Մարդու մեծագույն թուլություններից մեկը, երևի, երեխաներն են: Ես էլ բացառություն չեմ: Մահու չափ ծանր է նայել հատկապես տառապող երեխաների...
Երեկ երեկոյան այդպիսի տեղեկության պատճառով կորցրել եմ քունս, բայց չեմ կարող հենց այնպես կողքից դիտողի դերում նեղսրտել:
9-ամյա մի փոքրիկ տղայի մոտ քաղցկեղ են հայտնաբերել: Մտերիմներիցս մեկի ազգականն է: Երեխան դեռ նոր է մանկությունից սկսում ոտք դնել դեպի պատանեկություն, մինչդեռ ստիպված է օրերը մաշել հիվանդանոցներում քիմիա ընդունելով:
Դեռ չեմ հասցրել երեխային տեսնել, բայց դժվարանում եմ մտածել, թե ինչքան դժվար է լինելու նայել նրա աչքերի մեջ: Այդպիսի դեպքեր էլի են եղել, լրագրողը միայն լուր գրողը չէ, նաև մարդու կյանքում գոնե մեկ լուսավոր կետ բերողն է, իսկ հատկապես երեխայի համար, կարծում եմ, մարդու ամենամեծ առաքելություններից մեկը պետք է լինի...

Արմեն Ալբերտի Գասպարյանը (դա է երեխայի անունը) քաղցկեղի 3-րդ փուլում է, հիմա բուժվում է քիմիաթերապիայով: Առաջիկա երկուշաբթի ծնողները պետք է առաջին վճարումները անեն: Թե ինչքան կլինեն ընդհանուր ծախսերը, դեռ պարզ չէ, բայց առաջին վճարումները կազմում են 80.000 դրամ: Կարծում եմ՝ մեզանից յուրաքանչյուրը կարող է մի կողմ դնել իր վայելքների չնչին մասը և մասնակից դառնալ մեկ երեխայի փրկությանը: Այդպիսի հաջողված դեպքեր եղել են իմ գործունեության մեջ, և պատկերացրեք, չկա ավելի մեծ ուրախություն, քան նայել կյանք վերադարձող երեխայի աչքերին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել