Այս տոնին առնչվող առաջին պատմական իրադարձությունը տեղի է ունեցել 1857թ. մարտի 8-ին, երբ Նյու Յորքի տեքստիլ գործարանների կին աշխատողներն իրենց իրավունքների պաշտպանության համար քայլերթով անցան քաղաքի փողոցներով: Պատճառը ցածր աշխատավարձն ու աշխատանքի անբավարար պայմաններն էին: Մասնավորապես` բողոքում էին 16-ժամյա աշխատանքի դեմ:

Կես դար անց` 1908թ.-ի նույն օրը, Նյու Յորքի սոցիալ-դեմոկրատական կազմակերպության ակտիվիստները կանանց իրավունքների պաշտպանության համար ցույց կազմակերպեցին: 1909թ. Ամերիկայի սոցիալիստական կուսակցությունը փետրվարի վերջին կիրակին Կանանց ազգային օր հռչակեց:
«1910թ. Դանիայի Կոպենհագեն քաղաքում անցկացվող Բանվորուհիների երկրորդ միջազգային կոնֆերանսի ընթացքում որոշվեց, որ աշխատավոր կնոջ` բանվորուհու ընտրական իրավունքը, աշխատանքի ապահովությունն ու վարձատրության հավասարությունը ձեռք կարող են բերվել միայն հեղափոխական կռվի ճանապարհով: Այս որոշմանն իբրև նշան` Կլարա Ցետկինի առաջարկությամբ կոնֆերանսը որոշեց մարտի 8-ը հայտարարել բանվորուհու միջազգային տոն»,- գրել է «Խորհրդային Հայաստանը» 1924թ. մարտի 8-ին: 

Առաջին անգամ կանանց միջազգային օրը նշվել է 1911թ. Ավստրիայում, Գերմանիայում, Դանիայում և Շվեյցարիայում: Ռուսաստանում այն առաջին անգամ նշվել է 1914թ.: «Միայն 1917թ. Ռուսաստանի բանվորուհիները, բոլշևիկների կոչի համաձայն, մարտի 8-ին հեղափոխական քայլերով դուրս եկան փողոց` իրենց բողոքի ձայնը հնչեցնելու կալվածատերերի և կապիտալիստների կառավարության դեմ` պահանջելով հաց և խաղաղություն: 1917թ. մարտի 8-ին (հին տոմարով` փետրվարի 23-ին) Պետրոգրադի բանվորուհինեը ցույցեր արեցին, որին անմիջապես արձագանք տվեցին ու միացան հարյուր հազարավոր բանվորներ ու զինվորներ»,-գրում է թերթը:

1977թ. Միավորված ազգերի կազմակերպությունը մարտի 8-ը հռչակեց կանանց միջազգային տոն: Անկախության հռչակումից հետո` 1996թ., մարտի 8-ը հանվեց երկրի պետական տոնացույցից: Փոխարենն ապրիլի 7-ը հռչակվեց Մայրության ու գեղեցկության օր: Այնուհետև` 2001թ., ընդունվեց տոների և հիշատակի օրերի մասին նոր օրենք, որով մարտի 8-ը կրկին վերականգնվեց պետական տոնացույցում: 
Մարտի 8-ից ապրիլի 7-ը Հայաստանում ոչ պաշտոնապես համարվում է կանանց միամսյակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել