ՊԵԿ-ը տարեցտարի արձանագրում է եկամտային հարկի ավելի մեծ գումարի վերադարձ, որն ուղղվում է բնակարանի ձեռքբերման համար ֆիզիկական անձանց հիփոթեքային վարկի տոկոսների մարմանը: Ուշագրավ է, որ տարեցտարի աճում է նաեւ բնակարան ձեռքբերողների թվաքանակը: Եթե 2015-ին վերադարձվել է շուրջ 274 մլն դրամ գումար եւ մասնակից անձինք եղել են 560-ը, ապա 2016-ի վերադարձվել է 1 մլրդ 350 մլն դրամի չափով եկամտային հարկի գումար, իսկ մասնակից անձինք եղել են 1276-ը:

ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ 2017-ի հունվարի 25-ի դրությամբ պետբյուջեից վերադարձված եկամտային հարկի ընդհանուր գումարը կազմել է 1 մլրդ 624 մլն դրամ: Ի դեպ, հաշվի առնելով վերադարձվող գումարների ենթադրյալ աճը` ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից նախատեսվում է հատկացնել շուրջ 2 մլրդ դրամ:

Ուշագրավ է, որ եկամտահարկի գումարների վերադարձման նպատակով վարկառուն առաջին անգամ հարկային մարմին է ներկայացնում կառավարության որոշմամբ սահմանված համապատասխան փաստաթղթերը: Հետագա հաշվետու ժամանակահատվածներում հարկային մարմին է ներկայացվում դիմում եւ վճարված տոկոսների վերաբերյալ բանկի կողմից տրված տեղեկանք:

Նշենք, որ օրերս Կարեն Կարապետյանը սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարին հանձնարարեց քննարկել 2010 թվականին սահմանված «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» պետական նպատակային ծրագրով նախատեսված արտոնությունների վերանայման հնարավորությունը: Վարչապետի հանձնարարականի հիմքում ընկած էր այն, որ պետք է բարձրացնել ձեռք բերվող բնակարանի արժեքի շեմը եւ նվազեցնել պարտադիր կանխավճարի չափը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել