Artsakhpress.am-ը գրում է.

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ Թուրքիան վերապրում է այնպիսի ծանր օրեր, որոնք ավելի «մութ ու խավար են», քան 1980թ.-ի ռազմական հեղաշրջումը, որը Թուրքիայի պատմության մեջ համարվում է ամենաարյունալին:

Այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:

Քըլըչդարօղլուն նշել է, որ իշխանությունների ներկայիս պահվածքը դավաճանություն է Թուրքիայի ժողովրդավարության հանդեպ, և հավելել է, որ երկրում սահմանված արտակարգ դրության պայմաններում հանրաքվե (նկատի ունի կառավարման նախագահական համակարգի անցնելու առաջարկի վերաբերյալ գարնանը սպասվող հանրաքվեն) անցկացնելը հակաժողովրդավարական ու անօրինական է, քանի որ նման պայմաններում մամուլը չի կարող ազատ ու անկաշկանդ լուսաբանել հանրաքվեի ընթացքը: 

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել