Այնպես որ գտեք ձեր կյանքի իմաստը, սիրեք և մի´ սպասեք աշխարհի վերջին, որը ո´չ 2012-ին է լինելու, ո´չ 50-ին, ո´չ էլ երբևէ. այն հենց ա´յն պահին է, երբ դադարում եք ապրել, սիրել, երազել և սպասում եք աշխարհի կործանմանը: Ապրում ենք այնքան ժամանակ, որքան սիրում ենք. սերն է և´ մեր կյանքը, և´ դրա իմաստավորման միակ բանաձևը: Այլ լուծումներ մի էլ փնտրեք, ապարդյուն է, ժամանակի զուր վատնում: Սիրեք, խենթացեք միայն սիրուց, և թող ձեր սերն առողջ պտուղներ տա, որոնք ապրեցնում են և կյանքի շարունակականության երաշխիքն են:

Իմ շատ սիրելի, հավատարիմ «Ես»-ասերներ, հիշեցի ուղիղ մեկ տարի առաջ խմբագրականում գրածս տողերը և համոզվեցի խոսքերիս ճշմարտացիության մեջ: Այսօր էլ այդ կարծիքին եմ. չսխալվեցի այն ժամանակ, երբ համոզված էի, որ 2012-ին աշխարհի վերջ չի լինելու, որ մեր օրերում առնվազն միամտություն է, եթե չասեմ հիմարություն է, մայաների օրացույցով ու կանխատեսումներով առաջնորդվելը: Կյանքն այնքան կարճ է` վատնելու աշխարհի վերջին սպասելու և տագնապներով ապրելու համար:
Բարեբախտաբար, մենք շարունակում ենք ապրել և վայելել կյանքն իր բոլոր դրական ու բացասական դրսևորումներով: Եվ քանի որ հունվարն ու փետրվարը սիրառատ տոների ամիսներ են, ևս մեկ առիթ` տրվելու սիրո նման հրաշագործ զգացմունքի տարերքին: Ես հավատում եմ սիրուն և դրա հրաշագործ ազդեցությանը. սերը բուժում է, ոգեշնչում, խթանում և ապրեցնում: Նկատել եմ, որ այն մարդիկ, ովքեր չեն սիրում (սեր ասելով` նկատի չունեմ միայն հակառակ սեռի նկատմամբ ունեցած զգացմունքը), նրանք անտարբեր են, սառը և ագրեսիվ:
Սիրո թեմատիկայով նամակներ հաճախ եմ ստանում, երբ մարդիկ ինձ հետ անկեղծանում են և պատմում իրենց սիրո պատմությունները: Այսօր էլ ստացա այդպիսի մի նամակ, որով մի աղջիկ իր տարակուսանքի և մտավախությունների մասին է հայտնում: Մի բան հաստատ է, այն, որ կյանքում ոչինչ միարժեք հաստատ չէ: Այնպես որ, սիրելիս, պետք չէ գլուխը լցնել երկմտանքով, զանազան կասկածներով և այն ամենով, ինչը խանգարում է վայելել զգացմունքն ամբողջությամբ: Սիրեք և մի´ վախեցեք` ճի՞շտ եք կամ արդյոք ճի՞շտ ընտրություն եք կատարել, ժամանակը կտա ձեր հարցերի պատասխանը: Կյանքը մաթեմատիկական հաշվարկ չէ, եթե ամեն բան կարողանայինք կանխատեսել և ըստ հաշվարկների ապրել, ապա մեր կյանքը տաղտկալի և անհամ կդառնար: Սերը և´ հաճելի պահեր ունի, և´ դժվարին ճանապարհ անցնելու ցավ, բայց մի´ վարանեք անցնել այդ ուղին: Վախենալ սիրել և գնալ սիրո հետևից նույնն է, թե վախենալ ապրել: Դուք չեք մտածում, չէ՞, ապրել թե ոչ, շնչել թե ոչ և ուրեմն պետք չէ մտածել նաև սիրո մասին, պարզապես պետք է զգալ` սիրել ու ապրել այն ամեն վայրկյանը, որ Տերն է շնորհել մեզ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել