Ես սովորություն չունեմ չոր արտահայտվել առանձին անհատների ու անգամ քաղաքական ուժերի մասին, բայց այն հայտարարությունները որոնք հնչում են ՀԱԿ-ից վերջին մի երկու օրվա մեջ, պարզապես փաստում են, որ երբեմնի ժողովրդական շարժումն այսօր իրենից ներկայացնում է ստոր ու նախանձ անհաջողակների ինչ-որ պիղծ ակումբ, որտեղ վաղուց արդեն կորցրել են կապն իրականության հետ, դե իսկ ադեկվատության մասին խոսք լինել չի կարող։  
Այլ կերպ ես չեմ կարող մեկնաբանել այն խոսակցությունները, որ ՀԱԿ-ը երեկ հրաժարվեց իր հանրահավաքից, քանի որ եթե իրենք ժամը 18:00-ին հանրահավաք անեին եւ երթով գնային Մյասնիկյանի հրապարակ, հնարավոր է՝ այնտեղ լիներ Րաֆֆի Հովհաննիսյանը, եւ եթե իրենք այնտեղ տեսնեին Րաֆֆուն, ապա ստիպված էին լինելու շնորհավորել նրան հաղթանակի կապակցությամբ: Դա կնշանակեր, որ ՀԱԿ-ը ճանաչում է Րաֆֆուն՝ որպես ընդդիմության նոր առաջնորդ: Բայց իրենք, կանխազգալով դեպքերի նման զարգացումը, կարողացան խուսափել այդ վիճակից։
Մյուս կողմից էլ զզվանք է առաջացնում ՍԴՀԿ համակարգող, ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը, ով «Առավոտին» տված հարցազրույցում հերթական անգամ սկսեց պախարակել ու փնովել Րաֆֆի Հովհաննիսյանին՝ հայտարարելով, որ նա իսկական ընդդիություն չէ ու ընդհանրապես, հիասթափացնելու է ժողովրդին՝ չարդարացնելով մարդկանց սպասումները։ Ավելին, այս մարդը հայտարարում է, որ Րաֆֆու կռիվը աթոռի համար է ու դեռ մի բան էլ կոչ է անում ընդդիմադիր քաղաքացիներին չհիասթափվել, երբ Րաֆֆին ֆիասկո ապրի։
Եղիազարյանին պետք է չոր հարցադրում անել, թե այս ՀԱԿ-ն ի՞նչ է արել ու ի՞նչ սպասում է արդարացրել այս 5 տարիների մեջ։ Քանի՞ անգամ փոխեց իր դիրքորոշումը, ու քանի հոգի դավաճանված զգացին իրենց: Եղիազարյանին պետք է հարցնել, թե արդյո՞ք այդ ՀԱԿ-ը չէ, որ Եղիազարյանների ու Զուրաբյանների նման գործիչների ջանքերով այսօր մի քանի բեկորների է բաժանվել, ու արդյո՞ք այդ նույն ՀԱԿ-ը չէր, որ այդուհանդերձ ստացավ պատգամավորական աթոռներ այն դեպքում, երբ տարիներ շարունակ բողոքում էին իշխանական ինստիտուտների ոչ լեգիտիմությունից։ Ու վերջապես, այդ ո՞ւմ հետևից պետք է գնա չհիասթափված ընդդիմադիր քաղաքացին, մի՞թե Ձեր՝ չկայացած արկածախնդիրների ու անհաջողակ նիհիլիստների գոյացության վերածված ՀՀՇ-ՀԱԿ-ի... Ծիծաղելի է պարզապես։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել