Tert.am-ը գրում է.

«Ժառանգություն» կուսակցության ներսում խմորումներ են. ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարում է, որ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ այս կամ այն դաշինքին միանալու հայտարարությունը պաշտոնական չէ, նույնն ասում է կուսակցության փոխնախագահի` Արմեն Մարտիրոսյանի մասով։ Հին ժառանգական Անահիտ Բախշյանը ևս լքում է կուսակցության շարքերը՝ հայտարարելով, որ քննարկում է տարբեր ուժերի, այդ թվում՝ «Ազատ դեմոկրատների» հետ համագործակցելու հեռանկարները: Կուսակցության մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանն էլ մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ դասընթացների։ «Ժառանգություն» կուսակցությունում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ Tert.am-ը զրուցել է քաղաքագետ Վիգեն Հակոբյանի հետ։

-Պարո՛ն Հակոբյան, ի՞նչ է կատարվում «Ժառանգություն» կուսակցության ներսում։ Ըստ Ձեզ՝ այս ամենը սոսկ հակասություննե՞ր են, որից հետո կուսակցությունը կպահպանի իր ամբողջությունը, թե՞ վերջնական փլուզում, կուսակցության ոչնչացում:

-Գիտեք, «Ժառանգություն» կուսակցությունում, այսպես ասած, այս ճաշը վաղուց էր եփվում։ Ես կարծում եմ՝ «Ժառանգության» խնդիրներն սկսվեցին դեռևս նախորդ խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանում, երբ կազմվում էր այդ կուսակցության ցուցակը։ Դեռ այդ ժամանակ կուսակցության մի շարք կարկառուն և անուն ունեցող հայտնի դեմքեր հայտնվեցին բավականին հեռու տեղերում։ Եվ հենց այդ ժամանակ սկսեցին հակասությունները կուսակցության հայտնի դեմքերի միջև։ Ես կարծում եմ՝ ամենագլխավոր խնդիրը «Ժառանգությունում», որքանով էլ տարօրինակ կարող է հնչել, հենց Րաֆֆի Հովհաննիսյանն է՝ իր մի տեսակ երկչոտ դիրքորոշմամբ և շատ արագ փոփոխվող տրամադրություններով, որոնք ազդում են թե՛ կուսակցության մնացած անդամների վարքագծի, թե՛ կուսակցության ամրության վրա։ Ես կարծում եմ, որ այս անգամ մենք դե ֆակտո ականատես ենք մի իրավիճակի, որ կուսակցության տարբեր ներկայացուցիչներ, ընդ որում՝ հայտնի ներկայացուցիչներ, որոնք շատ երկար տարիներ այդ կուսակցության դեմքն են եղել, կարող են հայտնվել քաղաքական տարբեր ուժերի ցուցակներում։ Սա է իրավիճակը, որը նաև ցավալի է, որովհետև «Ժառանգությունը» երկար ժամանակ բավականին հեղինակավոր քաղաքական ուժ էր, որը կանգնած է նման փաստի առջև, երբ կուսակցությունը հերթական անգամ կորցնում է իր դեմքը և իր դեմքը խորհրդանշող դեմքերին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել