Հայկական շոու-բիզնեսի 2016-ը համագումարի բերելու համար բոլորովին էլ պարտադիր չէ հասնել ԱՄՆ կամ Մոսկվա, թանկարժեք բեմահարթակ վարձել, որպեսզի պարզես՝  ո՞վ աշխատեց, ո՞վ գլուխ պահեց: Ակնհայտ է, որ փոփ-երաժշտությունը ներկայացնող  հայ հայտնիների մեծամասնությունը այս տարի իրոք «գլուխ պահեց»:  

Շատ հայտնիներ, մանավանդ փոփ-երաժշտության ներկայացուցիչները իրենց լսարանին ու երկրպագուներին «սնեցին» ոչ թե նոր երաժշտական ստեղծագործություններով, համերգներով ու տեսահոլովակներով, այլ դատարկաբանությամբ՝ սելֆի-բելֆիներով, օդից բռնած «ալյա» սկանդալներով և իհարկե՝ ֆեյսբուքյան «վեհանձն» ստատուսներով: Սակայն կային և այնպիսի արտիստներ, ովքեր իրոք ողջ տարին մեղվի պես աշխատեցին՝ փոխարենը նաև մեծ գումարներ վաստակելով:

Ներկայացնում ենք հայկական շուբիզնեսի 2016թ. «գերազանցիկներին», ովքեր իսկապես գոհացրեցին իրենց լսարանին:

Ռազմիկ Ամյան

Ռազմիկին Երևանում բռնացնելը բարդ գործ էր ողջ տարվա ընթացքում: Նա մենահամերգներով շրջագայությունների էր, առանց չափազանցության,  աշխարհով մեկ: Ռազմիկը եղել և ողջ տարվա ընթացքում էլ  շարունակել է մնալ հարսանիքների, կնունքների  ու ծնունդների ամենապահանջված կատարողներից մեկը ու նալի-մեխի արանքում էլ հասցրել է գրել երկու մեգահիթ, թողարկել դրանց սինգլները և նկարահանել երեք տեսահոլավակ՝ սեփական ստեղծագործությունների հիման վրա: Նոյեմբերին Ռազմիկը մենահամերգ է ունեցել նաև Երևանում, ու  եթե հաշվի առնենք, որ ապրիլյան պատերազմի օրերին էլ Ռազմիկը կիսատ է թողել ՌԴ-ով իր տուրնեն ու մեկնել առաջնագիծ՝ տղաներին իր երգով ոգևորելու համար, ապա նա միանշանակ ոչ միայն տարվա գերազանցիկ է, այլ նաև տարվա ամենաթասիբով «դասարանի տղան»:

Լիլիթ Հովհաննիսյան

Լիլիթին ողջ տարվա ընթացքում պարապ չտեսանք: Նա մենահամերգներով շրջագայեց Եվրոպայում, ՌԴ-ում և ձեռքի հետ էլ շաբաթ չկար, որ կորպորատիվ չունենար: Այս ամենին զուգահեռ Լիլիթը իր հանդիսատեսին ներկայցրեց նաև երեք նոր երգ ու երեք նոր տեսահոլովակ:

Հռիփսիմե  Հակոբյան և Մարտին Մկրտչյան

Այս ընտանեկան տանդեմը  միասին ենք ներկայացնում, քանի որ նրանք միմյանց ուղեկցում են  իրենց բոլոր նախաձեռնություններում: Հռիփսիմեն տարվա ընթացքում ներկայացրել է երեք տեսահոլավակ՝ որոնցից երկուսը զուգերգեր են Հայկոյի և Մարտին Մկրտչյանի հետ: Իսկ Մարտինն էլ իր հերթին ներկայացրել է երեք նոր տեսահոլավակ՝ երեք նոր երգերի հիման վրա, ունեցել է մենահամերգներ արտասահմանում և իհարկե՝ կորպորատիվների քանակի առումով այս զույգը մրցակից չունի:

Սիրուշո

Սիրուշոյի արվեստը վերը թվարկված արտիստների արածից արմատապես է տարբերվում: Արմատապես՝ նախ «ԱՐՄԱՏ»-ի ֆորմատի առումով: Երգչուհին ամռանը թողարկեց «Գինի լից» սինգլը, իսկ հետո՝ նոր երաժշտական ալբոմ: Տարեսկզբին էլ երգչուհին նոր սինգլ թողարկեց, իսկ հետո էլ համանուն՝  «Մի թող ինձ մենակ»  տեսահոլովակը: Կորպորատիվների ու ծնունդ-հարսանիքների երգչուհին չի մասնակցել, փոխարենը նոր ալբոմի պրեզենտացիայով այս պահին էլ շրջագայում է աշխարհով մեկ:

Ահա հայկական փոփի այն ներկայացուցիչները, ովքեր տարվա ընթացքում իսկապես աշխատել են: Ձեր ճաշակով են նրանց գործերը, թե ոչ՝ սա արդեն ամեն մարդ ինքն է իր համար որոշում: 

Նյութը BlogNews.am-ի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել