EXCLUSIVE

Ինչպես գիտենք,  «Փոքրիկ ղարաբաղցի» Միշան Լեոնիդ Ագուտինի հետ համատեղ դուետով մասնակցել է  «Рождественская песня года» տոնական համերգին, որի տեսագրությունը հեռարձակվել է «Россия 1» հեռուստաալիքով: Հրաշալի ելույթը, սակայն, սովորականի համաձայն, հարևան երկրում մեծ դժգոհություն է առաջացրել, դե իսկ vesti.az կայքի լրագրողներից մեկին էլ հունից այնպես է հանել, որ թեմային մի ողջ հոդված է նվիրել:

BlogNews.am-ն այսօր զրուցել է Միշայի պրոդյուսեր, «Արցախի ձայներ» նախագծի ղեկավար Լիրա Քոչարյանի հետ ու հետաքրքիր մանրամասներ պարզել թե՛ ելույթի և թե՛ այն եթեր հեռարձակումից հետո տեղի ունեցած զարգացումների մասին:

«Անցած տարվա մանկական «Նոր ալիքի» առաջատարը հենց Միշան էր, և այն, որ մենք գրավեցինք ոչ թե առաջին, այլ երկրորդ տեղը, արդեն մրցույթի կազմակերպիչների ներքին խոհանոցային խնդիրն է: Համենայն դեպս, ժյուրիի որոշումը չի քննարկվում, և այսպես թե այնպես, որոշողը իրենք են»:

Անդրադառնալով Ագուտինի հետ հրաշալի զուգերգին՝ մեր զրուցակիցը նշեց, որ առաջարկը ռուսական կողմից է եղել. «Նախքան այս ելույթը Միշան նաև հանդես է եկել արդեն մեծերի համար անցկացվող «Նոր ալիքի» բեմում: Ավելին՝ հենց Միշային, այլ ոչ թե հաղթողներին կազմակերպիչներն ընտրեցին մանկական «Նոր ալիքի» մենակատարների շարքից, և նա ելույթ ունեցավ Ագուտինի ու Ռադիոն Գազմանովի հետ տրիոյով:

Իսկ Ագուտինի հետ այս զուգերգի առաջարկը մեծ սիրով ենք ընդունել: Միշային շատ սիրեցին: Մեզ անգամ հրավիրեցին Գալկինի հաղորդմանը նկարահանվելու: Սակայն կազմակերպչական մի քանի հարցեր չհասցրինք ժամանակին լուծել և չմասնակցեցինք այդ նախագծին»:

Ադրբեջանական հերթական աբսուրդային արձագանքին Լիրա Քոչարյանը հանգիստ է վերաբերվում, որովհետև արդեն սովորական է դարձել: «Միշտ էլ այդպես է եղել, Վլադիմիր Արզումանյանի եվրատեսիլյան հաղթանակից հետո էլ, Միշայի՝ «Նոր ալիքի» մասնակցության դեպքում էլ, հիմա էլ: Նրանք միշտ շատ ցավոտ ու ծանր են տանում այն հանգամանքը, երբ Հայաստանը այս կամ այն միջազգային մրցույթում արցախցի է ներկայացնում: Ինչ արած, ստիպված են լինելու դեռ երկար նյարդայնանալ, որովհետև աշխատում ենք հե՛նց Միշային պատրաստել և ներկայացնել առաջիկա «Մանկական Եվրատեսիլին»:

«Արցախի ձայների» նպատակը բոլորովին էլ Ադրբեջանի դժգոհությունը շարժելը չէ, մեր նպատակը երգի, արվեստի միջոցով Արցախի մասին աշխարհին լսելի դարձնելն է, Արցախն աշխարհին ներկայացնելը: Իսկ նման նախագծերը միլիոնավոր հեռուսատադիտողներ են ունենում, և հետևաբար Հայաստանի դրոշի տակ արցախցի մասնակից ներկայացնելով՝ լուրջ քայլ է արվում Հայաստանն ու Արցախը որպես մեկ միասնական ամբողջություն ներկայացնելու գործում»:

Մեր զրույցի վերջում նաև անդրադարձանք համացանցային արձագանքներին, մասնավորապես հետաքրքրվեցինք՝ ինչ նկատի ուներ «Նոր ալիքի» երաժշտական պրոդյուսեր Անաստասիա Մուխինան, երբ ասում էր, որ Լեոնիդ Նիկոլաևիչը Միշայի հետ առաջիկա 10 տարվա համար ելույթներ է ամրագրել: 

«Ագուտինի համակրանքը Միշայի նկատմամբ մեծ է, նույնը նաև «Նոր ալիքի» բոլոր մյուս կազմակերպիչների մասին կարող եմ ասել, իսկ դա նշանակում է, որ հետագայում նորից համագործակցություններ կլինեն, ու Միշան մեզ ուրախանալու և հպարտանալու դեռ շատ առիթներ կնվիրի»:

Հարցազրույցը՝ Արմինե Հայրապետյանի

Լուսանկարները՝ Լիրա Քոչարյանի անձնական արխիվից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել