Give me love like never before...

Քիչ մնաց, շատ քիչ: Հարցնում ես ինչի՞ն: Որ հասկանանք, որ ավելի շատ ենք զգում իրար, քան կարող էինք պատկերացնել: Սիրտ է չէ՞, էլ չի տեղավորվում այդ սեր կոչվածը, դուրս է ծլկում, լցվում ուղեղիս մեջ, ողողում, ջնջում բոլոր մտքերն ու թողնում, որ միայն քո մասին մտածեմ, տարածվում մարմնիս մեջ, պարուրում բջիջներս ու մաշկիցս սկսում է սեր բուրել`մեր սիրո բույրը:
Ես գիտեմ, որ դու զգում ես ինձ, ես էլ քեզ եմ զգում, մենք զգում ենք մեզ. հրաշքն էլ ո՞նց է լինում: Ես ոչ թե քո կարիքն ունեմ, այլ մեր, որովհետև առանց ինձ դու ուրիշ ես, ես էլ առանց քեզ եմ ուրիշ. դու սովորական լպրծուն ես, ես էլ գիրք կրծող գորշ մկնիկ ու երբ դու գնաս, բոլորը առաջվա պես կմեծարեն քեզ, իսկ ես կշարունակեմ գիրք կրծել:
Երկար ճանապարհ ես անցնելու առանց ինձ: Նայելու ես գունավոր ամպերին ու հիշես, թե ոնց էինք երազում միասին թռչելու մասին: Աչքերդ ամուր փակելու ես, ամուր-ամուր, ու երկու տաք գնդիկ սահելու են այտերիդ վրայով` տաքացնելով կարոտից սառած շրթունքներդ: Հետո նորից բացելու ես աչքերդ, ու ամպերը լրիվ ուրիշ գույն են ունենալու, ու միայն դու ես տեսնելու այդ գույնը: Նայելու ես շուրջդ քնած մարդկանց ու տեսնես, որ ես չկամ, բացակա եմ: Տաք գնդիկները խեղդելու են կոկորդդ, ձեռքերով փակելու ես բերանդ, որ ձայն չգա, մարդիկ չարթնանան ու չտեսնեն, որ դու այնքան ուժեղ չես, որքան թվում է: Նորից փակելու ես աչքերդ ու ինքդ քեզ գրկելով՝ բարի գիշեր ես մաղթելու ինձ ու անուշ քնես:
Առավոտյան արևի շողերը իմ խնդրանքով արթնացնելու են քեզ: Երկար նայելու ես արևին, այնքան երկար, որ աչքերդ սկսեն ցավել:
Մեր քաղաքն առանց քեզ խամրած ու սովորական է դառնալու, ոնց որ երկինքն առանց մեր աստղի: Ես քեզ չեմ զանգելու, բայց դու զգալու ես իմ ներկայությունը, խոսելու ես ինձ հետ՝ անկախ իմ բացակայությունից: Ուղեղս միշտ անջատված է լինելու, որ չզգամ բացակայությունդ, անընդհատ քրքրելու եմ ալբոմներս, հազար անգամ նայելու եմ մեր նկարները, իսկ դու այդ ժամանակ «հորինված ժպիտով» լուսանկարվելու ես չգիտեմ էլ ում հետ: Անիմաստ զրույցները ձանձրացնելու են քեզ, իսկ ես միշտ ձեռքիս մի գիրք եմ ունենալու, որ մարդիկ չխոսեն ինձ հետ ու հարցեր չտան:  «Ինչու»-ն մտքիցդ դուրս չի գալու, իսկ ես չեմ գտնելու պատասխանը:
Գիշերը հիշողությունների, սարսափելի մտքերի ու կարոտի սիմֆոնիա է լինելու մեզ համար: Սենյակում ծիծաղն ու զրույցները պար են գալու, իսկ ես ամուր փաթաթվելու եմ վերմակի մեջ, որ չպատկերացնեմ այդ ամենն ու ավելի չմրսեմ: Քնելուց առաջ քեզ բարի գիշեր եմ մաղթելու, դու էլ ինձ:
Ոչ ոք ոչինչ չի նկատելու, որովհետև ես ուժեղ եմ, իսկ դու` լավ դերասան:
Կարոտելու եմ քեզ, բայց քեզ թվալու է, որ դու ինձ ավելի շատ ես կարոտում, ու մենք հասկանալու ենք, որ գրողը տանի նորից այդ մորեգույնն է, նույն մորեգո՜ւյնը:
Դու կարոտելու ես իմ փոքրիկ կանաչ ընկերոջը , գուցե ավելի շատ քան ինձ :
Ամեն անգամ մեզ հիշելիս աչքերդ արագ բացել-փակելու ես՝ առանց հասկանալու, որ տաք գնդիկն այդպես չի անհետանում: Վերնաշապիկդ մի քիչ խոնավանալու է, բայց ոչ ափերիդ չափ:
Երկինքն էլ առաջվանը չի լինելու, բայց ո՞վ գիտի, գուցե ավելի արտասովոր լինի:
Դուրս ես գալու փողոց: Սարսափելի ցուրտ է լինելու, բայց ես չեմ թողնելու, որ մրսես: Տարօրինակ ժպիտ է հայտնվելու դեմքիդ, ու դու հասկանալու ես, որ ես այդտեղ չեմ, որովհետև դա շատ ցուրտ քաղաք է, իսկ ես մռայլ ու ցուրտ քաղաքներ չեմ սիրում:
Այս ամենը մի օր ավարտվելու է, երկուսս էլ փոխվելու ենք, բայց ՄԵՆՔ նույնն ենք մնալու` նույն «մորեգույն հիմարները» ....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել