Картинки по запросу տնտեսությունՏնտեսական տարին կանխատեսելը բավականին բարդ գործընթաց է: Փորձը ցույց է տվել, որ անգամ ամենափորձառու և հեղինակային միջազգային ֆինանսական կառույցները սխալվում են իրենց հաշվարկներում: Հայաստանը նույնպես բացառություն չէ, սակայն այսօր կփորձենք առանձնացնել մեր տնտեսական լոկոմոտիվի հնարավոր առաջխաղացման և դանդաղեցման նախադրյալները:

2017 թվականը քաղաքական տեսանկյունից խորհրդանշական է Հայաստանի համար, քանի որ այս տարի տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ: Այս իրադարձությունը քաղաքական «փուշ» է տնտեսության համար, քանի որ փորձը ցույց է տվել, որ ընտրությունները տնտեսվարողների մոտ ձևավորում են բացասական սպասումներ, ինչը արտահայտվում է այդ շրջանում ներդրումների զգալի նվազեցումով; Գլոբալ առումով սա նորմալ գործընթաց է: Տնտեսվարողները սպասում են հերթական ընտրություններից հետո իշխանության ձևավորման և հնարավոր հետընտրական գործընթացների ավարտին, որպեսզի ավելի կայուն իրավիճակում շարունակեն իրենց գործունեությունը:

Եթե քաղաքական դաշտից առկա են բացասական նախադրյալներ, ապա տնտեսական իրավիճակը այլ է: Ներքին միջավայրում առկա է էներգակիրների գնի նվազեցումը, ինչը հնարավորություն կտա կրճատել ֆինանսական բեռը ջերմոցային տնտեսությանբ և վերամշակմամբ զբաղվող ընկերություններին: Դա շատ լավ նախադրյալ կարող է լինել հավելյալ գումարը տնտեսություն ներդնելու հարցում:
Բացի դրանից՝ դրական միտումներ են առկա պղնձի և նավթի միջազգային շուկայում: Տարեսկզբի կտրուկ նվազեցումից հետո դրանք զգալիորեն բարձրացան տարեվերջին, ինչը շատ կարևոր է ՀՀ-ի համար:

Առկա են նաև դրական նախադրյալներ արտաքին դաշտից: Մասնավորապես ՌԴ-ում ամրապնդվում է ռուսական ռուբլին, իսկ Իրանի նախագահի այցը Հայաստան լրացուցիչ դրական կանխատեսումների պատճառ է դարձել երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները զարգացնելու գործընթացում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել