Ուկրաինական «X ֆակտոր» նախագծի հաղթող, հայազգի Սևակ Խանաղյանը Երևանում է: Այսօր՝ հունվարի 13-ին, Սեւակը լրագրողների հետ հանդիպել է «Հավանա» ժամանցային կենտրոնում, որտեղ ժամը 14։00-ին նախատեսված է նաեւ տաղանդավոր արտիստի հանդիպումը հայաստանյան երկրպագուների հետ, իսկ երեկոյան՝ նրա համերգը։ Ասուլիսի ժամանակ ներկա էին Սևակի պրոդյուսեր Ալբերտ Վարդանովը և միջոցառման կազմակերպիչ Արայիկ Գաբաջյանը: 

«Սևակի դեռ երկրորդ ելույթն էր «X ֆակտոր» նախագծում, և նկատելով նրա տաղանդը՝ որոշեցինք հրավիրել նրան մեզ մոտ: Միանգամից կապվեցինք Ալբերտի հետ, քանի որ նպատակ ունեինք մեր հյուրերին շատ որակով ելույթ ներկայացնելու: Շատ ավելի պարտավորվեցինք, երբ Սևակը հաղթեց նախագծում»,- նշում է Արայիկ Գաբաջյանը: 

Լրագրողների հետ հանդիպմանը Սևակը կատարեց «Не молчи» երգից մի հատված և պատասխանեց հարցերին: 

«Ես հույս ունեի, որ իմ հայրենակիցները ինձ կսատարեն «X ֆակտորում», բայց որ այսքան բուռն կլինի, չէի սպասում: Ես կարծում եմ՝ կունենամ շատ համագործակցություններ, ինչպես նաև հայ երգիչների հետ, այնպես էլ այլ համագործակցություններ: Ամեն դեպքում մենք ձեզ կզարմացնենք, և վստահ եմ՝ կհավանեք մեր արածները»:

««Հայրենիք» երգն ամեն տեղ չեմ կատարում, քանի որ բոլորը չեն, որ կհասկանան: Այդ երգի հաջողությունը նրանում է, որ հրաշալի խոսքեր ունի»: 

«Նման առաջարկի դեպքում ինձ համար մեծ պատիվ կլինի ներկայացնել Հայաստանը։ Ի դեպ՝ ես վստահ եմ, որ Արծվիկը փայլուն ելույթ կունենա այս տարի»։

«Հայաստանում ես շատ խիտ գրաֆիկ ունեմ. ընդամենը 1.5 ժամ եմ հասցրել քնել։ Հանդիպումներ, հարցազրույցներ, նոր նախագծերի քննարկումներ, որոնց մասին դեռ չեմ կարող խոսել։ Բայց հունվարի 15-ին գնալու եմ Տաշիր, որտեղ վերջապես կհիշեմ ինձ հարազատ վայրերը»։ 

«Վերադարձիր» երգը գրեցի և երբ կարդացի այդ բառերը, պարզապես փշաքաղվեցի: Ես պատերազմ չեմ տեսել, բայց լսել եմ ամեն ինչ և գիտեի՝ ինչ եմ երգում: Հասկանում եմ, պատերազմը լավ չէ, մարդիկ կորցնում են իրար: Ես հասկանում էի՝ ինչի մասին եմ երգում և կարծում եմ՝ ես չփչացրի այդ բառերը, ամեն դեպքում հույս ունեմ: Երբ հնարավորություն եղավ «X ֆակտորում» երգել հեղինակային երգ, ես շատ կարևորեցի այդ երգը, քանի որ ես գնացի «X ֆակտոր», որպեսզի երգեմ իմ հեղինակային երգերը»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել