Հայաստանը հարուստ մշակույթ ունեցող երկիր է: Մեր երկրում ստեղծվել են մեծ մշակութային արժեք ունեցող գործեր, որոնցով Հայաստանը կարող է ներկայանալ աշխարհին: Սակայն այսօրվա ծանր տնտեսական պայմաններում Հայաստանը պետք է միջոցներ գտնի իր մշակութային արժեքները պաշտպանելու և մշակութի ոլորտային զարգացումը ապահովելու համար:

Նոր կառավարությունը իր գործունեության ընթացքում ձևակերպել է մշակույթի ոլորտի զարգացման նոր տեսլականը: Այն նախատեսում է մշակութային արտադրանքի և ծառայությունների, պատմամշակութային ժառանգության և մշակութային արժեքների օգտագործման տնտեսական բաղադրիչի խթանման միջոցով հայկական մշակույթի ավելի լայն մասշտաբներով հանրահռչակում ՀՀ-ում և արտերկրում, մշակութային ժառանգության պահպանում և տարածում:

Կառավարության պաշտոնավարման 100 օրերի ընթացքում մշակույթի ոլորտի տարբեր ուղղություններով մեծ աշխատանք է տարվել: Քայլեր են ձեռնարկվել ժամանակակից տեղեկատվական և տեխնիկական միջոցների ներդրման ու կիրառման ուղղությամբ: Մեկնարկել են մշակութային կազմակերպություններում միասնական էլեկտրոնային տոմսային համակարգի ներդրման աշխատանքները: Մշակվել է մշակութային կազմակերպություններում միասնական էլեկտրոնային տոմսային համակարգի ամբողջական ներդրման մրցութային փաթեթը, ժամանակակից կապի և տեղեկատվական միջոցների կիրառմամբ ստեղծվել են Հայաստանի 7 թանգարանների հավաքածուների մասին պատմող, IOS և Android օպերացիոն համակարգերի հիման վրա աշխատող «Աուդիոգիդ» բջջային հավելվածները:

Կարևոր են նաև թատրոնների նյութատեխնիկական բազայի արդիականացմանը և վերանորոգմանն ուղղված միջոցառումների իրականացումը: Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներդրվել և արդիականացվել են լուսաձայնային սարքավորումները, բեմական մեխանիզմները: Մինչև տարեվերջ ավարտին կհասցվեն Արտաշատի Ա. Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի վերանորոգման աշխատանքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել