Լապշինը բողոքարկել է Բելառուսի գլխավոր դատախազության որոշումըArmenpress.am-ը գրում է.

Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը բողոքարկել է Բելառուսի գլխավոր դատախազության որոշումը` Ադրբեջան արտահանձնելու պաշտոնական Բաքվի պահանջը բավարարելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-­ը` այս մասին տեղեկացնում է Sputnik­-ի բելառուսական ծառայությունը` հղում անելով Մինսկի քաղաքային դատարանին:

«Լապշինի բողոքարկումը հասել է Մինսկի քաղաքային դատարան»,­-Sputnik-ին հայտնել է քաղաքային դատարանի նախագահի օգնական Անաստասիա Շիլվյանը: Նա տեղեկացրել է, որ բողոքարկումը կուսումնասիրվի Մինսկի քաղաքային դատարանում հունվարի 26-­ին` փակ դատական նիստում: Լապշինի պաշտպանությունն իրականացնում են իսրայելցի և ռուսաստանցի փաստաբանները: Համաձայն բելառուսական օրենսդրության` նա նաև կարող է բողոք ներկայացնել Բելառուսի Գերագույն դատարան:

Մինսկի ոստիկանությունը 2016 թվականի դեկտեմբերի 15-­ին ձերբակալել է Լապշինին, ով բնակվում է Մոսկվայում և գրում է ռուսերեն հեղինակավոր Travel Blog­ի համար: Նա որոնվում է Ադրբեջանում 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Լեռնային Ղարաբաղ այցելելու, ինչպես նաև իր բլոգում Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար:

Ադրբեջանը 2011 թվականին նրան ներառել էր իր կողմից որոնվող անձանց ցուցակում: Պաշտոնական Բաքուն պահանջում է Բելառուսի իշխանություններից Լապշինին արտահանձնել իրենց: Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալը որոշում է կայացրել բավարարել Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազության խնդրանքը՝ Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին հանձնելու վերաբերյալ՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 281.2 և 318.2 հոդվածներով քրեական պատասխանատվության ենթարկելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել