Եթե Ձեր դեմքին պզուկներ կան, ապա փորձեք գիշերային դիմակներից մեկը: Օրինակ՝ շատ օգտակար կլինի օճառային դիմակը: Դրա համար միայն պետք է բարձրորակ օճառ: Խոնավացրեք մի կտոր և քսեք այնտեղ, որտեղ պզուկները տարածված են: Թողեք, որ օճառը չորանա դեմքի վրա և պառկեք քնելու: Առավոտյան լվացեք դիմակը տաք ջրով: Երկրորդ ազդեցիկ միջոցը կավից պատրաստված դիմակներն են: Վերցրեք 1թ/գ սպիտակ կավ, խառնեք այն կիտրոնի հյութի 10 կաթիլով և ավելացրեք 1ճ/գ կանաչ թեյ: Դիմակը քսեք նույն կերպ, ինչպես առաջին դեպքում էր նկարագրված:

Եթե Ձեզ մոտ պզուկները դեռ չեն տարածվել և դրանք դեմքի, պարանոցի, ուսերի առանձին հատվածներում են, ապա մի մոռացեք հիգիենայի տարրական կանոնների մասին. պետք է հաճախ փոխել դեմքի սրբիչը, բարձի երեսներն ու անկողնային մյուս պարագաները և հագուստը:

Չոր մաշկի համար կարելի է օգտագործել հետևյալ բաղադրատոմսը: Վերցրեք 1թ/գ կակաոի փոշի և տաք ջրով լուծեք այն, այնուհետև ավելացրեք 1թ/գ ձիթապտղի, նուշի և ծիրանի յուղ: Շատ բարակ շերտով դիմակը քսեք դեմքին և պառկեք քնելու: Առավոտյան զգուշությամբ լվացեք դեմքը կանաչ թույլ թեյով:

Չոր մաշկի համար առողջարար մյուս բաղադրատոմսը կաթնաշոռային դիմակն է: Դրա պատրաստման համար պետք է 2 ճ/գ բնական կաթնաշոռ և 1 ճ/գ բուսական կամ ձիթապտղի յուղ: Ստացված զանգվածին պետք է նաև ավելացնել մի պտղունց աղ և մի գդալ տնական կաթ: Մի օգտագործեք սառը մթերքներ. դիմակը պետք է պատրաստվի սենյակային ջերմաստիճանում: Բարակ շերտերով քսեք դեմքի վրա և առավոտյան ցանկացած խոտաբույսի թուրմով լվացեք դեմքը:

Նորմալ մաշկը նույնպես պետք է խնամել: Դրա համար շատ լավ միջոց է բանանից և մեղրից պատրաստված դիմակները: Հասած բանանի միջուկը մի լավ մանրացրեք և խառնեք 1 ճ/գ բնական մեղր: Բարակ շերտով քսեք դեմքին, թողեք՝ չորանա ամբողջ գիշեր: Առավոտյան տաք ջրով կարելի է լվանալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել