-Բարև, ճանաչեցի՞ր, ես եմ:
-Ինչո՞ւ ես եկել:
-Ուզում եմ քեզ էս բանտից դուրս հանել, կգա՞ս:
-Ես քեզ սպասում էի, բայց դու հեռացար՝ թողեցիր ինձ միայնակ, ջարդված, վախեցած: Ես կարծում էի, որ մենք միասին կլինենք, բայց... Գիտե՞ս, մեր բաժանումից հետո անցել է հինգ տարի, ու ես այս երկար տարիների ընթացքում մտքումս պտտեցնում էի մեր հանդիպման պահը: Մտածում էի, որ եթե վերադառնաս, ինչ եմ ասելու քեզ, գրկելո՞ւ եմ, փարվելո՞ւ, թե՞ գլխիկոր կանգնելու՝ հայացքս գետնին հառած, հրավիրելո՞ւ եմ ներս, թե՞ դռնից հետ եմ դարձնելու: Ու հիմա դու եկել ես ու ես չեմ հասկանում, թե դու ի՞նչ ես ուզում ինձանից, ի՞նչ ես սպասում, որ ես անեմ:
-Արի ինձ հետ, ինձ տուր ձեռքդ ու բռնիր ձեռքս, վստահիր ինձ, ես քեզ այլևս չեմ լքի:
-Դու էլի ես ասել ինձ դա, բայց...
-Ես քեզ համար վախեցա, դրա համար ստիպված եղա քեզ թողնել վիրավոր, միայնակ ու հեռանալ, որ քեզ ավելին չպատահեր, քան այն, ինչ որ եղավ: Ես ցավում եմ, ափսոսում, բայց հավատա, այդ ժամանակ ես այլ ելք չունեի:
-Նա ինձ բաց չի թողնի, դու լավ գիտես, նա հրեշ է, մենք էլ առաջվանը չենք:
-Դու վախենո՞ւմ ես:
-Ոչ, քեզ չեմ վստահում: Ես առաջ ուրիշ էի՝ ինքնավստահ, համարձակ, խելառ, նպատակասլաց, իսկ հիմա...հանդարտ եմ: Ես այլևս չեմ ճանաչում քեզ, թեև ընդհանուր դիմագծերդ պահպանվել են, բայց կարծես թե դու՝ դու չես: Ես առաջ քեզ քնքշորեն Լևոն էի կանչում, իսկ հիմա դու անվանում ես քեզ Րաֆֆի: Դա է, որ ինձ զգուշավորություն է տալիս: Չեմ ուզում նորից նույնը վերապրել:
-Դու անցյալի հուշերով ես ապրում, ի՞նչ կապ ունի, թե ինչ է եղել իմ անունը, պետք է առաջ նայել՝ ապագային, մենք կարող ենք երջանիկ լինել միասին:
-Քո ներկայությունից սրտումս մի տեսակ խառը զգացողություն է առաջանում, մեկ սիրտս ուժգին բաբախում է, մեկ էլ տեսար մի տեսակ ճմլվում: Գիտե՞ս, նա երկար չի ապրի, հրեշները երկար չեն ապրում, տես, նա վախեցած է, անհանգստացած, նա բաց է թողել իր շներին, որոնք ամենուր իրենց վայրահաչ աղմուկն են բարձրացրել, եկ սպասենք քիչ էլ:
-Ես չեմ ուզում սպասել, դու իմն ես՝ ես քոնը, ես նրան ժամանակ եմ տվել, եթե նա չհեռանա, ես կխլեմ քեզ նրա ճիրաններից: Շուտով, դու միայն համբերիր, դիմացիր:
-Որքա՜ն բան ունենք մենք իրար պատմելու:
-Կպատմենք, կյանքն առջևում է, ապագան՝ մերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել