Կոնվերս բանկը շարունակում է իր՝ արդեն ավանդույթ դարձած «երկխոսությունների» շարքը:

Հերթական «Շախմատային երկխոսությունն» այս անգամ տեղի ունեցավ ս.թ. մարտի 10-ին TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:

Քաջալերելով երիտասարդ սերնդի զարգացմանն ուղղված ցանկացած ջանք՝ Կոնվերս Բանկը միտում ուներ «շախմատային երկխոսությունը» հասանելի դարձնել ոչ միայն իր անձնակազմի և շախմատասեր հաճախորդների, այլև TUMO-ի առաջադեմ ուսանողների համար: Ի նպաստ երկխոսության նպատակային իրականացման միաժամանակյա խաղին մասնակցում էին նաև Գյումրու շախմատի դպրոցի սաները: Շնորհիվ TUMO-ի սաների նախաձեռնողական և ստեղծագործ ջանքերի՝ խաղի ողջ ընթացքը հեռարձակվեց on-line կարգով, և TUMO-ի Դիլիջանի մասնաճյուղի ուսանողները ևս հնարավորություն ստացան առցանց մասնակցելու խաղին:

Մրցույթին մասնակցում էին նաև Կոնվերս Բանկի շախմատասեր հաճախորդները, որոնք խաղի մասին տեղեկացել և մասնակցելու ցանկություն էին հայտնել բանկի Facebook-ի էջի միջոցով:

«Շախմատային երկխոսության» մասնակիցներին ընձեռնվեց եզակի հնարավորություն` անհատապես ծանոթանալ և մրցել հանրահռչակ գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանի, Գաբրիել Սարգսյանի և Աշոտ Նադանյանի հետ:

Երիտասարդ մասնակիցներից երեքին հաջողվեց 2-ժամյա թեժ պայքարն ավարտել  ոչ-ոքի:

Մրցույթից հետո գրոսմայստերները պատասխանեցին մասնակիցների հարցերին: «Ինձ համար մեծ պատասխանատվություն է խաղալ հատկապես երիտասարդ շախմատիստների հետ, քանի որ նրանցից յուրաքանչյուրի մեջ ապագա չեմպիոն եմ տեսնում », - ասաց Վադիմիր Հակոբյանը՝ պատասխանելով մասնակիցներից մեկի հարցին:

Տարբեր թեմատիկ «երկխոսությունների» միջոցով Կոնվերս Բանկն իր մշտապես բարելավվող ծառայությունների հետ մեկտեղ ձգտում է ստեղծել հաճախորդների հետ շփման ու համագործակցության նորանոր հետաքրքիր եզրեր՝ հոգալով իր հաճախորդների ոչ միայն ֆինանսների, այլև հաճելի և օգտակար ժամանցի մասին:

Մրցույթի անցկացման վայրի ընտրությունը պայմանավորված էր ստեղծարար և առաջադիմական մտքի զարգացմանն ուղղված Կոնվերս Բանկի անթաքույց խրախուսական դիրքորոշմամբ: TUMO-ն ստեղծարար տեխնոլոգիաների յուրատեսակ կրթական կենտրոն է, որի նպատակն է տարեկան հազարավոր երեխաների տրամադրել յուրատեսակ ուսումնական փորձառություն: Այստեղ երեխաները բացահայտում են նոր տեխնոլոգիաների և թվային մեդիայի բազմազան աշխարհը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել