Times.am-ը գրում է.
 Չնայած հանգամանքին, որ Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը քննության է առել և սահմանադրությանը հակասող է հայտարարել Հավասարության և քաղաքացիության մասին օրենքի այն հոդվածը, որը պատիժ էր սահմանում մարդկության դեմ գործված բոլոր հանցագործությունների, այդ թվում՝ ցեղասպանությունների ժխտման համար, փորձագետները կարծում են, որ որոշումը չի կարող ազդել Հայոց ցեղասպանության ժխտման պատժելիության վրա, քանի որ Սահմանադրությանը չհամապատասխանող հոդվածը ուղղակիորեն Հայոց ցեղասպանությանը չի վերաբերում: Ֆրանսիայի հայկական համայնքն էլ հայտարարում է, որ որոշումը հետ չի պահի հայկական համայնքին՝ Ցեղասպանության ժխտման քրեականացման պայքարից:

«Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի երեկվա մերժումը պարտություն չէ, ոչ այն պատճառով, որ մեզ ավելի է ամրապնդում մեր դատի պաշտպանության ուղու վրա, այլ որովհետև այդ օրենքը Հայոց ցեղասպանությանը չի վերաբերում»,-նշում է Եվրոպայի հայկական ֆեդերացիայի նախագահ Հիլդա Չոբոյանը:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը նշում է, որ Սահմանադրական խորհրդի որոշումը հետ չի պահի հայկական համայնքին Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման համար մղվող պայքարից, քանի որ ֆրանսիացիները հայերի կողքին են՝ ընդդեմ թուրքական ժխտողականության: «Մենք կշարունակենք պայքարը այլ ուղիներով և կհաղթենք՝ միասնական»,-նշում է Փափազյանը:

Օրենքի նախագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում (2016թ. հուլիսի 1-ին) և Սենատում (2016թ. հոկտեմբերի 14-ին)՝ պատգամավորների ձայների զգալի մեծամասնությամբ: Օրենսդիրների մոտ միասնական է մոտեցումը, որը Ֆրանսիայում պետք է պատժվեն մարդկության դեմ գործված բոլոր հանցանքները, այդ թվում՝ ցեղասպանությունները, պատերազմական հանցագործությունները, ստրկացումը և այլ ոճիրներ ժխտողները:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը 2016թ-ի հունվարի 29-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ժամանակ հայտարարել էր, որ վերսկսվել են Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ քննարկումները: Նա նաև նշել էր, որ օրինագծի պատրաստման վերաբերյալ աշխատանքներ պետք է իրականացներ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին դատավար Ժան Պոլ Կոստան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել