Artsakhpress.am-ը գրում է.

Հայաստանն անհերքելի ապացույցներ ունի, որ ադրբեջանական կողմը Տավուշի մարզի ուղղությամբ դիվերսիոն ներթափանցման փորձ է իրականացրել: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Անհերքելի ապացույց է այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության տարածքում մնացել է ադրբեջանցի հատուկջոկատայինի դին»,- նշեց Շարմազանովը:

Նա հավելեց, որ միջազգային հանրությունից և հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից ակնկալում են առնվազն ՀԱՊԿ նախագահի հայտարարության մակարդակի, կամ ավելի խիստ ու հասցեական հայտարարություն: «Արդեն ժամանակն է իրերը կոչել իրենց անուններով: Եթե Ադրբեջանը խախտել է զինադադարի պայմանները, դիվերսիոն գործողություն է իրականացրել, ինչի հստակ ապացույցները կան, մենք ակնկալում ենք, որ Մինսկի խմբի համանախագահությունը հստակ գնահատական կտա, որովհետև ընդհանուր գնահատականները կամ լռությունը ավելի լկտի են դարձնում Ադրբեջանին»,- ընդգծեց Շարմազանովը:

Նա հավաստիացրեց, որ հայկական զինված ուժերը իրականացրել և իրականացնելու են իրենց վրա դրված պարտավորությունները: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել