Երեկ կայացավ «Կյանք ու կռիվ. 25 տարի անց» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի երկրորդ մասում իրենց մասնակցությունն էին ունեցել Բաբկեն Չոբանյանը, Շանթ Հովհաննիսյանը, Նարինե Գրիգորյանը, Անի Ղազարյանը, Արծրուն Չոբանյանը, Դիանա Մալենկոն, Դմիտրի Մարյանովը, Գագիկ Մադոյանը, Արմեն Մարգարյանը, Վարուժան Մարգարյանը: BlogNews.am-ը ֆիքսել է երեկոյի հետաքրքիր դրվագները:

Սցենարիստ, ռեժիսոր Մհեր Մկրտչյանի ֆիլմը պատմում է Ղարաբաղյան պատերազմին ականատես դարձած երիտասարդների կյանքի մասին և ներկայացնում հերոսների կյանքը 25 տարի անց: «Ես երբեք չեմ ասել, որ ֆիլմը պատերազմի մասին է, այն հերոսների մասին է»,- լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց Մհեր Մկրտչյանը:  

«Կյանք ու կռիվ 2» ֆիլմի նկարահանումները համընկել են ապրիլյան քառօրյա պատերազմի հետ, որտեղ նաև անդրադարձ է արվում մերօրյա իրադարձություններին. «Երբ նկարահանում էինք ֆիլմի առաջին մասը, պետք է Ղարաբաղ մեկնեինք: Սակայն իմացանք, որ պատերազմ է սկսել, և նկարահանումները ստիպված եղանք հետաձգել: Այդ ժամանակ Մհեր Մկրտչյանի մոտ միտք ծագեց նկարահանել ֆիլմի շարունակությունը: Ապրիլյան պատերազմը մի դրվագ է, որը մեր կյանքում տեղի է ունեցել, հույս ունենանք, որ նման դրվագներ այլևս չեն կրկնվի: Այս ֆիլմը նկարահանվել է հայ հանդիսատեսի համար, սակայն չի բացառվում, որ ներկայացվի փառատոններին»,- նշեց ֆիլմի պրոդյուսեր Կարեն Ղազարյանը:

Ֆիլմի երկրորդ մասի դերասանական կազմն ամբողջությամբ փոխվել էր. հանդիսատեսի համար շատ դերասաններ բացահայտում էին: Դերասան Բաբկեն Չոբանյանը նշեց, որ շատ սիրել է սցենարը և իր դերը, հետաքրքիր է ֆիլմում նկարահանվելը:  

Սոֆիի դերը մարմնավորած Նարինե Գրիգորյանի խոսքով՝ իր խաղընկերները հիանալի են կատարել իրենց առջև դրված խնդիրը. «Անհնար է թերանալ, երբ համագործակցում ես Մհեր Մկրտչյանի հետ, նա բոլորին վարակել էր իր եռանդով»:

Դերասանուհի Դիանա Մալենկոն մանուշակագույն մազերով և փիրսինգով բացահայտում էր հանդիսատեսի համար. «Շատ ուրախ եմ, որ այս կինոյի մի մասն եմ կազմում: Իմ հերոսուհու՝ Լիզի խենթ բնավորությունն ինձ շատ հոգեհարազատ է, սակայն նա պետք է փոխվեր և հասկանար, որ շատ հարցերում ճիշտ չէ»:

Նշենք նաև, որ «Զանգակ» հրատարակչությունը, հաշվի առնելով «Կյանք ու կռիվ» ֆիլմի գեղարվեստական արժեքը, որոշել է հրատարակել ֆիլմի սցենարի հիման վրա «Կյանք ու կռիվ» վեպը: Վեպի հեղինակը Գուրգեն Խանջյանն է. «Նա արդեն ավարտել է գրքի առաջին մասը, հեղինակն ավելի ամբողջական է ներկայացրել ժամանակաշրջանի իրավիճակն ու հույզերը»,- նշեց «Զանգակ» հրատարակչության գեղարվեստական գրականության ծրագրերի համակարգող, գրականագետ Հայկ Համբարձումյանը:

Ֆիլմը մեծ էկրաններին կլինի արդեն հունվարի 27-ից:  

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել