Հայ ժողովրդի պատմությանը ծանոթացողի աչքից դժվար թե վրիպի մի երեւույթ, որը որքան անբնական է, այնքան էլ նողկալի է եւ մերժելի: Խոսքն այն մասին է, որ տարբեր դարերում հերոսականացվել են անձեր, որոնց գործունեության վերջնական արդյունքում մեր ժողովրդը ողբերգական իրողությունների մեջ է հայտնվել: Նշենք հատկապես մեր ժողովրդի ապագայի համար ճակատագրական դեր ունեցող երկու օրինակ.

ա) 374թ. մեր փառավորյալ բյուզանդամետ սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը բյուզանդացիների թելադրանքով սպանել տվեց մեր սակավաթիվ լայն մտահորիզոն ու հեռատեսություն ունեցող թագավորներից Արշակունի Պապ թագավորին: Երբ Պապին հաջորդած Վարազդատ թագավորը Մուշեղին պատժում էր, վերջինս անմեղսունակորեն չէր հասկացնում, թե ինչի՞ համար է սպանվում եւ, ինչպես Փավստոս Բուզանդն է վկայում, հարցական հայացքով թագավորի դեմքին էր նայում: Թագավորը պատասխանում է. «Գնա Պապ թագավորի մոտ, հարցրու եւ կիմանաս, թե ինչու»: Սա ասում եմ, ընդգծելու համար, որ Մուշեղը հենց դավաճանության մեղադրանքով է սպանվել: Իսկ հայ պատմագրությունը եւ գեղարվեստական գրականությունը հետագա դարերի ընթացքում Մուշեղին հերոսականացրել են՝ անտեսելով այս փաստը: Այնինչ Պապի սպանությունը դիտարկելով պատմական հետագա ընթացքի ենթատեքստում՝ տեսնում ենք, որ դրա հետեւանքով էր, որ մի 10-12 տարի անց կործանվեց Մեծ Հայքի վեցհարյուրամյա թագավորությունը, եւ հայ ժողովուրդն իր բնօրրանում այլեւս երբեք չունեցավ միասնական հայկական պետություն: Ազգային դավաճանությունը նողկալիագույն արարք է, եւ դավաճանը պետք է պատժվի եւ միմիայն անեծքով ու արհամարհանքով հիշվի:

բ)1022թ. Պետրոս Ա Գետադարձ կոչվող հայոց կաթողիկոսը երկիրն ու մայրաքաղաք Անին, ինչպես ասում են՝ «քյաշ փողով» վաճառեց Բյուզանդական կայսրությանը եւ փաստորեն անպատիժ մնաց: Իսկ հետագայի հայ պատմիչներն ու ուսումնասիրողները ավելի շատ նրա մտավոր կարողություններն են գովել, քան դատապարտել նրա դավաճանական կործանարար արարքը: Այս դավաճանության հետեւանքով հայոց հողերում հայերը երկար դարերով ապրեցին որպես դիմադրողականությունից զուրկ, իրավազուրկ եւ անտրտունջ ստրուկներ: Եւ միայն ինը հարյուր տարի անց իրենց Անկախությունը կարողացան հաստատել այդ հողերից սկզբնապես 10 հազար քառակուսի կիլոմետրի վրա: «Առակս զինչ ցուցանե»՝ ոչ մեկը, ինչքան էլ լավ բան արած լինի, չպետք է մտածի, որ ինքն «անփոխարինելի» է, ոչ մեկը, ինչքան էլ լավ բան արած լինի, չպետք է մտածի, որ իր դավաճանական արարքը «կներվի»: Մեկ է, ժամանակը ամեն մարդուն ի վերջո իր տեղն է դնելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել