Похожее изображениеՍեյրան Օհանյանի մուտքը քաղաքական դաշտ բացատրման տարբեր մեթոդաբանություն կարող է ունենալ, ու դա պետք է դիտարկել բոլոր տեսանկյուններից՝ հասկանալու համար այս մարդու իրական մղումներն ու նպատակները։ Երկար տարիներ աշխատելով պետական կարևոր այնպիսի պաշտոնում, ինչպիսին Պաշտպանության նախարարն է, Օհանյանը, ըստ էության, կարողացել է խույս տալ ներիշխանական, ներքաղաքական ու միջանձնային տարբեր գզվռտոցներից, ինչում նրան մեծապես օգնել է իր զբաղեցրած դիրքը։ Ապրիլյան քառօրյայից հետո նրա պաշտոնանկության հիմնապատճառները շատ ավելի խորքային են ու վեր են հանում Հայաստանի քաղաքական դաշտի կամքի ամբողջ սնանկությունը։
Խնդիրն այն է, որ թե՛ Օհանյանը, թե՛ նախկինում համակարգի մաս կազմած մնացած «օպոզիցիոներները» ընդդիմադիր գործունեություն չեն ծավալում քաղաքական դաշտն ակտիվացնելու ու ծրագրային դրույթներ առաջ մղելու համար, այլ բացառապես անձնական հողի վրա ունեցած տարաձայնությունների շնորհիվ։ Նրանք իսկապես կարող են ընդդիմադիր լինել Սերժ Սարգսյանի համար, քանի որ ակնհայտ է նրա անհամաձայնությունն ու սրտնեղվածությունը նախագահից, ինչն էլ պատճառ է հանդիսացել քաղաքական գործունեություն ծավալելու համար։ Նա, սակայն, ընդդիմադիր չի ընկալվում հանրության կողմից, քանի որ զուտ վիզուալ առումով հասարակությունը նրան մշտապես տեսել է նախագահի կողքին թե՛ սահմաններում, թե՛ քաղաքական միջոցառումների ժամանակ։ Այսինքն՝ լրացուցիչ ջանքեր է պահանջվելու նրանից իր ընդդիմադիր գործունեությունը ապացուցելու համար, թեկուզ անձնավորված քննադատությունը դեռ լիովին բավարար չէ ստանալու հանրության աջակցությունը։ Իսկ ընտրություններից կես ամիս առաջ ընդդիմադիր դառնալը առհասարակ ոչ միչ տրամաբանության մեջ չի տեղավորվում, թեպետ այնպես չէ, որ Օհանյանը առաջիններից է, ով փորձում է այսպես անորոշության մատնել քաղաքական դաշտն ու շարունակել «շունը տիրոջը չի ճանաչում» շարքի ավանդույթները։ Սակայն շատ ավելի վտանգավոր երևույթ գոյություն ունի, որը հիմնականում կապված է նրան սատարող ազատամարտիկների հետ, Ամարասի Արթուրը՝ մասնավորապես։ Փայլուն ռազմական ուղի՝ կարծես թե զուրկ ամեն տեսակ քաղաքակական խարդավանքներից, իսկ այժմ նա ոչ միայն սատարում է Սեյրան Օհանյանին, այլ նյրա հետ մեկտեղ քննադատության թիրախ է դարձնելու իշխանությանը։ Դեռևս Անդրանիկ Զորավարն էր ասում՝ զինվորականի համար չարիք է քաղաքականության մեջ մտնելը։ Բայց դե մեր օրերում դա ավելի շատ սիմվոլիկ եզրույթ է, որն օգտագործվում է կոնկրետ քաղաքական կոնյուկտուրայից ելնելով։
Բացի այդ՝ Օհանյանի դեպքում շատ կարևոր է նաև այն հանգամանքը, որ տարիներ շարունակ իշխանությունների քարոզչության հիմնական թեզերից մեկն էլ եղել է հենց այն, որ զինվորականությունը քաղաքական մրցասպարեզում տեղ չունի, և դա շատ վտանգավոր է պետական կառավարման համար։ Սրա ջատագովներից մեկն էլ հենց Օհանյանն է եղել, ու հիմա քաղաքականությամբ զբաղվելու, ազատամարտիկներ հավաքելու ու իշխանության դեմ կռիվ տալու համար նրան առավել քան դժվարին ճանապարհ է սպասվում ու բավականին հարուստ բովանդակությամբ քննադատություն։ Կդիմանա արդյոք սրան Օհանյանը, թե ոչ, ցույց կտա ժամանակը, սակայն քանի դեռ ամեն ինչ անորոշ է, շարունակենք մտածել ու հուսալ, որ նախկին նախարարը իր որոշումը կայացրել է էմոցիոնալ հողի վրա ու ինչ-որ իքս պահի կփոշմանի դրա համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել