Ես չեմ կարող անտարբեր լինել իմ ժողովրդի ճակատագրի հանդեպ՝ հատկապես, որ յուրաքանչյուր օր ինձ են դիմում հազարավոր քաղաքացիներ՝ հորդորելով վերադառնալ քաղաքականություն: Ինձ են դիմում «Բարգավաճ Հայաստանի»-ի իմ կուսակից ընկերները, ում հետ ես երկար ճանապարհ եմ անցել, ինձ են դիմում բազմաթիվ կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր համոզված են, որ իմ վերադարձը կօգնի շտկելու այս ծանր իրավիճակը: Վերջին ամիսներին բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել նաև Սփյուռքի հասարակական-քաղաքական, գործարար շրջանակների և մտավորականության ներկայացուցիչների հետ, ովքեր ևս ինձ հորդորում են վերադառնալ քաղաքականություն:
Ակտիվ քաղաքականությամբ չզբաղվելու պարագայում անգամ ես չեմ դադարել զբաղվել բարեգործությամբ՝ ցույց տալով, որ դրա տակ երբեք չի եղել քաղաքական նպատակ և ենթատեքստ, ինչպես փորձում են ներկայացնել ոմանք: Բայց, որքան էլ ծանրակշիռ լինի իմ կողմից իրականացվող բարեգործության ծավալը, այն չի կարող լուծել մեր ժողովրդի առջև ծառացած բոլոր խնդիրները: Մենք պետք է ձևավորենք ոչ թե բարեգործության սպասող հասարակություն, այլ ձևավորենք անհրաժեշտ պայմաններ՝ տնտեսության զարգացման և աշխատատեղերի ստեղծման համար:
2017 թվականի խորհրդարանական ընտրությունները ճակատագրական են լինելու Հայաստանի ապագայի համար:
Նկատի ունենալով մեր երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները, ինչպես նաև իմ քաղաքականություն վերադառնալու հանրային պահանջը, ես հայտարարում եմ, որ բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ ձևավորելով լայն դաշինք: Մեր դռները բաց են բոլոր այն քաղաքական ուժերի և գործիչների առաջ, ովքեր մտահոգ են մեր երկրի ապագայով:
Մենք կարող ենք, մենք ունենք այդ ներքին մեծ ներուժը՝ մեր երկրի զարգացման և հզորացման համար:
Ես իմ ժողովրդի առջև պարտք ունեմ կատարելու:
Կյանքիս այս կարևոր որոշումը իմ խաչն է, որը կրելու եմ մինչև վերջ՝ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի»: