Քաղաքագետ

Դեռ չեն հանդարտվել հետընտրական կրքերը, ու արդեն նոր լարվածություն է առաջացել, թե Երևանի ավագանու ընտրություններին քաղաքական ուժերն ինչ ձևաչափով են մասնակցելու:

Չեմ կիսում շրջանառվող այն տեսակետը, թե ԲՀԿ-ն սպասում է, թե ինչ է որոշվելու մարտի 12-ին Սարգսյան-Պուտին հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետի թեկնածության հարցով, որպեսզի դրանից հետո որոշի՝ առաջիկա ընտրություններին ընդդիմության հետ միասնական ցուցակով հանդես կգա, թե ոչ:

Նախ՝ համաձայն Սահմանադրության՝ կառավարությունը հրաժարական է տալու ապրիլի 9-ին, և նոր վարչապետը նշանակվելու է 10 օրվա ընթացքում: Մինչ վարչապետի հրաժարականը Սերժ Սարգսյանը նոր վարչապետի անունը շրջանառության մեջ չի դնի՝ ոչ միայն էթիկայի տեսանկյունով պայմանավորված, այլև՝ առաջին հերթին, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով: Ի՞նչ է նշանակում ինքնիշխան պետության ղեկավարը մեկ այլ երկրի ղեկավարի հետ քննարկի մեր երկրի վարչապետի հարցը: Հասկացանք, որ Ռուսաստանը, բառիս բուն իմաստով, մխրճված է մեր հանրային կյանքի բոլոր ոլորտները, բայց դրանից հետևություն անել, որ վարչապետի հարցն էլ պետք է Մոսկվայում լուծվի, ու դրան այսքան հանգիստ նայել, ուղղակի անթույլատրելի է: Գաղտնիք չէ, որ թեպետ մեր երկրում վարչապետը փաստացի օժտված չէ գերլիազորություններով, այնուամենայնիվ, նրա փոփոխությունը կարող է ընկալվել որպես արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության միտում: Այնպես որ Տիգրան Սարգսյանի վերանշանակման հավանականությունը հիսուն տոկոսից պակաս չէ:

Պետք է ի նկատի ունենալ, որ Երևանի ավագանու ընտրությունների համար կուսակցական ցուցակները ներկայացվելու են ԿԸՀ մինչև մարտի 21-ը, ու ոչ մի պարագայում չի հաջողվի իմանալ Սերժ Սարգսյանի մտադրությունները վարչապետի հարցում մինչև այդ ժամկետը: Այս հարցում չեն օգնի ոչ իշխանություններին մոտ կանգնած հավաստի աղբյուրները, ոչ էլ քայլող ու ստացիոնար «ժուչոկները»: Այնպես որ ԲՀԿ-ին ամենևին ձեռնտու չէ իր դիրքորոշումը հստակեցնել ապրիլ ամսվա երկրորդ կեսից շուտ, այլապես կկորցնի մանևրելու հնարավորությունը և ստիպված է լինելու «վա բանկ» գնալ՝ ուրիշի խաղի վրա խաղադրույք կատարելով: Մի բան, որ չի արել անգամ սեփական խաղի հնարավորության դեպքում՝ նախագահական ընտրությունների ժամանակ:  

Բացի այդ «ԲարգավաՃ Հայաստանը» երկրի թիվ երկրորդ քաղաքական ուժն է, և միայն նախագահական ընտրությունների արդյունքով չի կարելի ասել, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը երկրորդ տեղն է գրավել, կնշանակի նրա ղեկավարած կուսակցությունն էլ է երկրում երկրորդը: Քաղաքականության մեջ այդպիսի պարզ թվաբանական գործողություններով չեն առաջնորդվում ու պարզունակ եզրակացություններ անում, մանավանդ, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին չի մասնակցել:

Մինչ այժմ ԲՀԿ-ն հայտարարել է, որ այլընտրանքային ուժ է, այդ դեպքում ինչպե՞ս է մեկ առանձին վերցրած քաղաքում ընդդիմադիր ուժ դառնալու: Իհարկե հետընտրական պայմանավորվածություններն ու համաձայնությունները միանգամայն նորմալ են, ու անգամ շատ հավանական, որ եթե ՀՀԿ-ին չհաջողվի մեծամասնություն ունենալ ընտրությունների արդյունքում, ապա այլընտրանքային ուժն ու ընդդիմադիրները միանան ու իրենց համար նախընտրելի քաղաքապետ ընտրեն:

ՀՅԴ-«Ժառանգություն» միասնական ցուցակը ոչ միայն հավանական է, այլև ինչ որ տեղ բացատրելի: Հիմա նրանք միասնական են գործում թե՛ խորհրդարանում և թե՛ հետընտրական ընդվզումների հարցում և կարող են միանալ, որպեսզի իրենց ուժերը մեկտեղելով փորձեն լուրջ ներկայություն ապահովել Երևանի ավագանու կազմում: Մանավանդ, որ այժմ ներկայացված չեն այնտեղ:

Չի բացառվում նաև ՀԱԿ-ի միանալը, քանի որ ՀԱԿ դաշինքն, ըստ էության, գոյություն չունի, իսկ ՀԱԿ կուսակցությունը դեռ պետական գրանցում չի ստացել: Ուստի՝ առաջինը հաղթելու շանս չունի, իսկ երկրորդը՝ ինքնուրույն մասնակցելու իրավունք: Թեպետ դժվար է պատկերացնել, թե մի քանի մասի բաժանված ՀԱԿ-ի ո՞ր թևի հետ պետք է ՀՅԴ-«Ժառանգություն» տանդեմը միասնաբար հանդես գա, ու դրանով իսկ մյուս հատվածներին նեղացնի, որպեսզի դրանից իրենց քաղաքական կշիռն ավելանա:

Այնպես որ, որքան էլ փորձեն հետընտրական այս ակտիվությունն օգտագործելով նոր իրավիճակ ստեղծել երկրում, իսկ դրանից օգտվելով Երևանի ավագանու ընտրություններում ծանրակշիռ ներկայություն ապահովել, և որպես դրա հետևանք քաղաքական դաշտը վերաձևել, դա լինելու է արհեստական: Չէ՞ որ, որքան էլ կարևորվեն Երևանի ավագանու ընտրությունները, քանի որ ընտրողների քանակով մայրաքաղաքը երկրի կեսն է, այնուամենայնիվ, դրանից չի բխում, որ Երևանի ընտրության արդյունքները կարող են երկրում իրավիճակ փոխել: Եթե անգամ ողջ երկրի ընտրողները մասնակցեն ընտրություններին, պետք է դիտարկել, թե այդ ընտրությունների արդյունքում ինչ լիազորություներով օժտված քաղաքապետ ենք ունենում, իսկ նրա լիազորություները, համաձայն մեր օրենքների, այդքան էլ մեծ չեն: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել