EXCLUSIVE
Արդեն քանի օր է՝ համացանցն ակտիվորեն քննարկում է մոսկվաբնակ 6-ամյա հայ փոքրիկի՝ Ալեքսանդր Բեյլերյանի ելույթը ռուսական Առաջին ալիքի «Лучше всех» հեռուստաշոուի ժամանակ, որտեղ բացահայտվում են երեխաների տաղանդներն ու արտասովոր կարողությունները:
Ալեքսանդրը զարմացրեց ու հիացրեց շոուի հաղորդավար Մաքսիմ Գալկինին և հանդիսատեսին 6 տարեկան երեխայի համար իր անսովոր ունակություներով և անկաշկանդ պահվածքով: Այդ տարիքում նա տիրապետում է մի քանի լեզուների, ասմունքում և երգում այդ լեզուներով:
Շոուին ներկա էր նաև Ալեքսանդրի հայրը՝ Հայկ Բեյլերյանը, ում հետ էլ կապ հաստատեց BlogNews.am-ը:
Երաժշտության հանդեպ իր սերը փոքրիկ Ալեքսանդրը ժառանգել է ծնողներից: Հայրը՝ Հայկ Բեյլերյանը, երաժիշտ է, դաշնակահար, սակայն այժմ ելույթներ չի ունենում: Նա ավարտել է Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցը, ապա կրթությունը շարունակել է Ռուսաստանի Գնեսինի անվան երաժշտական ակադեմիայում: Մայրը՝ Եկատերինան, ևս դաշնակահարուհի է: Նա ավարտել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան:
Հայկ Բեյլերյանի կատարումներից մեկը
Ալեքսանդրն ընտանիքի միակ երեխան է: Դեռ վաղ մանկությունից Ալեքսանդրի մոտ նկատվում էր բացառիկ երաժշտական լսողություն: Նա կարողանում է առանց գործիքի գուշակել նոտաները և անմիջապես երգել ու երգը շարունակել լսած նոտայից: Դա հազվադեպ հանդիպող երևույթ է անգամ բացարձակ մաքուր երաժշտական լսողություն ունեցող մարդկանց մոտ:
Ծնողները երեխայի մոտ նկատել են նաև լավ զարգացած հիշողություն. 3,5 տարեկանում նա արդեն անգիր գիտեր Պուշկինի «Ոսկե աքաղաղի մասին հեքիաթը»:
Շոուի ժամանակ Ալեքսանդրը ռուսերենով և բնագրի լեզվով արտասանեց Շեքսպիրի «Համլետը», երգեց ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, լատիներեն, գերմաներեն և իտալերեն: Փոքրիկի ելույթով հիացած հայ հանդիսատեսը սկսեց քննարկել, թե ինչու երեխան ոչ մի բառ չասաց հայերեն լեզվով, և արդյո՞ք նա գիտի իր մայրենի լեզուն:
Այս հարցին ի պատասխան՝ Ալեքսանդրի հայրը մեզ ասաց.
«Ճիշտ է՝ Ալեքսանդրը ծնվել է Մոսկվայում, բայց ամեն տարի ամռանը նա Հայաստանում է լինում, այցելում է Երևանում բնակվող իր պապիկին և տատիկին, ովքեր նույնպես երաժիշտներ են: Նա տիրապետում է հայերեն լեզվին: Խոսում և կարդում է այդ լեզվով: Բայց քանի որ ապրում է Մոսկվայում և պայմանավորված իր լեզվային միջավայրով՝ ավելի լավ տիրապետում է ռուսերեն լեզվին: Անգլերեն կարողանում է կարդալ և խոսել առօրյա խոսակցական մակարդակով: Կարողանում է կարդալ նաև ֆրանսերեն, իսկ մյուս լեզուներով միայն երգում է»:
Երեխայի հետ լեզուներով զբաղվում է նրա հայրը. նրան երբեք ոչինչ սովորել չեն ստիպում, այդ ամենն արվում է խաղային ձևով և միայն այն ժամանակ, երբ երեխան ինքն է ուզում:
«Շեքսպիրի «Համլետը» բնագրով սովորելու ժամանակ կային բառեր, որոնց թարգմանությունը նույնիսկ ես չգիտեի,-անկեղծանում է Հայկ Բեյլերյանը,- ստիպված էինք բառարանների օգնությանը դիմել: Բայց Ալեքսանդրը «Համլետն» անգլերենով անգիր չի սովորել, նա շատ լավ հասկանում է ցանկացած արտասանած բառի նշանակությունը ռուսերենում: Ինչ վերաբերվում է սովորած երգերի բառերին, դրանք արդեն ինքն է համացանցում որոնում և կարդում թարգմանությունները»:
Բացի երաժշտությունից և լեզուներից՝ փոքրիկ Ալեքսանդրը ջրային զվարճանքների մեծ սիրահար է: Երևանում անպայման այցելում է Ջրաշխարհ: Սիրում է նաև կոնստրուկտորային խաղեր: Սովորել է Excell-ի աղյուսակներից օգտվել, իհարկե, դեռ չի տիրապետում բանաձևերին, հիմնականում տարբեր նախշեր է նկարում: Դպրոցում իր հասակակիցներից առանձնանում մաթեմատիկական հաշվարկները շատ արագ կատարելով: Նրան բոլորը սիրում են ու ճանաչում:
Ալեքսանդրի ծնողներն իր փոխարեն չեն ընտրում երեխայի ապագան ու ապագա մասնագիտությունը. կզբաղվի այն ամենով, ինչն իրեն հոգեհարազատ կլինի: Կընդունեն և կհամաձայնվեն որդու ցանկացած որոշման հետ: Կարևորը՝ երջանիկ լինի:
Նյութը պատրաստեց՝ Անի Հակոբյանը
Լուսանկարներն ու տեսանյութերը ընտանիքի անձնական արխիվից