Картинки по запросу եկամուտներՏարեվերջին հարկային եկամուտների հավաքագրման ոլորտում արձանագրված միտումները դրական սպասումներ են ձևավորել: Մասնավորապես՝ ակնկալվում է, որ երկու տարվա անընդմեջ թերակատարումից հետո 2017թ. վերջապես կհաջողվի ապահովել բյուջեի նախատեսված եկամուտները։ Սրա համար հիմք է հանդիսանում այն, որ անցած տարվա վերջին երկու ամիսներին բյուջեի հարկային եկամուտների հավաքագրման իրավիճակը բավականչափ բարելավվել է։ Չորս ամսվա անընդմեջ անկումից հետո նոյեմբեր-դեկտեմբերին հաջողվել է 13,7 մլրդ դրամով ավելի շատ հարկ հավաքել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Ավելին՝ ՊԵԿ-ի տվյալներով՝ դեկտեմբերին ապահովվել է հարկային մուտքերի աննախադեպ աճ՝ կազմելով ավելի քան 103,8 մլրդ դրամ։

2017-ին բյուջեով նախատեսված մուտքեր ապահովելու համար որոշակի հիմքեր են ձևավորվել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին միջավայրում։ Արտաքին հատվածում նկատվում է հանքահումքային ապրանքների, մասնավորապես պղնձի գների որոշակի աճ: Այն գրեթե 1000-1200 դոլարով ավելի թանկ է գնանշվում, քան 2016թ. նույն ժամանակահատվածում։

Ներքին տնտեսական միջավայրում փորձ է արվում ստեղծել համագործակցության նոր մշակույթ՝ հարկատուների կողմից կամավորության սկզբունքով իրենց պարտավորությունների բարեխիղճ կատարման համար։ Մյուս կողմից՝ պետեկամուտների կոմիտեն գնում է ստվերի դեմ պայքարի ակտիվացման՝ իրականացնելով ստվերի անձնագրավորում։ Սրա միջոցով ՊԵԿ-ը մտադիր է գնահատել յուրաքանչյուր հարկատուի մոտ առկա ռիսկերը և տալ ինքնակամ շտկելու հնարավորություն, որը չօգտագործելու դեպքում միայն նախատեսվում է վարչական միջամտություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել