Image result for Ֆրոնտիկ ԹևոսյանՀայաստանյան ԶԼՄ-ներն անդրադարձել են Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆԸ: Այո, այն ինչ տեղի է ունենում այդ համայնքում, իրոք ողբերգություն է: 21-րդ դարի «ժողովրդավար» Հայաստանում ինչ-որ մի «самодур» գյուղապետ (նկարում) որոշել է իր «կլորիկ» տարեդարձներին ինքն իրեն նվեր անել: Ֆրոնտիկ Թևոսյան անունով այս հոգեկան հիվանդն իր 65 ամյակին ընդառաջ համայնքում գործող երաժշտական դպրոցն անվանակոչել է իր անունով: Իսկ 2015 թ-ին՝ 70 ամյակին ընդառաջ գյուղի միջով անցնող Երևանյան փողոցն է անվանակոչել իր՝ սիրելիի և պաշտելիի անունով: Իսկ 80 ամյակին էլ, եթե ողջ լինի, ապա գյուղն է վերանվանելու իր անունով: Չեմ զարմանում, քանի որ Նոր Գեղիի «կայսեր» Ֆրոնտիկ Ա-ն այդ համայնքը ղեկավարում է 30 տարուց ավել և մտածում է, որ ոչնչով չի զիջում Տիգրան Մեծին, Պետրոս Մեծին և այլ «մեծերին»:
«Ստալինաթուրքմենբաշյան ախտով» տառապող սույն զավեշտություններին անհապաղ պետք է ազատել պաշտոնից և մեկուսացնել հասարակությունից, քանի որ Նոր Գեղիի օրինակն ապացուցում է, որ այդ ախտը վարակիչ է: Այլ կերպ չի կարելի բացատրել այն, որ 6500 բնակչություն ունեցող այդ գյուղից մեկը չընդվզեց այս զավեշտալի որոշման դեմ: Այսպես շարունակվելու դեպքում պարոն Ֆրոնտիկը համագյուղացիներին կպարտադրի սրբացնել իր ծնողներին, դպրոցում «Ֆրոնտագիտություն» առարկա կմտցնի, իսկ հետագայում էլ իշխանությունը կհանձնի Ֆրոնտիկ Բ-ին: Այդ ընթացքում էլ կմեծանա Ֆրոնտիկ Գ-ն:
Զարմանալի է, որ այս խայտառակությանը չի արձագանքում Կոտայքի մարզպետարանը և հատկապես ՀՀ կառավարությունն՝ ի դեմս Տարածքային կառավարման և զարգացման նախարարության: Թե՞ միտումնավոր են լռում և սպասում ժողովրդի արձագանքին: Եթե ժողովուրդը լռի, ապա կանցնեն տեղանունների մասսայական փոփոխման գործընթացին: Երևանի, Գյումրու, Վանաձորի, Գորիսի և այլ քաղաքների շատ թաղամասեր, ինչպես նաև ՀՀ-ի ամբողջական բնակավայրեր կվերանվանվեն նորաթուխ հեղինակությունների, օլիգարխների, քրեածին էլեմենտների, նրանց հայրերի, մայրերի և այլնի անուններով:
Քանի դեռ «ֆրոնտիկացման» գործընթացը համընդհանուր բնույթ չի ստացել, ՀՀ իշխանություններն անհապաղ այն պետք է քոքահան անեն: Պարոն Ֆրոնտիկին էլ կարելի է ասել, որ ըստ օրենքի՝ իր անունով փողոց, դպրոց և այլն կարելի է անվանակոչել միայն նրա մահանալուց 10 տարի անց:
Հ.Գ. Այս ամենի մեջ մի դրական բան կար: Մեր բախտը բերել է, որ «միկոյանոտ» գյուղապետի հայրիկը Հայրենական պատերազմից է եկել և իր որդուն Ֆրոնտիկ է անվանել: Պատկերացնում եք, եթե նա գար Հոնդուրասից, Վորկուտայից կամ Ծծաշատի մոտից:
Իսկ եթե լուրջ, ապա մարդ չգիտի ծիծաղի, թե լացի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել