքում ընտրված լավագույն երգերից 10-յակ էր կազմվում ու ձայներիզ ստեղծվում: Սակայն ձայներիզը չէր իմ նպատակը: Ինձ պետք էր, որ Արթուր Գրիգորիչն ինձ նկատեր: Երբ սկսեցի երգել, մինչև վերջ չընդհատեց, ու եթե սովորաբար մրցույթի մասնակիցների ելույթները նա կեսից ընդհատում էր, ինձ մինչև վերջ լսեց, ու վերջում ամբողջ դահլիճը ծափահարեց ինձ: Ահա այսպես էլ այս երգը օգնեց ինձ բացել Երգի պետական թատրոնի դռները»:

«Իսկ երբ Ֆորշը լսեց երգը, առաջարկեց բոլոր համերգներին իր հետ շրջագայել ու կատարել այն: Պատկերացնու՞մ եք, ինչ հնարավորություն էր դա սկսնակ երգչի համար: Բոլոր առումներով այս երգն իմ կյանքում «ոսկե բանալու» դեր կատարեց: Շատերն իրենց կյանքում առաջին անգամ սիրելիների հետ հենց այս երգի տակ են պարել, սիրահարվել: Անգամ մի դեպք եղավ, երբ ինձ մի երիտասարդ զանգեց ու պատմեց, որ ողջ գիշեր երգի պատճառով չի քնել, որովհետև երգի բառերն անընդհատ պտտվում էին նրա ուղեղի մեջ: Երգը 27 տարվա պատմություն ունի և այսօր էլ այն շարունակում է պահանջված մնալ: Իմ բոլոր համերգներին ես այն կատարում եմ, ու հենց այս երգի ընթացքում է, որ ողջ դահլիճը ձայնակցում է ինձ», -նշում է Արսեն Սաֆարյանը:

Ահա այսպիսի հրաշալի պատմություն ունի այս երգը, որը, սակայն, մինչ օրս այդպես էլ չունի իր տեսահոլովակը: Հուսանք՝ մոտ ժամանակներում Արսեն Սաֆարյանը կուղղի «ճակատագրական» այս սխալը ու երգին երկրորդ կյանք կնվիրի՝ նրա հիման վրա տեսահոլովակ նկարահանելով:

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել