Փետրվարի 6-ից, երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը՝ 21:00-ին, Արմենիա Պրեմիումի եթերում կցուցադրվի նոր հեռուստանովել՝ «Գնված երջանկություն»: Սերիալում նկարահանվել են Մերի Մակարյանը, Մարինկա Խաչատրյանը, Աբել Աբելյանը, Մարիամ Ադամյանը, Լուիզա Ներսիսյանը, Լևս Դավթյանը և այլ հայտնի դերասաններ: 

Հեռուստանովելի ռեժիսորը Հարութ Շատյանն է, սցենարի հեղինակը՝ Անահիտ Շահսուվարյանը: Երկար ու ձիգ սերիալ չէ, այն բաղկացած է ընդամենը 20 սերիայից ու ունի իր ավարտուն սյուժե: Հեռուստամելոդրամայում բացակայում են բռնության, սպանության, ծեծկռտուքի և արյունոտ տեսարանները, շեշտը դրված է մարդկային պարզ ու բարդ փոխհարաբերությունների վրա, ինչը չի կարող չհուզել հեռուստադիտողին:

«Գնված երջանկություն»-ը  գունեղ ու հետաքրքիր պատմություն է մի աղջկա մասին, ով զրոյից հասնում է ամեն ինչի, ում կյանքը փոխվում է միայն դեպի լավը, ով անկախ ամեն ինչից` հստակ քայլերով գնում է իր երջանկության ետևից ու արժանանում է այդ երջանկությանը. «Գիտենք, որ մեր օրերում փողի պաշտամունքը ապսուրդի այն աստիճանին է հասել, որ մարդուն անընդհատ ներարկում են, թե ամեն հարց այս կյանքում փողով է լուծվում, որ ամեն ինչ հնարավոր է գնել ու վաճառել, նույնիսկ մարդու ճակատագիրը: Այդպիսի մի ապսուրդ աճուրդի զոհ էլ դառնում է սերիալի գլխավոր հերոսուհին, ով ապացուցում է նման մտածողություն ունեցող երիտասարդին, որ ամենկարևոր ու թանկ բանը ոչ թե փողն է, այլ անկեղծ սերը»,- BlogNews.am-ի հետ զրույցում պատմել է գործադիր պրոդյուսեր Արա Բաղդասարյանը:    

«Սերիալը ստեղծում է մեր օրերի հերոսի կերպար, որը իր հաջողության գրավականը համարում է ոչ թե շահավետ ամուսնությունը կամ լավ շրջապատը, այլ ինքնակրթությունը, այսինքն՝ առաջին պլան է մղվում մարդու ինտելեկտուալ ազատությունը»,- նշում է Արան և ավելացնում, որ ամենախստապահանջ հեռուստադիտողն էլ կհավանի ինտրիգներով լի մելոդրաման: Խելահեղ ռիթմ, սեր, դավաճանություն, կիրք, հիասթափություն և անհնարիին թվացող երազանքների իրականացում. հեռուստանովելը լի է դրամատիկ զարգացումներով: Իսկ թե ինչու «Գնված երջանկություն», գործադիր պրոդյուսերը նշում է. «Փողով գնված երջանկությունը բոլոր դժբախտությունների հիմքն է: Հարուստ լինես, թե աղքատ, եթե չունես իրական սեր, չես կարող երջանիկ լինել»,-եզրափակեց Արան: 

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել