Ի՞նչ կլիներ, եթե բանակում ծառայեին աղջիկները. այս խորագրով էլ BlogNews.am-ը ներկայացնում է իր տոնական, մի քիչ հումորային ֆոտոշարքը բանակից: Մալադոյ Ձյունիկը և Լիլիթը մի քանի ժամ ծառայեցին հայկական բանակում, որտեղ ամեն ինչ անում էին իրենց աղջկական ոճում:

Առավոտը Լիլիթի համար շատ գունավոր էր, քանի որ կրում էր իր սիրելի, կարմիր գիշերազգեստը, մարզվելիս էլ չէր դժգոհում. հարմար հագուստը և իր կողմից ընտրված վարժությունները նրան առույգություն էին տալիս: Դե իսկ լոգարանում սափրվելու փոխարեն Ձյունիկը թարմացնում էր շրթներկը, իսկ վարդագույն տաք գլխարկով և տաք սվիտերով գիրք կարդալը պարզապես հաճույք էր:

Աղջիկների սիրելի զբաղմունքներից մեկն էլ ուտելիք նկարելն է, իսկ եթե այն գունավոր և գեղեցիկ է, միանշանակ տեղ կգտնի Ձյունիկի Ինստագրամում: «Իմ զենքը, իմ շպարի պարագաներն են». այսպես էր մտածում Լիլիթը, երբ զենք մաքրելու փոխարեն կարգի էր բերում իր շպարվելու պարագաները: Դե իսկ, ինչ աղջիկ, եթե շարային քայլով անցնելու ժամանակ չներկայանար իր ամենասիրելի և կարևորը՝ ոճային զգեստով: 

«Անցկացնելով մի քանի ժամ զորամասում և պատկերացնելով, թե ինչ կլիներ, եթե աղջիկները ծառայեին բանակում, ես հասկացա որ դա իրոք դժվար և պատասխանատու գործ է: Մեր զինվորները իրոք ջանասեր և բարեհոգի են, հոգով կուռ և կայուն մարտական պատրաստվածություն ունեցող տղաներ են: Անսահման բարի և ուրախ երիտասարդները ցույց տվեցին մեզ, թե ինչ է նշանակում ծառայել հայրենիքին: Թեև մենք նախագծին մի քիչ հումորով էինք մոտենում, բայց ամեն դեպքում ծառայել հայրենիքին և կատարել սուրբ պարտքը բավականին պատասխանատու և բարդ գործ է»,- նշում է Լիլիթը: 

«Ես միշտ ցանկացել եմ լինել զորամասում և ապրել զինվորի կյանքով, և այդ մի քանի ժամը ինձ համար չափազանց հետաքրքիր էր և հուզիչ: Տպավորված եմ ծառայողական կյանքից, խստությամբ, կարգ ու կանոնով, զինվորների պատրաստակամությամբ: Այս ամենից հետո ինձ մոտ ցանկություն առաջացավ ծառայել բանակում: Ցանկանում եմ, որ բոլոր հայ զինվորները ունենան խաղաղ և անփորձանք ծառայություն, բոլորը վերադառնան իրենց մայրերի, քույրերի, սիրած աղջիկների մոտ»,- նշում է Ձյունիկը: 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Արտ տնօրեն՝ Կարեն Անտինյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել