EXCLUSIVE

«ՀԱՅՔ» խմբի «Քամի փչի» երգը դեռ 2006 թվականին իսկական իրարանցում առաջացրեց հայկական երգարվեստում: Երգը կարճ ժամանակ անց հիթ դարձավ. այն շատերի ռինգտոնն էր, ակումբների ամենապահանջված երգը և երաժշտական տասնյակների առաջատարը: Երգի ստեղծումից տասը տարի անց խմբի անդամ Նարեկ Պետրոսյանը որոշեց հիշեցնել ժամանակին սիրված երգը, բայց այս անգամ մի քիչ այլ մոտեցմամբ:

«Նախագծի գաղափարը իմն էր, հիշեցի, որ երգի պրեմիերան տասը տարի առաջ էր եղել: Որոշեցի երաժշտական մասին ձեռք չտալ, որպեսզի բնօրինակից չտարբերվի»,- BlogNews.am-ի հետ զրույցում պատեց Նարեկը, ով խմբի նախկին անդամներին ևս առաջարկել է մասնակցել նախագծին, բայց. «Ով ցանկացավ մասնակցել, մասնակցեց, իսկ ով չուզեց, չմասնկացեց: Եղբայրս, ով ևս խմբում էր, այլևս ոչ մի կապ չունի երաժշտության հետ, իսկ մնացածը հրաժարվեցին, միայն Հրանտոն համաձայնվեց: Ասեմ, որ խնդիրը տարաձայնության մեջ չէ, պարզապես չուզեցին և չպատկերացրին իրենց այս նախագծում»:

«Քամի փչի» երգը կկատարեն Արամեն, Գևորգ Մարտիրոսյանը, Աստղիկ Սաֆարյանը, Արամ mp3-ը, Գրիշա Աղախանյանը, Հրանտոն, Նարեկ Պետրոսյանը, Անի Քրիստին, Սոնա Ռուբենյանը: Ձայնագրությունն արվել է PlayBack ստուդիայում, ռեժիսորը Զորայր Հակոբյանն է, իսկ երգիչներին Նարեկը ընտրել է հետևյալ սկզբունքով. «Հատուկ քասթինգ չի եղել, պարզապես ընտրել եմ այն մարդկանց, ում հետ ես ընկերություն եմ անում և համագործակցում եմ: Բոլորի առջև խնդիր էի դրել, որ երգեն ոչ թե այնպես, ինչպես լսել են, այլ իրենց մոտեցումը ցույց տան: Երգի հին տարբերակը չէ, բայց տրամադրությունը նույն է: Ըստ իս՝ լավ է ստացվել»:

Իսկ այն հարցին՝ արդյոք սպասու՞մ է, որ երգը նույնքան կսիրվի, ինչպես որ նախկինը, Նարեկը պատասխանեց. «Չեմ սպասում՝ անկեղծ ասած, չնայած այն ժամանակ էլ չէի սպասում, որ այդպիսի արձագանք կստանա: Այս պահին շատ կանխատեսումներ չունեմ, սա պարզապես նոստալգիա է, որ ես ցանկանում եմ իմ պատմության մեջ լինի: Այս երգը շատ մարդկանց շատ բան կհիշեցնի: Այս երգը որքան էլ մեր երգն է, նույնքան էլ ուրիշներին է, և շատ մարդիկ կցանկանան լսել նոր ձևով: Հա՛մ մեզ, հա՛մ ձեզ»,- եզրափակեց Նարեկը:

Ի դեպ՝ ավելացնենք, որ տեսահոլովակի պրեմիերան կկայանա դեկտեմբերի 21-ին :)

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել