Մենք հաճախ ենք սիրում նայել, թե, օրինակ, ֆիլմերի, մրցանակաբաշխությունների ժամանակ ինչ հագուստ են կրում համաշխարհային աստղերը, իսկ ինչ տեսքով են ներկայանում մերոնք միջոցառումներին, ինչ սկզբունքով են ընտրում իրենց հագուստը: Այս անգամ #BlogNewsFashion-ը ներկայացնում է «Կյանք ու կռիվ 2» պրեմիերային հայ հայտնիների լուքերը:  

Դերասանուհի Թամարա Պետրոսյանը ֆիլմի պրեմիերային ներկայացել էր թրենդային համարվող վելվետից զգեստով՝ համադրելով համապատասխան պայուսակի և կոշիկների հետ: «Առհասարակ չեմ սիրում բրենդների անուններ տալ: Թե՛ վարսերիս, թե՛ դիմահարդարման, թե՛ հագուստիս ընտրությունը իմն է: Դժվարանում եմ գին ասել, քանի որ ամբողջությամբ նվեր է»,- նշեց դերասանուհին:  

Ձիգ կապած վարսեր, քիչ շպար, ընդգծված աչքեր, դասական հագուստ. ահա այս տեսքով էր դերասանուհի Դիանա Մալենկոն ներկայացել պրեմիերային. «Իմ դերձակի կարած հագուստն եմ կրում, չեմ ընտրել որևէ դիզայների հագուստ, և այն կարվել է իմ դիզայնով: Դասականը նորաձևության մեջ իմ ամենասիրելի ոճն է, և ես ներկայանում եմ այդ ոճում: Եթե ամբողջական տեսքը վերցնենք, դիմահարդարումս էլ, ապա ամբողջ լուքս արժեցել է 150.000 դրամ»: 

Սև դասական հագուստ Կոկո Շանելի ոճում. դերասանուհի Նարինե Գրիգորյանի ընտրությունն է․ «Այս զգեստը կարել եմ 46.000 դրամով: Ֆիլմում վարսերս ուղիղ էին, դրա համար էլ ոճաբանս որոշեց, որ ներկայանամ խուճուճ վարսերով, նա անգամ ստիպեց ինձ զուգագուլպա հագնել: Մենք հաճախ ծայրահեղությունների ենք գնում՝ կա՛մ մի քիչ չափից դուրս ներկայանալի ենք լինում, կա՛մ էլ հակառակը»,- նշում է Նարինեն: 

«Առաջին ալիքի» հաղորդավարուհի Թինան ընտրել էր սև զգեստ՝ համադրելով կարմիր ուսապարկի և կոպիտ սապոգների հետ: 

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանի համար կարևոր է, թե ինչ կարգավիճակում է ներկայանում միջոցառամանը․ «Երբ միջոցառման գլխավոր մեղավորներից ես, աշխատում ես ավելի պատրաստված և երևացող լինել, բայց երբ որպես հյուր ես, ցանկալի է՝ լինես հմայիչ տեսքով, բայց շատ չընդգծել, որ դու պատրաստվել ես, կարծում եմ՝ սխալ է: Ես ամեն դեպքում հետևում եմ այդ սկզբունքին»: 

«Մենք այնքան բախտավոր չենք, որ առանձնացնենք օրվա ժամերը՝ գնանք աշխատանքի, հետո հասցնենք փոխել հագուստը և գալ կինոդիտման, դրա համար փորձել եմ այնպիսի հագուստ կրել, որ երկու դեպքում էլ հարմար լինի: Չնայած շատ ցուրտ է, բայց ես ձմռանը սովորաբար միշտ եմ զգեստով լինում, այս անգամ ընտրել եմ ավելի թեթև տարբերակ: Ես համոզված եմ՝ լավ հագուստ կարելի է գնել և՛ էժան գնով, և՛ թանկ: Մի կարևոր բան կա, եթե դու շորասազ ես, և քո վրա ամենաէժան զգեստն անգամ կարող է շատ թանկ նայվել և  կարող է շատ թանկ հագնել և իր վրա չերևա: Ինձ թվում է՝ ամենակարևորը լավ և ճիշտ հագուստ ընտրելն է»,- նշում է «Մասնագիտությունը լրագրող» հաղորդման հաղորդավարուհի Սոնա Աբրահամյանը։

«Քանի որ նկարահանումից ենք գալիս, ես մի քիչ քեժուալ ոճում եմ, պարզապես փորձել եմ գոնե մի քիչ երեկոյան տեսք ունենալ: Հագուստս գնել եմ մասսայական սեր վայելող խանութներից: Կոշիկներս չհաշված՝ մոտավորապես 65.000 դրամ, պարզապես կոշիկներս չեմ հիշում՝ որքան եմ գնել: Համոզված եմ՝ նորաձև տեսք կարելի է ունենալ և՛ թանկ, և՛ էժան հագուստով»,- ավելացնում է Աելիտա Չիլինգարյանը։

Հաղորդավարուհի Մադոննա Հարությունյանը կրում է ջինսե շորիկ, սպիտակ վերնաշապիկ՝ համադրելով շագանակագույն ճտքավոր կոշիկների և նույն գույնի շարֆի հետ: «Ամբողջ լուքս 100.000-130.000 դրամ արժի, հիմնական պատճառը սապոգներս են, քանի որ բնական կաշվից և մորթուց են, դրա համար էլ թանկ են»: 

Դերասանուհի Արփինե Իսրայելյանը կրում էր սև, պարզ զգեստ, ինչպես նա է ասում, հարմարեցրել է ամուսնու հագուստի հետ. «Դժվարանում եմ ասել, թե որքան գումար է արժեցել, քանի որ չեմ կարևորում հագուստի արժեքը, ինձ համար կարևոր է, որ հարմարավետ, կոկիկ լինի»: 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել