Ցուրտ ամիսներին զբոսանքի դուրս գալով՝ մենք կարող ենք ոչ միայն մրսել, այլ նաև ցրտահարվել՝ մեծ վնաս հասցնելով մեր մաշկին։

BlogNews–ը առաջարկում է ծանոթանալ ուղեցույցների, որոնք շնորհիվ դուք կիմանաք, թե ինչ անել ցրտահարության դեպքում։

Որոշեք ցրտահարության աստիճանը

Մակերեսային ցրտահարում


Այս դեպքում ցրտահարվում է միայն մաշկը, և տեղի է ունենում արյունատար անոթների սպազմ։ Դրա արդյունքում մաշկի այդ հատվածը կա՛մ գունազրկվում է, կա՛մ էլ կարմրում է։ Այն ուղեկցվում է թմրածությամբ, ցավով և ծակոցների զգացողությամբ։ Եթե ցրտահարումը մակերեսային է, ապա ձեռքը տաքացնելով դուք կազատվեք բոլոր ախտանիշներից։

  • Երեխաներն ավելի շուտ են ցրտահարվում, քան մեծահասակները։
  • Առավել հաճախ ցրտահարվում են մարմնի բաց մասերը՝ ականջներ, քիթ, այտեր, ձեռքերի մատներ։

Թեթև ցրտահարում


Չնայած որ այս ցրտահարման ախտանիշները շատ տհաճ են, կարիք չկա անհանգստանալու. այն հեշտությամբ բուժվում է։ Այս դեպքում մաշկը կորցնում է զգայունությունը, դառնում է սպիտակ կամ մոխրագույն, կոշտանում է, ցավում է կամ պուլսացիայի է ենթարկվում։ Երբեմն առաջանում են ջրով լի բշտիկներ, սակայն օրգանիզմի հյուսվածքները չեն մահանում, և վերականգնումը մեծ խնդիր չի դառնում։

Ծանր ցրտահարում


Դժվար չէ հասկանալ, որ սա ցրտահարման ամենածանր աստիճանն է։ Մաշկը գունատվում է, կոշտանում և նմանվում է մոմի։ Մարդը զգում է զգայունության կորուստ և թմրածություն։ Երբեմն մաշկի վրա առաջանում են արյունով լի բշտիկներ, կամ մահացած մաշկն անջատվում է և դառնում մոխրագույն կամ սև։

  • Ծանր ցրտահարման դեպքում տուժում են մկանները և ոսկորները։ Մաշկը մահանում է, և բարձրանում է հյուսվածքների մահվան հավանականությունը։

Ցրտահարության բուժում

1. Մի՛ տրորեք ցրտահարված մաշկը


Նկատելով ցրտահարության նշանները՝ անմիջապես մտեք որևէ տաք սենյակ և տաքացրեք ցրտահարված մաշկը։ Ձեռքերը դրեք թևատակերում, իսկ դեմքը ծածկեք չոր ձեռնոցներով։ Դրանից հետո ոչ մի դեպքում թույլ մի՛ տվեք, որ ցրտահարված մաշկը շփվի ցածր ջերմաստիճանով իրերի հետ և ոչ մի դեպքում մի՛ տրորեք ցրտահարված մաշկը, քանի որ դա կարող է էլ ավելի ծանր վնասներ հասցնել։

2. Ցավազրկող ընդունեք


Եթե Ձեզ մոտ ծանր ցրտահարում է, ապա տաքացման գործընթացը կարող է ցավեր առաջացնել։ Առավել անցավ գործընթացի համար ցավազրկող ընդունեք․ ցանկալի է, որ դա Իբուպրոֆեն լինի։ Մասնագետները արգելում են ասպիրինի ընդունումը, քանի որ դա կարող է խանգարել վնասված հյուսվածքների վերականգնմանը։ Ոչ մի դեպքում չգերազանցեք դեղամիջոցների թույլատրված չափաբաժինը։

3. Զգուշորեն տաքացրեք մաշկը գոլ ջրում


Ջրի օպտիմալ ջերմաստիճանը 40-42 աստիճանն է։ Ձեզ կթվա, որ ջուրը շատ տաք է, սակայն դա այդպես չէ։ Հնարավորության դեպքում ջրի մեջ ավելացրեք հակաբակտերիալ օճառ՝ վտանգավոր վարակներից խուսափելու համար։ Ջրում մնացեք 15 րոպե (ծանր ցրտահարման դեպքում մինչև 1 ժամ)։ Կրակի կամ այլ ջերմարտադրող սարքերի մոտ տաքանալը հակացուցված է, քանի որ այդ պարագայում դուք չեք կարող կառավարել տաքացման գործընթացը։

4. Չի կարելի ալկոհոլ օգտագործել


Սպիրտային խմիչքները զգալիորեն նվազեցնում են ցրտի զգայունությունը և խանգարում են ժամանակին նկատել ցրտահարությունը։ Բացի այդ՝ արբած լինելը չի թողնի պատշաճ կերպով կառավարել վերականգնման գործընթացը։ Վերականգնվող մաշկը պետք է սկզբում դառնա վարդագույն կամ կարմիր, իսկ հետո դանդաղ վերադառնա իր բնական գույնին։

5. Անհրաժեշտության դեպքում դիմեք բժշկի


Եթե մաշկի վնասված հատվածը չի վերադառնում բնական վիճակին 24 ժամի ընթացքում, ապա անպայման դիմեք բժշկի խորհրդատվությանը։

Ընդհանուր խորհուրդներ

1. Կրեք բազմաշերտ հագուստ


Ցրտահարումից կարելի է պատշպանվել մի քանի շերտ հագուստ կրելով։ Ցանկալի է օգտվել այնպիսի հագուստից, որը ջրակայուն և ջերմամեկուսիչ է։ Մի՛ մոռացեք պատշաճ կերպով պաշտպանել պարանոցը և գլուխը։

2. Տանից դուրս գալուց առաջ լավ սնվեք


Ցուրտ ամիսների երկար ժամանակով դուրս գալուց առաջ լավ սնվեք։ Սնունդի պակասը և հոգնածությունը կարող են թուլացնել օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները և դառնալ ցրտահարության պատճառ։

3. Ցուրտ եղանակին մի՛ ծխեք


Ծխելու ժամանակ նեղանում են արյունատար անոթները, և պակասում է արյան հոսքը դեպի վերջույթներ։ Այդ իսկ պատճառով ծխողները առավել հաճախ են դառնում ցրտահարության զոհ։

4. Մի՛ օգտագործեք խոնավ կոսմետիկա


Ինչպես հայտնի է, ցուրտը չորացնում է մաշկը, այդ իսկ պատճառով տանից դուրս գալուց առաջ չի կարելի օգտագործել ջրի հիման վրա ստեղծված քսուքներ կամ կոսմետիկա։ Խոնավեցնող քսուքը պետք է փոխարինել սնուցող քսուքով, սակայն սնուցողը նույնպես պետք է քսել տանից դուրս գալուց առնվազն մեկ ժամ առաջ։ Դեմքը պատշտպանելու համար պետք է օգտվել հատուկ կոսմետիկ միջոցներից։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել