Artsakhpress.am-ը գրում է.

Չինաստանի Ցզյանսի նահանգում թռչնագրիպի H7N9 վիրուսով մարդու վարակվելու նոր դեպք է արձանագրվել:

Առողջապահության եւ ընտանիքի պլանավորման տեղական հանձնաժողովի տվյալներով՝ վիրուսը հայտնաբերել են հունվարի 8-ին, Ֆենսինի 55-ամյա բնակչուհու մոտ: Կնոջ վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ նա բուժվում է Նանչան քաղաքի հիվանդանոցում:

Հունվարի 7-ին Ցզյանսիում H7N9 վիրուսով վարակվելու եւս 3 դեպք էր գրանցվել:

Բացի այդ, Սինհուա գործակալության տվյալներով, հունվարի 7-ին վարակի մեկական դեպք գրանցվել է Հունան եւ Շանդուն նահանգներում, ինչպես նաեւ Շանհայ քաղաքում:

Մարդու մոտ H7N9-ով վարակի առաջին դեպքը Չինաստանում հայտնաբերվել է 2013 թվականի մարտին:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ թռչնագրիպը թռչունների ինֆեկցիոն հիվանդություն է, որը հաճախ ընթանում է առանց ակնհայտ ախտանշանների: Որոշ դեպքերում վիրուսը կարող է հիվանդություն կամ առանց ախտանշանների ինֆեկցիա հարուցել մարդկանց եւ կենդանիների մոտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել