«Նվիրիր կյանք» հիմնադրամի և առաջին տիկին Ռիտա Սարգսյանի անմիջական մասնակցությամբ վերջերս վերանորոգված ու հեքիաթային վերակերպում ստացած  Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում այսօր Ամանորի հեքիաթն էր թագավորում:

Հիվանդանոցում բուժում ստացող երեխաներն ի նշան իրենց երախտիքի՝ բեմադրություն էին կազմակերպել Երևանի Ն.Զարյանի անվան թիվ 130 հիմնական դպրոցի կոլեկտիվի համար: Անցնող տարվա ընթացքում դպրոցի աշակերտները բարեգործական համերգ կազմակերպեցին, որից ստացված ողջ հասույթը փոխանցեցին «Նվիրիր կյանք» հիմնադրամին: Այնուհետև դպրոցի ծնողական ու ուսուցչական կազմը արյունատվության ակցիա կազմակերպեց արյունաբանական կենտրոնում բուժվող լեյկեմիայով հիվանդ երեխաների համար, իսկ Ամանորի շեմին էլ հիվանդանոցին շքեղ զարդարված տոնածառ նվիրեցին:

Միջոցառմանը ներկա էին նաև «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի և ԱՆ-ի ներկայացուցիչներ, հիվանդանոցի անձնակազմն ու բուժում ստացող մյուս երեխաները:

«Ամեն տարի էլ մեր դպրոցը որևէ բարեգործական ծրագիր է իրագործում: Այս տարի այդ ծրագրով հավաքված գումարը փոխանցել ենք «Նվիրիր կյանք»-ին, ինչը շարունակական կլինի նաև հետագայում: Իսկ այսօրվա միջոցառումը մեզ իսկապես շատ է հուզել, մեզ համար սա լավագույն գնահատականն է»,- ընդգծում է Երևանի թիվ 130 հիմնական դպրոցի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը:

«Ուզում ենք օգնել երեխաներին, որովհետև տխուր է տեսնել, որ մենք առողջ ենք, իսկ նրանք՝ հիվանդ: Ուզում ենք, որ երեխաները զգան մեր մշտական ներկայությունն ու հավատան, որ մենք իրենց կողքին ենք ու կիսում ենք նրանց բոլոր դժվար և ուրախ պահերը»,- նշում է նույն դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Մերի Ավոյանը:

«Երբ հիվանդանոցում հայտնվեց այս գեղեցիկ տոնածառը, որոշեցինք մեր երեխաների հետ մի միջոցառում կազմակերպել Նաիրի Զարյանի անվան դպրոցի ուսուցչա-աշակերտական կոլեկտիվի համար ու հրավիրել նրանց: «Նվիրիր կյանք» հիմնադրամն  էլ հոգաց Ձմեռ պապիկին ուղղված մեր բուժում ստացող երեխաների նամակներն անձամբ տեղ հասցնելու հարցը: Ու ինչպես այսօր տեսանք, Ձմեռ պապն ու Ձյունանուշը երեխաների ոչ մի նամակ-ցանկությունը անկատար չեն թողել»,- նշում է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը:

Իսկ «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի տնօրեն Վերժինե Ոսկանյանը այսպես է խոսում դպրոցի նախաձեռնության մասին. «Հրաշալի մի կրթօջախ, որը մշտապես աչքի է ընկնում բարեգործական տարբեր նախաձեռնություններով: Դրական էմոցիաները, որոնք երեխաները ստանում են նման միջոցառումների շնորհիվ, հրաշալի կերպով անդրադառնում են նաև նրանց բուժման ցուցանիշների վրա: Ես շնորհակալ եմ տիկին Արմինե Հովհաննիսյանի ղեկավարած կոլեկտիվին՝ իրենց մարդկայնության ու այս երեխաների հանդեպ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար: Հրաշալի կլիներ, եթե այս դպրոցի օրինակը վարակիչ դառնար մյուս կրթօջախների համար»:

Արյունաբանական կենտրոնում շուրջ մեկ տարի բուժում ստացող փոքրիկ Անահիտի մայրիկը՝ Գոհար Նազարյանը նշում է. «Ուզում եմ անսահման շնորհակալությունս հայտնել առաջնահերթ տիկին Ռիտա Սարգսյանին՝ ամեն պահ մեր կողքին լինելու, մեզ աջակցելու համար: 

Սա այն խնդիիրն է, որը ոչ մի ծնող միայնակ չի կարող հաղթահարել: Ուզում եմ շնորհակալություն հայտնել հիվանդանոցի ողջ անձնակազմին: Հոգատար են թե՛ երեխաների, թե՛ նրանց ծնողների հանդեպ, ինչն էլ օգնում է հեշտ հաղթահարել բուժման տանջալի ճանապարհը: Շնորհակալ եմ նաև այս հրաշալի դպրոցի ողջ կոլեկտիվին: Այսպիսի միջոցառումներն օգնում են մեր փոքրիկներին մոռանալ բոլոր խնդիրները, հավատալ հրաշքներին ու նայել առաջ»:

Մնում է միանալ այս սրահում հավաքված բոլոր մարդկանց միավորող ամենամեծ ցանկությանն ու հավատալ, որ գալիք տարին այս փոքրիկների համար կլինի ապաքինման տարի, նամանավանդ, երբ նորակառույց ու տեխնիկապես գերհագեցած  արյունաբանական այս կենտրոնը քառապատկում է դրա հավանականությունը:

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել